×


«Չթաքցնել զգացմունքները, ճամփորդել Կարմենի հետ». բալետի պարուհի Նարե Մարկոսյանի ամառը

BRAVO.am-ը շարունակում է ամառային ամիսները լցնել բալետային ներկայացումներով, առողջ սննդակարգով, վազքով, հայաստանյան տեսարժան վայրերով ու լավ երաժշտությամբ: Այս անգամ դրանում մեզ օգնել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուհի Նարե Մարկոսյանը:

- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք հավանում տարվա այս եղանակը:

- Շատ եմ սիրում։ Փոքր տարիքից միշտ սպասել եմ ամռան գալուն, որպեսզի ֆիզիկապես ու հոգեպես ազատ զգամ ինձ եւ ժամանակ ունենամ իմ մտքերի հետ մենակ մնալու համար։

- Ամառային ի՞նչ սովորություն կամ արարողակարգ ունեք։

- Սիրում եմ երկար ժամանակ անցկացնել լողավազանում ու բարձր երաժշտության ներքո վայելել արեւի շողերը։


- Ինչպե՞ս է ամառն ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա:

- Ինչպես ասացի, ավելի շատ ժամանակ եմ կարողանում անցկացնել իմ մտքերի հետ, ինչից հետո էլ ծնվում են նոր գաղափարներ եւ ստեղծագործություններ։

- Ձեր նախագծերից ո՞րն է ամենաամառայինը եղել:

- «Չիպոլինո»-ն ինձ համար ամենաամառային ներկայացումն է։ Երաժշտությունն ու պարային լուսավորումները, հագուստներն ու բեմի ձեւավորումը վառ եւ ամառային են ինձ համար։

- Անմոռանալի ու թեժ ամառը:

- Ամենահիշվողը եղել է ամենասովորական ամառը, երբ ամբողջ ընտանիքով ժամանակ ենք անցկացրել։ Մեկ սեղանի շուրջ նստած՝ զրուցել ենք, ծիծաղել, հիշել բոլոր զվարճալի միջադեպերը։


- Ինչպե՞ս էիք փոքր տարիքում սիրում անցկացնել ամառը:

- Արձակուրդին քույրերիս հետ շատ ժամանակ էինք անցկացնում։ Միշտ առավոտյան շուտ էի արթնանում ու սպասում, որ նրանք էլ քնից վեր կենան, որպեսզի հոգիների հետ խաղամ։

- Ո՞րն է մանկությունից մնացած ամառային ամենալավ հիշողությունը:

- Հասակակիցներս կհիշեն ու կհասկանան ինձ. ոչինչ ավելի մեծ ուրախություն չէր պարգեւում, քան «Գրանդ Քենդի» պաղպաղակի մեքենայի երգի ձայնը։

- Ի՞նչ եք հասցրել առաջին անգամ անել այս ամռանը:

- Թատրոնում «Բոլերո» ներկայացման պրեմիերայով եմ շատ զբաղված եղել: Առաջնախաղը հունիսի 13-ին էր։ Իսկ դրանից հետո իմ օրերը հագեցել են փորձերով ու ներկայացումներով։

- Ամառային սիրելի բարիքները:

- Ձմերուկն ու ելակը։


- Ուտեստներ, որ կարողանում եք պատրաստել:

- Շատ եմ սիրում տարբեր աղցաններ պատրաստել։

- Զովանալու տարբերակներ:

- Լողավազանը զովանալու իմ ամենասիրելի տարբերակն է։

- Ամռանը դիտելու ֆիլմ կամ սերիալ:

- «Ինչպես ջուրը շոկոլադի համար» ֆիլմը լի է տաքացած լռություններով ու չհնչեցրած սիրով։ Ամառային կրակի պես է. մի կողմը՝ մեղմ, մյուսը՝ այրող։ Կա նաեւ բալետային ներկայացում, որն ինձ համար շատ գեղեցիկ եւ հուզիչ է։

- Լավագույն գրքերն առման մասին:

- Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը ցույց է տալիս, թե ինչպես դժվարություններն ու կորուստները կարող են վերածվել նոր կյանքի մեկնարկի։

- Գրքային կամ ֆիլմային ո՞ր կերպարի հետ կցանկանայիք ուղեւորության մեկնել:

- Կարմենի հետ խոսելու շատ բան ունեմ։


- Հայաստանում ամռանն այցելելու 3 վայր:

- Սեւան, Դիլիջան, Վարդավառի լիճ։

- Ինչպե՞ս եք պահում մարզավիճակն ու ի՞նչ առողջ սովորություններ ունեք:

- Մարզավիճակս պահելու խնդիր չեմ ունեցել, քանի որ բալետի պարուհու կյանքը միշտ հագեցած է փորձերով եւ ներկայացումներով: Իսկ առողջ սովորությունս առավոտյան վաղ արթնանալն ու վազելն է:

- Ի՞նչն է տարվա այս եղանակին Ձեզ ամենաշատը ոգեշնչում:

- Արեւը:

- Ո՞րն է կատարյալ ամառը Ձեզ համար:

- Երբ օվկիանոսի կամ ծովի ալիքների մոտ եմ լինում։

- Արդյո՞ք պարուհու աշխատանքն ու արձակուրդը համատեղելի են:

- Անգամ երբ հանգստանում եմ, չեմ դադարում սովորել, նկատել, ապրել կերպարներ, որոնք հետո ինձ հետ բեմ են բարձրանում։


- Որտե՞ղ ու ինչպե՞ս եք պլանավորում հանգստանալ:

- Դեռ չեմ որոշել, բայց ժամանակ ունեմ հանգիստը պլանավորելու։

- Ի՞նչ է պետք անպայման հասցնել անել այս 2 ամսվա ընթացքում:

- Ինձ համար ամառվա ամիսները նրա համար չեն, որ ինչ-որ բան հասցնեմ, այլ պարզապես ապրեմ պահը։

- Ինչի՞ բույրն առնել:

- Կիտրոնի:

- Ի՞նչ շոշափել:

- Ծովի ավազը:

- Ի՞նչ դիտել:

- Արեւածագը:

- Որտե՞ղ լինել:

- Լռության մեջ:


- Ո՞ւմ գրկել պարտադիր:

- Երեխաներին՝ ամենաանկեղծ էակներին:

- Ի՞նչ սովորել:

- Ներել… Լսել:

- Կարդալ:

- «Մանոն Լեսկո» վեպը:

- Լսել:

- Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը»՝ Սերգեյ Խաչատրյանի եւ Լուսինե Խաչատրյանի կատարմամբ։

- Ի՞նչ չթաքցնել:

- Զգացմունքները:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Նարե Մարկոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW