Մուղդուսյան արվեստի կենտրոնի եւ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաները երեկ միասին նշեցին Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: «Կոնգրես» հյուրանոցի մի ընդարձակ դահլիճում նրանք նկարում էին, երգում, պարում, արտասանում, մասնակցում հյուրասիրությանը եւ ուրախ այլ ծրագրերի:
Մուղդուսյան արվեստի կենտրոնի եւ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաները միասին նշեցին հունիսի մեկը
Միջոցառումը կազմակերպել էր Մուղդուսյան արվեստի կենտրոնը՝ «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Կոնգրես» հյուրանոցի, «Սանիտեկ» ընկերության եւ մի շարք քաղաքացիների աջակցությամբ: Ցերեկույթի թեման՝ «Շրջակա միջավայրի մաքրությունը», առաջարկել էր հենց «Սանիտեկ»-ը, որի գլխավոր գործադիր տնօրեն եւ սեփականատեր Նիկոլաս Թավիլը BRAVO.am-ի հետ զրույցում ընդգծեց` երբ խոսում ենք երեխաների իրավունքների պաշտպանության մասին, պետք է շեշտենք, որ նրանք իրավունք ունեն մաքուր միջավայրում մեծանալ, իսկ դրա համար պատասխանատու ենք բոլորս, նաեւ շատ կարեւոր է երեխաներին փոքր տարիքից սովորեցնել հոգ տանել շրջակա միջավայրի մասին:
Նշենք, որ Մուղդուսյան արվեստի կենտրոն են հաճախում նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող, իրավախախտում կատարած անձանց եւ կյանքի այլ դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներ: Նրանց կրթությունն անցկացվում է բացառապես անվճար հիմունքներով: Կենտրոնը գործում է նվիրատվությունների շնորհիվ եւ շահույթ չի հետապնդում:
Մուղդուսյան արվեստի կենտրոնի եւ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաները միասին նշեցին հունիսի մեկը
«Մեր սաների թիվն այս պահին 45-ն է, եւ տարեկան մենք ընդունում ենք հազարից ավելի երեխաների ու երիտասարդների: Ծախսերը կարողանում ենք ապահովել միայն վճարունակ ընտանիքների շնորհիվ, ովքեր վճարում են իրենց երեխայի եւ մեկ շահառու երեխայի համար: Տարածքի վարձակալության եւ մյուս ծախսերը հոգում եմ ինքս իմ ընտանիքի հետ` մի քանի տեղ աշխատելու շնորհիվ: Դա մենք անում ենք մեծ սիրով: Կենտրոնի շահառուները 33-ն են: Նրանցից շատերի դեպքում ինքներս ենք ապահովում նույնիսկ ճանապարհածախսի եւ սննդի գումարը»,- ասաց կենտրոնի հիմնադիր Մարիամ Մուղդուսյանը:
Այս պահին կենտրոնում գործում են նկարչության, քանդակագործության, վոկալի, կարպետագործության եւ խեցեգործության խմբակներ: Ի դեպ, երեկ հայտարարվեց նաեւ մանկական երգչախմբի մասին: Մարիամը հույս ունի, որ շուտով այն եւս լիարժեք կգործի ու կկայանա:
«Նաիրյան» վոկալ անսամբլը
Նշենք, որ միջոցառումը լի էր անակնկալներով: Օրվա ամենագեղեցիկ պահերից էր մեկ համատեղ նկարի ստեղծումը, երբ երեխաները ծնողների հետ նկարեցին մի մեծ նկար` շրջակա միջավայրի մաքրության թեմայով: Միջոցառման ավարտին էլ երեխաներն իրենց երազանքները գրեցին թղթերի վրա, դրանք ամրացրին գունավոր փուչիկներին եւ բաց թողեցին երկինք` հույս ունենալով, որ անպայման կիրականանան:
Եթե ցանկանում եք աջակցել կենտրոնի գործունեությանը եւ կատարել նվիրատվություն, ապա կարող եք այցելել Մաշտոց 40 Ա, բն. 1 հասցեում տեղակայված Մուղդուսյան արվեստի կենտրոն կամ զանգահարել 099 855 977 հեռախոսահամարով: Յուրաքանչյուրս կարող ենք երեխաների օրը լցնել դրական էներգիայով:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: