×


«Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերան՝ հետաքրքիր դրվագներով եւ հայտնի հյուրերով

1990-ականների Երեւանն ու Արցախի պատերազմական շրջանը՝ միախառնված երիտասարդների կյանքի դրամայով ու նուրբ հումորով. կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը նվիրված է Արցախի հերոսներին եւ Անկախության 25-ամյակին։ Երեկ «Կինոպարկ»-ում տեղի ունեցած պրեմիերային ներկա են եղել ֆիլմի անձնակազմը, հեռուստատեսության, կինոյի, թատրոնի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում: 

Էլեն Սարգսյանը, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը եւ Անի Խաչիկյանը


Ըստ սյուժեի՝ հերոսները դպրոցական տարիքից մտերմացած 4 ընկեր են՝ Տիգրանը, Արմենը, Լեւոնն ու Էդուարդը: Արմենի կրտսեր քրոջը սիրահարված են նրա ընկերները: Դերերում են Անի Խաչիկյանը, Սամվել Թադեւոսյանը, Հայկ Մարգարյանը՝ ՀՏ Հայկոն, Սամվել Թոփալյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը, Գեորգի Հովակիմյանը, Էլեն Սարգսյանը, Վարդան Պետրոսյանը, Հայկ Պետրոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Նանոր Պետրոսյանը եւ այլք:

Բեմադրող օպերատորը Վահագն Տեր-Հակոբյանն է, կոմպոզիտորը՝ Արմեն Մարտիրոսյանը, սաունդթրեքի հեղինակը՝ Արթուր Գրիգորյանը։ Գործադիր պրոդյուսերներն են Ռուբեն Ջաղինյանը, Լիլիթ Մարտիրոսյանը եւ Կարեն Ղազարյանը։ Ֆիլմի ավարտին Արցախյան պատերազմի հաղթանակն է. օգտագործվել են վավերագրական կադրեր Շուշիի ազատագրումից։

1 ժամ 46 րոպե տեւողությամբ կինոնկարի սցենարի հեղինակ ու բեմադրող ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ Ալբերտ Մկրտչյանի որդին, քասթինգի միջոցով ընտրել է ինչպես փորձառու դերասանների, այնպես էլ ոչ հայտնի երիտասարդների.«Պրոդյուսերների հետ համաձայնության եկանք, որ պետք է թարմ դեմքեր լինեն: Հարգում ենք «աստղերին», բայց ուզում էի, որ ֆիլմում նկարվեն նոր դեմքեր։ Երկար-երկար քննարկումների արդյունքում ծնվեց այս ամենը։ Մենք չենք մտածել ֆիլմը փառատոններին ներկայացնելու մասին, փորձել ենք ստեղծել անկեղծ, լավ ֆիլմ։ 1990-ականների շունչը ստանալու համար բեմադրող նկարիչների հետ ստացանք այդ ռեկվիզիտը, պատկերացրեք՝ այդքան էլ դժվար չէր, որովհետեւ 1990-ականները հեռավոր անցյալ չեն»։

Մկրտիչ Արզումանյանը եւ «Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր դերակատար Սամվել Թադեւոսյանը


Գլխավոր դերակատարին՝ Տիգրանին, մարմնավորող Սամվել Թադեւոսյանի դեբյուտն է գեղարվեստական ֆիլմում։ Առաջին ցուցադրությանը ներկա 23-ամյա դերասանը նկարահանվելուց հետո արդեն երկու ամիս զինվորական ծառայության մեջ է: Նա սովորել է Թատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Արմեն Մազմանյանի արվեստանոցում.«Այս ֆիլմն այն երիտասարդ տղերքի մասին է, որոնք, երազանքներն ու սերը թողնելով, գնացին պատերազմ։ Մհեր Մկրտչյանի հետ աշխատանքը կադրից դուրս հետաքրքիր, ուսուցողական ու անկեղծ էր. եթե ես ռեժիսորից որեւէ բան չեմ ստանում, խոր հիասթափության մեջ եմ լինում։ Նկարվելուց հետո գնացի բանակ, բայց ֆիլմը ծառայությունս չի թեթեւացրել:)»։

Դերակատարներից Անի Խաչիկյանը դժվարացավ ֆիլմի մասին երկար խոսել.«Ինձ համար թանկ ու կարեւոր զգացողություններ են։ Ուղղակի ուրախ եմ, որ այսպիսի ֆիլմ ունենք, շատ մեծ քայլ է դեպի իսկական կինոսցենար, պրոֆեսիոնալ աշխատանք ու ասելիք»,-նշել է նա:

Պրոդյուսեր Կարեն Ղազարյանի խոսքով՝ ֆիլմի գաղափարը ծնվել է 1 տարի առաջ. «Արցախի պատերազմի տարիներին մենք ՈՒՀԱ-ի թիմում էինք, Հայաստանում չէինք լինում, «Շարմ»-ի տղաներով մտածում էինք, որ միգուցե պետք է մնայինք այստեղ, ոչ թե «КВН»-ում, չնայած՝ մեզ հանգստացնում էին, որ Հայաստանից դուրս հաղթանակները կարեւոր են… Ամեն դեպքում ուզում էինք մեր երախտագիտության խոսքն ասել։ Մհերի հետ արդեն սցենարն ավարտին էինք հասցրել ու նկարահանել, երբ այս տարվա ապրիլյան դեպքերը եղան, գաղափար ծնվեց անել ֆիլմի շարունակությունը՝ հերոսների հետագա կյանքը՝ մեր օրերի մասին»։

Արթուր Գրիգորյանը՝ դստեր հետ


Նա նշել է, որ պատերազմական տեսարաններին իրական շունչ փոխանցելու համար կիրառվել է իրական զինտեխնիկա, պայթուցիկներ, ուղղաթիռներ ու այլ զինամթերք։ Նկարահանումները տեղի են ունեցել Երեւանում, Գորիսում, Արցախում, Իջեւանում եւ այլ վայրերում։ ՀՀ Պաշտպանության նախարարությունն աջակցել է տարբեր հարցերում.«Հատուկ ջոկատայինները մեր կողքին էին, ռազմական գործողությունը քննարկվել է ռեժիսորի հետ։ Նրանք ոչ միայն մեր սահմաններն են պահում, այլեւ օգնում են ֆիլմ նկարել»։

Սամվել Թոփալյանը հատուկ ջոկատայինի կերպարում է, պատմել է, որ մեկ ամիս խաղընկերների հետ զինպատրաստություն է անցել.«Հատուկ ջոկատի հետ երկար պարապել ենք, որովհետեւ նուրբ թեմա է, չափի մեջ մնալը կարեւոր է, որ մեզ շատ չհերոսացնենք, այլապես արհեստածին կլիներ։ Մեզ համար դժվար էր ճիշտ չափաբաժնով կերպարը մարմնավորել, ռեժիսորը մանրակրկիտ աշխատանք էր տանում, եւ կերպարները շատ իրական են»։

Երիտասարդ դերասանուհի Էլեն Սարգսյանի համար եւս այս ֆիլմը դեբյուտային է: Նրա կերպարը՝ Սոֆին, գլխավոր հերոսի հարազատ քույրն է, որը Սպիտակի երկրաշարժի ժամանակ զրկվել է լսողությունից, շփվում է ժեստերի լեզվով.«Շփվել եմ խուլուհամր մարդկանց հետ, փորձել հասկանալ նրանց հոգեբանությունը, երկու ամիս ուսումնասիրել եմ ժեստերի լեզուն, այնուհետեւ անցել աշխատանքի»։

Դիանա Մալենկոն


«Կյանք ու կռիվ»-ը կունենա երկրորդ մաս, որում կներկայացվի հերոսների հետագա կյանքը՝ 25 տարի անց՝ մեր ժամանակաշրջանում։  Մի մասն արդեն նկարահանվել է.«Դեռ սցենարը պետք է ավարտին հասցնենք, որ նկարահանումները վերջացնենք։ Հուսանք՝ 2-րդ մասն էլ շուտով մեծ էկրան կբարձրանա»,-ասել է Կարեն Ղազարյանը։

Նշենք, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմը մեծ էկրանին կլինի սեպտեմբերի 21-ից։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport