×


«Շեն կենաս»-ի պրեմիերան եւ թիմի տարաձայնությունների պատճառները:)

Այսօրվանից երեւանյան կինոթատրոններում կցուցադրվի «Շեն կենաս» ընտանեկան կատակերգությունը: ԵԹԿՊԻ շրջանավարտների համատեղ աշխատանքի պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը։ Շուրջ 83 րոպե տեւողությամբ ֆիլմը նկարահանվել է ընդհատումներով՝ 2015-2016թթ. ընթացքում՝ Արտաշատի Շահումյան գյուղում եւ Օշականում։ Սցենարի համահեղինակներն ու ռեժիսորներն են Ալբերտ Եզակյանը եւ Էդուարդ Աբրահամյանը, բեմադրող օպերատորը՝ Վանիկ Մարիկյանը։ Դեբյուտի համար հեղինակները Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ստացել են ֆինանսական աջակցություն։

«Շեն կենաս» ֆիլմի պրեմիերային


Ֆիլմի պատմությունը ծավալվում է պահպանողական Շենկենաս գյուղում, որն ապրում է իր խաղաղ կյանքով այնքան ժամանակ, մինչեւ գյուղ՝ իրենց զարմուհու մոտ արձակուրդի են գալիս քաղաքաբնակ քույրեր Զառան եւ Լիլիթը: Գյուղի անդորրը չորս օրվա ընթացքում վերածվում է խառնաշփոթի. Լիլիթը չի հարմարվում գյուղական անցուդարձին, քույրերի արկածների մաս են կազմում բարեկամուհին՝ Հրիկը, եւ համագյուղացիները։

Դերասանական հիմնական կազմում են համակուրսեցիներ Հակոբ Հակոբյանը, Էվա Խաչատրյանը, Մեսրոպ Աբտոյանը, Աննա Մանուչարյանը, Արմինե Գաբրիելյանը, նրանց են միացել նաեւ ընկերները՝ Հրանուշ Չիչակյանը, Համո Ադիյանը եւ այլք։ Ի դեպ, սիրահարված զույգին՝ Հրիկին ու Լեռնիկին մարմնավորող Հակոբն ու Հրանուշն իրականում ամուսիններ են։

Էվա Խաչատրյանը


Ռեժիսոր Ալբերտ Եզակյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ֆիլմը ոչ թե կուրսային աշխատանք է, այլ ավարտելուց հետո համախմբվել են ու ընկերական թիմով ֆիլմ ստեղծել.«Էդուարդի հետ որոշեցինք, որ ֆիլմը կլինի մարդկային պարզ ու ջերմ հարաբերությունների մասին, եւ ոչ՝ քրեական, ծեծուջարդի, թմրանյութերի կամ այլ թեմաներով։ Ընկերությունը, շփման պակասը, սերն ու հավատարմությունն ավելի կարեւոր թեմաներ են, քան մարդասպանությունը, գողությունը եւ բացասական այլ երեւույթներ, որ անընդհատ ֆիլմերում շոշափվում են։ Ընտրել ենք գյուղական միջավայրը, քանի որ ուզում էինք իրական գյուղի կյանքը ցույց տալ, երբ խանութում պարտքերի ցուցակ կա, տան դուռը «եվրո» է, սառնարանը՝ «սովետական»: Նաեւ փոքր դերով ես եմ նկարվել. չէի ուզում գլխավոր կերպար մարմնավորել, ինչը կլիներ դիլետանտություն»:

«Շեն կենաս» ֆիլմի պրեմիերային


Ինչպես պատմում է ռեժիսորը, անձնակազմով բազմիցս տարաձայնություններ են ունեցել՝ մտածելով, որ այլեւս չեն շարունակի միասին աշխատել.«Առաջինն իմ ու Էդուարդի անհամաձայնություններն էին, հետո դերասանների հետ կոնֆլիկտներ ունեցանք, ինքս ասում էի՝ վերջ, էլ չենք նկարում, բայց միայն գործնական վեճեր էին, որոնք հարկավոր էին ավելի լավ արդյունք ստանալու համար։ Այդուհանդերձ, անփորձ մարդկանցով գործ արեցինք, ցանկացած գնով որոշեցինք մեր նպատակին հասնել ու ֆիլմը մեծ էկրան հասցնել»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW