×


«Կինոպարկ» կինոթատրոնը պաշտոնապես բացեց իր դռները :)

Երեւանյան կինոթատրոնների շարքը եկել է համալրելու “Կինոպարկ”-ը, որը հավակնում է դառնալ կինոսերների սիրելի վայրերից մեկը։ Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, “Երեւան մոլ” բազմաֆունկցիոնալ կենտրոնում պաշտոնապես բացվել է “Կինոպարկ” կինոթատրոնը: Նորաոճ ու ժամանակակից տեխնիկայով հագեցած կինոթատրոնում գործում է 6 կինոդահլիճ` ցուցադրության համար առաջադեմ հնարավորություններով: 6 դահլիճներից չորսն ունեն 119 նստատեղ, մեկը՝ 125, իսկ պրեմիումը, որը տարբերվում է կահավորմամբ, նախատեսված է 30 հանդիսատեսի համար:

«Կինոպարկ» կինոթատրոնը պաշտոնապես բացեց իր դռները


Հանդիսավոր բացմանը հրավիրված էին հայկական կինոասպարեզի եւ այլ ոլորտների անձինք, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում։ “The Band”-ի երաժշտության ուղեկցությամբ ներկաները շրջել են սրահներով, ծանոթացել նորաբաց կինոթատրոնի տարածքին եւ դիտել “Ծովի սրտում” 3D ֆիլմը։

Միջոցառման հանդիսավար Դիանա Մալենկոն նշել է, որ “Կինոպարկ”-ի` 2015 թվականի փետրվարին մեկնարկած շինարարական աշխատանքները հաջողությամբ ավարտվել են, եւ այսուհետեւ կինոթատրոնը պատրաստ է հյուրընկալել մեկ օրում մինչեւ 630 հանդիսական։

«Կինոպարկ» կինոթատրոնի տնօրեն Վազգեն Սաղաթելյանը եւ մարքեթինգի գծով տնօրեն Շուշան Ավագիմյանը


“Երեւան մոլ”-ի մարքեթինգի գծով տնօրեն Շուշան Ավագիմյանը հայտնել է, որ կինոթատրոնը հագեցած է գերմանական “Դիսինեքս” ընկերության կինոտեխնիկայով, Հայաստանում եզակի “4K ULTRA HD” որակի էկրաններով, նաեւ “Դոլբի Աթմոս” ձայնային համակարգով.“Մենք առաջին ժամանակակից կինոթատրոնը չենք Հայաստանում, բայց հավակնում ենք լինել լավագույնը, ինչը կրկնակի մարտահրավեր է մեզ համար։ Այստեղ կլինեն ամենատարբեր ժանրերի ֆիլմեր տարբեր տարիքային խմբերի համար։ Կինոթատրոնը դեռ նոր է գործում, բայց Հայաստանում գտնվող օտարերկրացիներ, դեսպանատների աշխատակիցներ զանգում ու հետաքրքրվում են՝ արդյոք արտասահմանյան ֆիլմերը ցուցադրում ենք բնօրինակ լեզվով։ Այո, մեզ մոտ կլինի նաեւ այդ տարբերակը, թեպետ մեծ լսարան չենք հավաքի, եւ կոմերցիոն տեսանկյունից շահավետ չէ”։

«Կինոպարկ»-ի տնօրեն Վազգեն Սաղաթելյանը BRAVO.am-ի հետ զրույցում առանձնացրել է կինոթատրոնի տեխնիկական եւ ֆիլմացանկային հատկանիշները. “6 դահլիճում միաժամանակ կարող է ցուցադրվել 3D ձեւաչափի ֆիլմ, բացի այդ, մենք առաջինն ենք Հայաստանում ներկայանում «4K ULTRA HD» որակի էկրաններով, ինչը նշանակում է, որ համաշխարհային լավագույն ֆիլմերը դիտելիս չի լինի որակի կորուստ։ Շատ ուրախ ենք, որ դեկտեմբերի 17-ից կցուցադրենք “Աստղային պատերազմներ”-ը, որը հենց այդ ձեւաչափով է նկարված”,-նշել է նա եւ պատմել սպասվող անակնկալի մասին.“Օրեր առաջ Մոսկվայում տեսա վերոնշյալ ֆիլմի բաժակ-հուշանվերը, պարզվեց` պատվիրելու ժամանակ չունենք, եւ համոզեցինք, որ որոշ քանակ մեզ հետ բերենք։ Դրանք վաճառքում կլինեն ֆիլմի ցուցադրումից մեկ շաբաթ առաջ, բայց քանակն իսկապես սահմանափակ է։ Այն ոչ թե պարզապես խաղալիք է, այլ որակյալ հուշանվեր: Վստահ եմ` ֆիլմի երկրպագուներին դուր կգա”։

«Կինոպարկ» կինոթատրոնը պաշտոնապես բացեց իր դռները


Առաջիկա ծրագրերի մասին խոսելով` նա տեղեկացրել է, որ բացի մանկական ֆիլմերից ու մուլտֆիլմերից, “Կինոպարկ”-ում կցուցադրվեն ուսուցողական 3D ֆիլմեր աշակերտների համար.“Համագործակցելու ենք ռուսական կինոընկերության հետ, որը նկարահանում է ֆիլմեր տարբեր առարկաների մասին՝ կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա եւ այլն։ Դպրոցի առարկաները մատուցվում են նոր եւ տպավորիչ ձեւաչափով: Մոսկվայի որոշ դպրոցներում այս ֆիլմերը ներառված են դպրոցական ծրագրում, ինչը համատեղում է ժամանցն ու ուսուցումը։ Քանի որ ֆիլմերը ռուսերեն են, եթե մեր շուկայում հետաքրքրություն լինի, հայերեն ենթագրերով կցուցադրենք։ Իսկ այսօր մեր գործունեությունը սկսում ենք 6 ֆիլմով, որոնց թվում կան հայկական ու արտասահմանյան ֆիլմեր։ Վստահ եմ` կինոսիրողները մեզ մոտ կգտնեն իրենց նախընտրած ժանրի ֆիլմերը”:

“Կինոպարկ”-ն առանձնանում է իր դիզայնով, որն իրականացրել է “Արխանգել” ճարտարապետական ընկերությունը: Տնօրեն Արտակ Կնյազյանի խոսքով՝ դիզայնում ընդգծված է կինոթատրոնի անվանումը եւ հիշեցնում է աշնանային այգու գույները՝ կանաչ, կարմիր, նարնջագույն.“Այգին այն միջավայրն է, որտեղ մարդիկ ընտանիքի ու ընկերների հետ ժամանակ են անցկացնում, ինչի հետ համեմատում ենք կինոթատրոն գնալու գաղափարը։ “Կինոպարկ”-ն էլ իր տեսակով հանգստի եւ ժամանցի վայր է”։

«Կինոպարկ» կինոթատրոնը պաշտոնապես բացեց իր դռները


Կինոթատրոնի հաճախորդները կունենան եւս մեկ առավելություն. 2016-ի առաջին եռամսյակից սկսած` համակարգիչների ու հեռախոսների հավելվածների միջոցով հնարավորություն կունենան ոչ միայն առցանց ամրագրել տոմսեր, այլեւ գնել եւ ստանալ QR կոդ ու միայն ֆիլմի ցուցադրության ժամանակ ներկայանալ կինոթատրոն:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW