×


«Ոտաբոբիկ»՝ Թամար Կապրելյանի հետ

Կոշիկներով, թե առանց կոշիկներ, BRAVO.am-ի «Ոտաբոբիկ» նախագծի այս անգամվա հերոսը՝ Թամարը Կապրելյանը, շատ հաճելի զրուցակից է։ Այս մասին փաստում է այն, որ կոշիկները հագնելուց հետո էլ մենք նրա հետ ամենատարբեր թեմաներով այնքան զրուցեցինք, մինչեւ ի վերջո ավարտվեց մեր առավոտյան մեկ գավաթ կապուչինոն:): Իսկ թե ինչ թեմաների ենք անդրադարձել հատկապես, երբ ոտաբոբիկ էինք, ներկայացնում ենք ստորեւ։

Դիանա Հովհաննիսյանը(Bravo.am) եւ Թամար Կապրելյանը


- Թամա՛ր, դու գեղեցիկ ես, խելացի, կայացած, հայտնի… Ամեն դեպքում հենց այսպիսին են քեզ տեսնում շատերը. դու քեզ ինչպիսի՞ն ես տեսնում։

-Գիտե՞ս, ես այն եմ, ինչ կամ. ոչինչ ոչ թաքցնում, ոչ էլ՝ չափազանցնում։

Շատ շոյված եմ քո հնչեցրած նկարագրի համար, ու եթե մարդիկ ինձ իրոք այդպիսին տեսնում, ապա ես միայն ուրախ եմ։

- Մինչեւ նախորդ տարի դու «միայն» դուստր էիր, քույր, հեղինակ-կատարող, ուսուցչուհի, բոլորովին վերջերս դարձար նաեւ «Նվակ»-ի հիմնադիր եւ կին. ինչպե՞ս ես կարողանում խաղալ բոլոր այս դերերը` լավ խաղալ։

- Գաղտնիքը գուցե այն է, որ բոլոր դերերը խաղալիս ես չափազանց կայուն եմ՝ նույն Թամարն եմ. աննկարագրելի հոգնեցուցիչ կլիներ դերերը փոխելու հետ մեկտեղ նաեւ որոշակի մարդկային հատկանիշներ փոխելը։
Ինքդ քո եւ քեզ շրջապատողների հանդեպ անկեղծ լինելու դեպքում հնարավոր է ցանկացած քանակության դեր խաղալ։

-Իսկ ժամանակի սղությունը խոչընդոտ երբեւէ չի՞ դառնում։

-Դառնում է. պարզապես ես շատ եմ սիրում զբաղված լինել, սիրում եմ միաժամանակ մի քանի բանի վրա կենտրոնանալ, քանի որ հենց այդ պահերին եմ զգում, որ կենդանի եմ։

Թամար Կապրելյանը եւ Դիանա Հովհաննիսյանը(Bravo.am)


-Չե՞ս հոգնում։

-Իհարկե, հոգնում եմ. երեկ, օրինակ՝ առավոտյան 4-ին եմ քնել…

-Իսկ ինչպե՞ս ես հանգստանում։

-Մարզվում եմ։ Մարզվելու միջոցով կարողանում եմ սթրեսներից ազատվել։ Պարբերաբար նաեւ մերսումների եմ այցելում եւ ասեղնաբուժության դիմում։

-Լինո՞ւմ են պահեր, որ ուզում ես հանձնվել, հրաժարվել դերերիցդ որեւէ մեկից կամ մի քանիսից։

-Այո՛, իհարկե, լինում են։

Տեղյակ ես, որ գոյատեւելու համար դասավանդում եմ, քանի որ որպես երգիչ գումար վաստակելու համար պետք է լինես առնվազն Քեթի Փերրին կամ, չգիտեմ, նրա նման մեկը։ Հենց դասավանդելն էլ ինձ համար չափազանց հոգնեցուցիչ է։ Իրականում, այնպես չէ, որ չեմ սիրում դասավանդել, կամ, առավել եւս, չեմ սիրում երեխաների հետ աշխատել, պարզապես այն ժամանակը, որ ծախսում եմ դասավանդելու վրա, չափից շատ է։ Դրա պատճառով չեմ հասցնում անել այն, ինչ իրապես ուզում եմ անել, օրինակ՝ չեմ հասցնում լինել այնքան կրեատիվ, որքան իրականում կուզեի լինել, կամ չեմ կարողանում ստեղծագործել այնքան, որքան իրականում կուզեի ստեղծագործել… Բայց չեմ կարող չդասավանդել։ Մի շարք ծախսեր հոգալու համար պետք է շարունակեմ անել դա։ Դժվար է։ Կուզեի չանել, բայց այս պահին չեմ կարող հրաժարվել դրանից։

-Եկամտից բացի, կա՞ մեկ այլ պատճառ, որ մոտիվացնում է քեզ շարունակել այդ աշխատանքը:

-Կա եւ պատճառն այն է, որ հաճախ կարողանում եմ մասնագիտական դրական ազդեցություն ունենալ երեխաների վրա, ու այս պատճառով էլ ինձ համար հատկապես կարեւոր է միջին եւ ավագ դպրոցներում սովորող երեխաների հետ աշխատելը, քանի որ հենց այդ տարիներին են երեխաները ձեւավորվում որպես անհատ։

-Երբ դու էիր այդ տարիքում, քեզ վրա ո՞վ է մասնագիտական այդ դրական ազդեցությունը թողել։

-Նախ ասեմ, որ ընտանիքս միշտ ուղղորդել է ինձ, միշտ իր դրական ազդեցությունն է ունեցել ինձ վրա որպես անհատի, բայց մասնագիտական տեսանկյունից ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր։

Ոլորտում ես շատ վատ մարդկանց հետ եմ շփվել. աշխատել եմ պրոդյուսերների հետ, որ շահագործել են ինձ, երբ 16, 18 տարեկան էի։ Երաժշտական ոլորտն առհասարակ լի է ահավոր մարդկանցով, մատներիս վրա կարող եմ հաշվել դրական հատկանիշներ ունեցող մասնագետների, որոնց հետ առնչվել եմ, ու երեւի հենց սա է պատճառը, որ այսօր անում եմ այն, ինչ անում եմ։

Թամար Կապրելյանը


-Այս ամենի հետեւանքով գուցե դեպրեսիա երեւույթն էլ ծանոթ լինի քեզ։

-Ծանոթ է. ճանաչում եմ մարդկանց, որ տառապում են դեպրեսիայից, բայց ինձ մոտ գուցե ավելի շատ տրամադրության տատանումներ են լինում, երբ, օրինակ՝ որեւէ բան իմ ուզած ձեւով առաջ չի գնում։

Վերջերս շունս սատկեց։ Այնքան ծանր տարա այդ փաստը։ Պարզապես ժամանակ է պետք, որ համակերպվես այս կամ այն բացասական երեւույթի հետ։

-Դրականներից խոսենք… Դու եւ Քրիսն անցյալ տարի ամուսնացաք. ինչպիսի՞ն է ամուսնական կյանքը։

-Ավելի հանդարտ է հիմա ամեն ինչ։

Բայց պետք է ասեմ, որ հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով զբաղվելն ամենաահավոր բանն էր, որ երբեւէ արել եմ։ Դրա հետ կապված յուրաքանչյուր վայրկյանը ատում էի. այնքան դժվար էր, հատկապես, որ մեկ այլ երկրում էինք պլանավորել անցկացնել հարսանիքն ու չէինք տիրապետում տեղի լեզվին։ Իհարկե, երբ օրը վրա հասավ, ամեն ինչ հիասքանչ էր, բայց մինչեւ այդ ուղղակի անտանելի։

-Բայց կան անհատներ, ընկերություններ, որ աջակցում են հարսանյաց միջոցառումների կազմակերպչական հարցերում. ինչո՞ւ գործդ թեթեւացնելու համար նման ծառայության չէիր դիմել, պերֆեկցիոնի՞ստ ես։

-Ճիշտ այդպես. որոշել էի ամեն ինչ ինքնուրույն անել, որ եթե որեւէ բան այնպես չստացվեր, միայն իմ մեղավորությամբ լիներ, եւ ոչ՝ մեկ ուրիշի։

Բայց դե, շատ լավ է, որ ամեն բան ընթացավ այնպես, ինչպես պլավորել էի, պարզապես ամուսինս էր այդ օրը վատառողջ։

«Ոտաբոբիկ»՝ Թամար Կապրելյանի հետ


-Առաջիկայի հետ կապված կոնկրետ մշակված պլաններ դու ու Քրիսն ունե՞ք։

-Այս պահին փորձում ենք հասկանալ՝ ուր տեղափոխվել։ Քրիսն արդեն 14 տարի է՝ Նյու Յորքում է ապրում, ես՝ 6, այնպես որ, մինչեւ երեխաներ ունենալը երկուսս էլ պատրաստ ենք փոփոխության։ Ասեմ նաեւ, որ մտածում ենք տեղափոխվել կամ Լոնդոն, կամ Փարիզ, որ ես ավելի մոտ լինեմ Հայաստանին հատկապես «Նվակ»-ի համար։

-«Նվակ»-ն օրեցօր հաջողություններ է գրանցում, օրինակ՝ աշակերտներդ օրեր առաջ համերգ ունեցան Երեւանում, իսկ ինքդ այստեղ համերգով հանդես գալու պլաններ չունե՞ս։

-Նայիր, Սիրուշոն իմ ամենասիրելի մարդկանցից մեկն է, բայց իմ երաժշտությունը նրա երաժշտության պես չէ։ Ոչ էլ Իվետայինի պես է։ Հիմա ես չգիտեմ՝ դա լավ է, թե վատ։ Միակ մտավախությունս այն է, որ վստահ չեմ, որ տեղի հանդիսատեսը հավանություն կտա իմ երաժշտական ոճին ու ստեղծագործություններին։ Այս պատճառով էլ մինչ օրս այստեղ համերգներով հանդես չեմ եկել։ Բացի այս, վերջին այցերիս ժամանակ այնքան կենտրոնացած եմ «Նվակ»-ի երեխաների գործերի վրա, որ իմ գործերին ժամանակ պարզապես չի մնում։

-Ինչպես հասկանում եմ, «Նվակ»-ն իր ուրույն կարեւորությունն ունի քեզ համար…

-Պաշտում եմ «Նվակ»-ը։ Իմ կարծիքով Հայաստանը լի է տաղանդավոր երեխաներով, որ, ցավոք, չունեն բավարար հնարավորություններ իրենց տաղանդները զարգացնելու։ Այս պատճառով էլ մտածում եմ, որ չափազանց կարեւոր է, որ տեղի մասնագետները, մասնագետներն արտերկրից, դասավանդեն այս երեխաներին ու օգնեն զարգացնել նրանց տաղանդները, եւ քանի որ «Նվակ»-ից ենք խոսում, մի թեմայի եւս կուզեմ անդրադառնալ.  նկատել եմ, որ երգիչներն այստեղ չեն սիրում համագործակցություններ, ասես նրանք միշտ մրցակցության մեջ լինեն։ Սա ինձ համար չափազանց տարօրինակ է։ Ցավոք, պետք է նշեմ, որ մի շարք արտիստների եմ դիմել, որ «Նվակ»-ի շրջանակում համագործակցեն մեզ հետ, բայց նրանք մերժել են առաջարկս։

-Թամա՛ր, երբ փոքր էիր, հենց այսպիսին էիր պատկերացնում քո ապագան։

-Կարելի է ասել՝ այո՛։ Միշտ էլ գիտեի, որ ուզում եմ երաժիշտ լինել։ Մինչեւ անգամ ծնվելս մի բախտագուշակ մորս ասել էր, որ դաշնամուր է տեսել։ Այսպիսով, միշտ իմացել եմ, որ իմ եւ երաժշտության միջեւ ուժեղ կապ կա։

Թամար Կապրելյանը


-Հիմա քեզ երջանի՞կ համարում ես։

-Իհարկե, համարում եմ, չնայած՝ ցանկացած մարդու պես, ես եւս ունեմ որոշակի խնդիրներ։ Դրանցից կառանձնացնեմ երկու կարեւորագույնները. առաջինը՝ ուզում եմ ավելի կրեատիվ լինել, եւ երկրորդ՝ ուզում եմ «Նվակ» հիմնադրամի միջոցով ավելի շատ մարդկանց օգնել։

-Վստահ եմ, որ երկու խնդիրդ էլ լուծելի են. ժամանակի հարց է։

-Միանշանակ։

-Արի «ոտաբոբիկությանն» էլ անդրադառնանք ու եզրափակենք մեր զրույցը։

-Սիրում եմ ոտաբոբիկ լինել, սիրում եմ անգամ ոտաբոբիկ երգել։ Օրգանական վիճակ է. ոտաբոբիկ կարողանում ես զգալ կապդ աշխարհի հետ։

Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացրել ենք «The Coast»-ում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին