Ջեքսոնն ու զուռնան “Նոր ալիքում” տղաներին հաղթանակ բերեցին:)
Նրանք դեռ 12-13 տարեկան են ու մեծանում են` “Deep Purple”, “System of a Down”, Մայքլ Ջեքսոն լսելով: Փոփի արքան ու “Black or White” երգին “խառնած” զուռնան իր հայ ֆանատներին հաջողություն բերեց:): “Ճիշտն ասած` մի փոքր մեզ աստղ զգացինք այդ պահին, շատ ուրախ ենք”,- ասում են Ռազմիկն ու ընկերները, ովքեր օրերս հաղթանակով են վերադարձել Ղրիմի “Արտեկ” ճամբարում կայացած մանկական “Նոր ալիք 2010” երգի միջազգային մրցույթից:
Տղաները օգոստոսի 20-ից 22-ը տեղի ունեցած “Նոր ալիք”-ի 13 տարեկանների խմբում առաջին տեղը կիսել են ուկրաինուհի Վիկտորիա Պետրիկի հետ, հիմա էլ պատրաստվում են մանկական “Եվրատեսիլի” նախընտրական փուլին մասնակցել:):
“Ռազմիկ եւ ընկերներ” խմբի վոկալիստ Ռազմիկ Աղաջանյանը չի ցանկանում Մայքլ Ջեքսոնի նման լինել, բայց վերջինի պես հայտնի դառնալու երազանք ունի:).“Մայքլ Ջեքսոնը սրտիս մեջ մեծ տեղ է գրավում: Չեմ հավատում, որ մահացել է, դա ընդամենը PR է: Շատ եմ սիրում նրան, շատ, շատ, խմբով սիրում ենք”:
“Լյա-լյա, լյու-լյու”-ն Ռազմիկի համար` անցած էտապ :)
13-ամյա, հիմնականում ռոքային ստեղծագործություններ լսող Ռազմիկը ցանկանում է փոփ, դասական ու ռեփ-ռոք ոճերում հանդես գալ, մանկական երգերն էլ, իր խոսքերով, արդեն անցած էտապ են:). “Փոքրուց ռոք եմ սիրում, երեւի հինգ տարեկանից “System of a Down”-ի հիթերն են սիրում, իրենց երաժշտությունը հոգուս մեջ է մտնում: Մեր տարիքում մանկական երաժշտությանն արդեն “լյա-լյա, լյու-լյու” են ասում, ճիշտն ասած` իրենց հերթին ճիշտ են ասում. պատկերացրեք` 13 տարեկան տղաներ լսում են Չեբուրաշկայի երգերը, դա մի քիչ...”:
“Կռվում էլ ենք, բայց լուրջ բան չկա”:)
Ռազմիկ Աղաջանյանի հետ հանդես եկող փոքր երաժիշտները պատասխանատու տղաներ են:): “Այդքան վստահ չէի, բայց հույս ունեինք, որ կարող ենք հաղթել: Պատասխանատվություն ենք ձեռք բերել, պրոֆեսիոնալ լինելու ձգտում է առաջացել: Ծովը, արեւը, հանգիստն էլ դուրս եկավ”,- ասաց 12-ամյա, հարվածային գործիքներ նվագող, երաժիշտ Արա Գեւորգյանի որդին` Դավիթը, ով նշում է, խմբի անդամներով կռվում էլ են. “Բայց լուրջ պատճառներ չեն լինում”:
“Մտքիս մեջ կրկնում էի` կրելու ենք”
Սոլո-կիթառ եւ ստեղնաշարային գործիքներ նվագող Ստեփան Թառոյանն էլ է ասում, որ “Ռազմիկն ու ընկերները” համերաշխ են. “Բայց երեխաներ ենք, գզվռտոցներ էլ են լինում են:)”: Ստեփանը երկու երգ է գրել, թեմաները ինքն է պարզաբանում:). “Սիրային երգեր գրելու համար փոքր չեմ, սիրելու համար` այո, մեկը մի քիչ սիրային է, մյուսը ռեփի տիպի”:
Փոքր երաժիշտը մրցույթից ստացած իր տպավորություններով էլ կիսվեց. “Թվում էր` բեմ ենք բարձրանալու, մարդ չի լինելու` ինչպես փորձերի ժամանակ: Երբ վարագույրը բացվում է, ուզես-չուզես պետք է չանհանգստանաս, քեզ հավաքես, կենտրոնանաս: Մտքիս մեջ կրկնում էի` կրելու ենք: Ես բրեք-դանս եմ պարում, կարատեի հաճախում, դեռ չեմ որոշել, բայց երեւի պարող երաժիշտ եմ դառնալու”:
“Խուճուճ բե՞նդ”:)
Խմբի բաս-կիթառահար Ռոբերտ Սիմոնյանը 12 տարեկան է, կարծում է` խմբի անվանումը կփոխեն. “Ընթացքում կփոխվի, հազարավոր տարբերակներ կան, օրինակ, “Խուճուճ բենդ”:): Ընկերներով երկար կնվագենք: Ես էլ լողով եւ յոգայով եմ զբաղվում”:
“Շատ ենք ափսոսում, որ չի լսել Մայքլ Ջեքսոնը”
“MI Production” ընկերության տնօրեն, խմբի պրոդյուսեր Միքայել Մարգարյանը Bravo.am-ին պատմեց, որ “Ռազմիկ եւ ընկերներ” խումբը անցյալ տարի է ստեղծվել մանկական “Եվրատեսիլին” մասնակցելու նպատակով: “Նոր ալիք”-ում երգերի փոփոխություն է եղել: “Ինչ-ինչ պատճառներով ֆորմատը փոխեցին, առաջին օրը մանկական, մուլտֆիլմի երգ պետք է ներկայացվեր, երկրորդը` ազատ: Ես էի նեղվում, անհանգստանում, իրենք պատրաստ էին ցանկացած երգ կատարել: Ռազմիկը երեք օրում ‘We will rock you”-ն շուտ ընկալեց: Բոլոր լեգենդար գործերին ծանոթ է, շատ լավ երաժշտական ճաշակ ունի, ինչը զարմացրել էր նաեւ ժյուրիին: Երաժշտական մասը, իհարկե, ֆոնոգրամա էր, բայց երեխեքը նվագում են, պատրաստ էին կենդանի կատարել”:
Խմբի պրոդյուսերը նշեց, որ տղաներին հաղթանակի համար դրամական պարգեւ չի հասել. “Որոշել են, որ չի կարելի երեխաներին փողով երես տալ, բայց շատ հոյակապ նվեր ստացանք, ձայնագրման մինի-ստուդիա, համակարգչային համակարգ ձայնագրություններ կատարելու համար: Հախճապակյա արձանիկը մինչ հանձնելը կոտրվել էր, Վիկտորիան էլ սայթաքեց ու կոտրեց: Առանց ալիքի տեսքով այդ գեղեցիկ մրցանակի մնացին հաղթողները, բայց խոստացել են ուղարկել:)”:
Միքայել Մարգարյանը պարզաբանեց` Մայքլ Ջեքսոնի երգում հայտնված զուռնայի պահը:). “Սինթեզել էինք ուրիշ առիթով: Ռեփի հատվածից խուսափելու համար պետք է մի բան մտածեինք, Լեւոն Թեւանյանը նվագեց զուռնայի մասը, հոյակապ “ֆիշկա” դարձավ: Շատ ենք ափսոսում, որ չի լսել Մայքլ Ջեքսոնը:): Ռեժիսորը` Ալեքսանդր Ռեւզինը, կրճատել տվեց դա, բայց բացատրեցինք` դա ազգային գործիք է, սինթեզատորի ձայն չէ, մնաց: Չհարթվեց ուրիշ բան, “We willl rock you”-ում էլ դհոլներ էինք ավելացրել, դա չընդունվեց ռեժիսորի կողմից, զուռնան անցկացրինք, դհոլը ոչ մի ձեւ չկարողացանք անցկացնել:)”:
“Ռազմիկն ու ընկերները” հյուրընկալվելու են հաջորդ տարվա մեծերի “Նոր ալիք”-ին: Յուրմալայում հավանաբար նաեւ երգելու առաջարկ կստանան. “Զուգերգ կկատարեն աստղերի հետ”:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: