Նորաոճ «Անուշ» օպերայի հայաստանյան ներկայացումներին BRAVO.am-ն անդրադարձել է: Անվանի ռեժիսոր Սերժ Ավետիքյանի բեմադրությունը վերջին օրերին դիտել են նաեւ Փարիզին հարակից Նանտեր քաղաքի «Ամանդյե» թատրոնում: Ֆրանսիայի մայրաքաղաքում թումանյանական մթնոլորտի տարածմանը հետեւել է մեր սեփական թղթակիցը:
Սերժ Ավետիքյանի բեմադրած "Անուշ" ներկայացմանը
Ինչպես ցանկացած նոր երեւույթ, «Անուշն» այստեղ եւս քննարկումների կիզակետում էր։ Սակայն «ավանդականի եւ նորամուծության բախումն» այս դեպքում միայն մի քանիսի ուշադրության կենտրոնում էր. գովեստների եւ քննադատությունների թեմաներն այլ էին. օրինակ, թարգմանության բարելավման անհրաժեշտություն, երաժշտության մեջ որոշ պահերի մոնոտոնություն, սրա հետ մեկտեղ հիանալի վոկալ եւ կատարում։
Մայիսի 22-ին տեղի ունեցած առաջին ներկայացմանը եկել էին ինչպես ֆրանսիացիներ, այնպես էլ ֆրանսահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնց թվում` Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը եւ ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը։ Վերջինս էլ մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորությունների մասին։
Ավետիքյանի "Անուշի" փարիզյան պրեմիերային
Նա հատկապես ուրախ էր, որ առաջին անգամ Ֆրանսիայում ներկայացվում է «Անուշը». «Իհարկե, սա ադապտացված, նորաձեւ տարբերակ է, բայց այն ֆրանսիական հասարակությանը տալիս է ստեղծագործությունը ճանաչելու մեծ հնարավորություն։ Այստեղ են եկել հենց ֆրանսիական մշակույթի կրողները եւ Սփյուռքի ներկայացուցիչները։ Այս տարբերակը հուզիչ է, բեմադրությունը` ժամանակակից, հրաշալի երգում են»,-ասաց նախկին նախարարը։
Սերժ Ավետիքյանի բեմադրած "Անուշ" ներկայացմանը
«Անուշ»-ի ավետիքյանական մեկնաբանությունը Պատրիկ Դեւեջյանի կարծիքով ժամանակակից թատրոնի եւ օպերայի մասն է կազմում, որտեղ անդադար կատարվում են ադապտացված տարբերակների ներկայացումներ.«Բեմադրիչները ստեղծագործությունները ներկայացնում են տարբեր լուծումներով: Եթե այս տարբերակը դուր չի գալիս, մեկ ուրիշը կարող է անել այլ մեկնաբանությամբ։ Սա նման է ջութակին. ոչ ոք Բախ չի հնչեցնում նույն տարբերակով, ցանկացած երաժիշտ նվագում է իր ոճով»:
Ականավոր քաղաքական գործիչն առանձնացրեց Հայաստանի պատկերներով լուսանկարների առկայությունը բեմում, ինչն ավելի էր գեղեցկացնում բեմադրությունը։ Ըստ նրա` ֆրանսիացի հանդիսատեսի համար պետք է բարելավել թարգմանությունը։
Տեքստը` Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները` BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: