×


Հայերի մասին կատակով ասված ճշմարտությունները՝ Կամերայինի «Անտեր Ground. It's a Joke»-ում

Կամերային թատրոնում շարունակում են անդրադառնալ իրենց գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի դրամատուրգիային. հերթական պրեմիերան 1998 թվականին գրված «Անտեր Ground» պիեսի հիման վրա էր: Հենց այդպես էլ կոչվում է ներկայացումը, սակայն՝ «It's a Joke» («Կատակ է») լրացմամբ:

Ամեն ինչ տեղի է ունենում Անտեր Ground-ում, որտեղ հերոսներ ու առանձին գործող կերպարներ չկան, եւ դերասաններն են պատասխանատու տեղի ունեցող տոնական հանդիսության համար: Նրանք միաժամանակ հաղորդավարներն են, պարողներն ու վառ երաժշտական համարների կատարողները: «Դարվինս փրոջեքթ»-ի երաժիշտներն իրենց նվագակցությամբ ավելի դինամիկ ու տարբերվող են դարձնում ներկայացումը:


Բեմում տոնակատարություն է, որի կազմակերպիչները դերասաններն են՝ Սենիկ Բարսեղյանը, Զիրոյանը, Սոնա Մաթեւոսյանը, Սուրեն Պողոսյանն ու Լուիզա Մելքոնյանը, որն իր նորամուտը նշեց Կամերայինում: Հանդիսատեսն այդ հանդիսության մասնակիցն է ու ականատեսը: Դերասանների հետ նրանք պիտի նախապատրաստվեն ընտրություններին, դիմակայեն ռումբի պայթյունին, փորձեն Հայաստանը դուրս բերել ճգնաժամից ու ականատես լինեն Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմում Ջոն Տրավոլտայի եւ Ումա Թուրմանի հայտնի պարային դրվագին: 


Բեմում ամեն ինչ ու բոլորը կարմիրով են, նույնիսկ՝ հեռախոսն ու ավելը, իսկ հանդիսատեսի շարքերում իրենց գործընկերներին աջակցելու համար նույն գույնն էին ընտրել թատրոնի մյուս դերասանները: Ռաֆայել Երանոսյանը, հավանաբար, մոռացել էր օրվա գույնի մասին, բայց իրեն չէր կորցրել. կարմիր կեղծամով էր ու այդպես էլ մնաց մինչեւ վերջ:


«Անտեր Ground. It's a Joke»-ի ռեժիսոր Արշո Հարությունյանը Bravo.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ իրենց բախտը բերել է ժամանակակից հեղինակ ունենալ, որի գործերը չեն կորցնում արդիականությունն, ու անհրաժեշտության դեպքում Երնջակյանը դրանք փոփոխությունների է ենթարկվում:

«Նրա բոլոր գործերը մեր երկրի տարեգրությունն են՝ սկսած դեռ Խորհրդային Հայաստանից: Երկրի անկախացումն արձանագրեց «Ես իմ անուշ Հայաստանի» ներկայացմամբ, իսկ այս գործով մոտենում ենք ընտրություններին։ Երնջակյանը սովորաբար պայմանական տարածք է վերցնում ու այդտեղ կառուցում իր ներկայացումը, այդպես է նաեւ «Անտեր Ground. It's a Joke»-ում, որտեղ որեւէ սյուժե չկա»,- նշել է նա:


Բեմադրիչի խոսքով՝ ներկայացումը հայերի, նրանց հոգսերի ու խնդիրների, երազանքի ու ճակատագրի, թերությունների ու առավելությունների մասին է։ Թեեւ առաջին հայացքից այն անհոգ ու ուրախ ներկայացում է, սակայն շատ լուրջ ասելիք ու ենթաշերտեր ունի: Ներկայացումն արագ են ստացել. ամենաբարդը եղել է կենդանի հնչողությամբ երաժշտության հետ պիեսի համադրումը, սակայն «Դարվինս փրոջեքթ»-ի հետ շատ հեշտ են լեզու գտել:


Ներկայացումը թատրոնում արդեն 3-րդ անգամ են նոր ռեժիսորով ու դերասաններով բեմադրում: Հարությունյանը կարծում է, որ դա նոր փայլ ու շունչ է հաղորդում աշխատանքին ու յուրաքանչյուր սերնդի հանդիսատեսի հետ իր կյանքն ապրում: 


Զիրոյանը շուրջ տասը տարի առաջ մասնակցել է նաեւ թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանի՝ նույն գործի բեմադրությանը: Համարում է, որ Արա Երջակյանի բոլոր պիեսներն էլ խոր իմաստ ու տողատակային ասելիքներ ունեն, որոնք փոխանցում են հանդիսատեսին. «Երնջակյանական ձեռագիրն ինձ միշտ դուր է եկել, դրա համար Կամերայինը երբեք հանդիսատեսի պակաս չի ունեցել»։


Սենիկ Բարսեղյանը ներկայացումից հետո ուրախ էր, որ թատրոնում նաեւ իր միջամտությամբ նոր «երեխա» է ծնվել։ Բայց նրա համար պրեմիերան ավելի վաղ է եղել, երբ ներկայացումը հանձնել են Արա Երնջակյանին: Թեեւ մասնագիտությամբ պարուսույց չէ, բայց սիրում է թատրոնի ներկայացումների պարերով զբաղվել.«Մասնակից եմ եղել ընդամենը մեկ պարահանդեսի մրցույթի, որտեղից փոքրիկ փորձ եմ ձեռք բերել։ Մնացածն Աստծո տված ձիրքն է, ինչի համար շնորհակալ եմ, պարզապես իմ ունեցածով կիսվում եմ ընկերներիս հետ»:


Սոնա Մաթեւոսյանն էլ անկեղծացել է, որ պրեմիերայից առաջ ընդհանրապես լարվածություն չեն ունեցել, քանի որ լավ են պատրաստվել, բացի այդ էլ դահլիճում իրենց ընկերներն են եղել, որոնք ձախողման դեպքում էլ քաջալերում են. «Արշալույս Հարությունի հետ աշխատելու իմ առաջին փորձն էր, ինչի համար կրկնակի երջանիկ եմ, քանի որ երկար ժամանակ էի դրան սպասում: Արա Երնջակյանին էլ շնորհակալ ենք կանխատեսումների համար. 30 տարի առաջ նրա գրածը նորից շատ արդիական է: Մեր շեֆին շատ ենք սիրում ու հետեւում նրա մարգարեություններին: Ամեն ինչ կանենք, որ նրա գործերը միշտ կյանքի կոչվեն»: 

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW