«Ճամբարում 2» գեղարվեստական ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Պրեմիերայի օրը ստեղծագործական կազմն ու դերասանները կարմիր գորգով անցնելուց հետո բեմից ողջունեցին հանդիսատեսին, շնորհակալություն հայտնեցին իրենց աջակիցներին եւ բոլորին բարի դիտում մաղթեցին:
«Ճամբարում 2» ֆիլմի պրեմիերային
«Ավագյան Փրոդաքշն»-ի արտադրության «Ճամբարում 2»-ը բավական տարբեր է «Ճամբարում 1»-ից՝ պատմության, դերասանական կազմի եւ նկարահանումների վայրի ընտրությամբ: Գործողությունները ծավալվում են Սեւանա լճի ափին. պատանիները մաքրում են աղտոտված ափը, կառուցում իրենց ճամբարն ու ապրում ճամբարականների կանոնակարգով: Սակայն, իրավիճակը փոխվում է, երբ երկու պաշտոնյա որոշում են գնել տարածքն ու այնտեղ հյուրանոց կառուցել: Երեխաներն, իհարկե, հնարամիտ քայլերով փորձում են պահպանել իրենց տարածքն ու շարունակել անհոգ օրերը կապուտակ լճի ափին: Բացի գլխավոր խնդիրը, ֆիլմում կա սեր, հումոր, նուրբ թելով շոշփվում է նաեւ արտագաղթի թեման:
Սցենարի հեղինակը Կառլ Աբրահամյանն է, օպերատորներն են Վահե Սաֆարյանն ու Նորայր Մխիթարյանը, նկարիչը՝ Մերի Կարապետյանը, իսկ երաժշտության հեղինակը Վահե Նահապետյանն է:
«Ճամբարում 2» ֆիլմի պրեմիերային
Ռեժիսոր-բեմադրիչ Հայկ Ավագյանի խոսքով՝ եթե «Ճամբարում 1»-ը մանկապատանեկան էր, ապա «Ճամբարում 2»-ը պատանեկան է.«Ֆիլմում շատ կարեւոր մի քանի հաղորդագրություն կա` հողի պահպանման հարցը, սերը միմյանց նկատմամբ եւ այլն: Նրանք ցույց են տալիս, որ թույլ չեն տա իրենց տարածքը ինչ-որ շինության վերածել»:
Գլխավոր դերակատարներն են պատանի երգիչներ Միլին ու Լեոն Չուգուրյանը: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Անետա Օհանջանյանը, Գեւորգ Դավթյանը, Ռուբեն Կարապետյանը, Գեւորգ Միրզոյանը, Աշոտ Հակոբյանը, Արթուր Պետրոսյանը, Անիտա Հարությունյանը, Արմեն Պետրոսյանը եւ այլք:
«Ճամբարում 2» ֆիլմի պրեմիերային
Հայկ Ավագյանը տեղեկացրել է, որ «Ճամբարում 3»-ը չի ուշանա.«Երբ որոշեցինք նկարահանել, չէինք մտածում, որ շարունակություն կունենա: Արձագանքներն ու երեխաների ոգեւորվածությունը հաշվի առնելով` երկրորդ ֆիլմը ստեղծեցինք: Այս պրեմիերայից հետո եւս շատ լավ կարծիքներ ենք լսել, այնպես որ, կարծում եմ` կնկարահանենք նորը»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: