Պարզվում է՝ «Թանկարժեք տղաներ» էլ են լինում, պարզապես դրա համար կյանքում հատուկ հանգամանքներ են պետք։ Բավական է ծննդատանը շփոթել ծնողներին ու հայտնվել ուրիշների ընտանիքներում։ Նորածինների այս տեղափոխությամբ էլ սկսվում է Արշալույս Հարությունյանի «Թանկարժեք տղաները», մինչեւ որ տարիներ անց զավեշտալի հանգամանքներում բացահայտվում է ճշմարտությունը։
Հարուստ Սյուզան եւ Բաբկեն Դարբինյաններն (Լուզիա Ներսիսյան, Խորեն Լեւոնյան) ու նրանց որդի Սամվելը (Ալեքսանդր Արզումանյան) եւ բավական սուղ պայմաններում ապրող ու բազմաթիվ պարտքեր ունեցող Սիրարփի եւ Մովսես Դարբինյաններն (Թամարա Պետրոսյան, Մկրտիչ Արզումանյան) իրենց տղա Ավետիքի (Սուրեն Ղազարյան) հետ պետք է անցնեն փորձությունների միջով եւ վերարժեւորեն կյանքը։
Սոցիալական տարբեր շերտերի պատկանող երկու ընտանիքները պետք է ընդունեն նոր իրականությունն ու միմյանց կյանքում հայտնվելը։ Նրանք շատ տարբեր են իրենց արժեհամակարգերով ու սկզբունքներով, բայց նրանց միավորում են իրենց որդիները։
«Ֆիլմի ուղերձներն ինձ համար թանկ ու շատ նուրբ են»
Սովորաբար ռեժիսորների համար հանդիսատեսի հետ ֆիլմն առաջին անգամ դիտելը մեծ փորձություն է, ու ոչ բոլորն են դրան դիմանում։ Արշո Հարությունյանի համար մարդկանց արձագանքը շատ կարեւոր է, քանի որ փորձում է հասկանալ, թե որքանով են իրենց ընկալումներն ու զգացողությունները համընկնում։ Bravo.am-ի հետ զրույցում պրեմիերայից հետո նա նշել է, որ իր համար կարեւոր հատվածներում զգացել է դահլիճի ջերմությունը, ինչը նշանակում է՝ ասելիքը հասել է նպատակին։
«Շատ ծիծաղելի ֆիլմ չի ստացվել: Հիմքում բարի ընտանեկան պատմություն է։
Ուղերձներն ինձ համար թանկ ու շատ նուրբ են. կարեւոր թեմաների ենք անդրադարձել՝ ծնողների ու երեխաների փոխհարաբերություններին, բանակ գնալուն, անելանելի վիճակից դուրս գալուն եւ ագահությանը չտրվելուն, ամեն պարագայում մարդ մնալուն։ Ֆիլմի սկզբում բոլոր հերոսներն այլ շարժառիթներ ունեն, իսկ հետո նրանց մոտեցումները փոխվում են»,- ասել է նա։
Հարությունյանի համար ֆիլմը մասնագիտական հմտությունների մեջ եւս մեկ անգամ ընկղմվելու եւ սովորելու առիթ էր։ Հույս ունի, որ մարդիկ էլ ֆիլմի շնորհիվ տնից դուրս գալու, կինոթատրոն գնալու եւ զվարճանալու հնարավորություն կստանան։
«Արշոն ոչ միայն կադրի տերն է, այլեւ՝ կադրում գտնվող մարդկանց հոգեբանության»
«Թանկարժեք տղաներ»-ի պրեմիերային երկու հայրերը՝ Խորեն Լեւոնյանն ու Մկրտիչ Արզումյանը, բացակայում էին։ Պարզվեց՝ հարգելի պատճառներով. աշխատանքի բերումով այլ քաղաքներում են։
Իսկ ահա Լեւոնյանի կերպարի եթերային կնոջը մարմնավորող Լուիզա Ներսիսյանը եկել էր ու խոսեց ռեժիսորի, խաղընկերների եւ ֆիլմի ասելիքի մասին։ Նա Լեւոնյանին արհեստավարժ դերասան է համարում, որի հետ հեշտ ու հաճելի է աշխատել, իսկ ահա ռեժիսորի մասին հետեւյալն ասաց. «Արշոյի հետ հրաշալի է գտնվել նկարահանման հրապարակում, որովհետեւ նա լրիվ կերպարանափոխվում է։ Ինչ կերպար կամ իրավիճակ բացատրում է, բոլորին հերթով մարմնավորում է, նրանց հոգեբանությունը մանրակրկիտ ուսումնասիրում, քննարկումներից հետո նոր ասում. «REC»։ Այդ առումով շատ հետաքրքիր է ինձ համար, քանի որ սիրում եմ ռեժիսորների, որոնք ոչ միայն կադրի տերն են, այլեւ՝ կադրում գտնվող մարդկանց հոգեբանության»։
Դերասանուհին ֆիլմի հերոսների հետ տեղի ունեցող իրավիճակը բացատրում է Լեւ Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի նախաբանի խոսքերով. «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի:»։ Նրանց մարմնավորած ընտանիքներն էլ իրենց առանձնահատկություններն ու խնդիրներն ունեն։
«Ֆիլմում շատ բարակ գծով անցնում են մարդկային փոխհարաբերությունները։ Երբ հասարակության տարբեր շերտերի մարդիկ հանդիպում են իրար, նրանց կապող միակ բանը ծնող լինելն է։ Ամեն առումով են տարբեր ու հենց առաջին վայրկյանից պետք է փախչեին շատ հեռու, բայց նրանց միավորում է հենց այդ գաղափարն, ու դրա շնորհիվ էլ կարողանում են ջերմություն եւ մտերմություն գտնել»,- ավելացրել է Ներսիսյանը։
««Թանկարժեք տղաները» գնահատելու կարեւորության մասին է»
18-ամյա տղաներից մեկին՝ Սամվել Դարբինյանին, մարմնավորում է Ալեքսանդր Արզումանյանը։ Իր իսկ խոսքով՝ կերպարը շատ երես առած է, բայց լավը դառնալու ճանապարհին է։
Ֆիլմի շրջանակում Արզումանյանը նոր դերասանների՝ Լեւոնյանի, Ներսիսյանի, Պետրոսյանի հետ աշխատելու հնարավորություն է ստացել, ինչպես նաեւ եւս մեկ անգամ խաղացել է հոր՝ Մկրտիչ Արզումանյանի հետ։
«Ես ու հայրս նկարահանման հրապարակում շատ տարբեր ենք։ Նա սովորաբար լուրջ տրամադրության ու մտորումների մեջ է լինում, կենտրոնանում իր դերի վրա, իսկ ես էներգիալով լեցուն եմ լինում ու սիրում նկարահանող խմբի մյուս անդամների հետ տարբեր գործեր անել։ Կադրից դուրս աշխատանքն ինձ հետաքրքրում է. մի օր երկրորդ ռեժիսոր Սուրեն Սաֆարյանն ասաց. «Ալիկ, դու տեքստ մի հուշիր, եռոտանին մի բացիր, մենք այստեղ ցանկացած մասնագետ ունենք: Դու միայն քո գործն արա»»,- հիշել է նա։
Թեեւ Սուրենի Ղազարյանի հետ վաղուց են ծանոթ, սակայն միասին առաջին անգամ էին նկարահանվում. «Հետաքրքիր օրեր ու տեսարաններ ենք ունեցել։ Մեծ հաճույք ու բավականություն եմ ստացել նրա հետ համագործակցությունից։ Մեծ ուրախությամբ եւ պատասխանատվությամբ էլ եկել ենք պրեմիերային»։
Ղազարյանը նույնպես հաճույքով է նկարահանվել Արզումանյանի հետ, իսկ ավագ սերնդի դերասաններից մասնագիտական գիտելիքներ յուրացրել. «Սկսնակ դերասանի համար նման փորձառու կազմից սովորելու շատ բան կար։ Ֆիլմի ասելիքն էլ շատ կարեւոր է՝ պետք է գնահատել այն ամենը, ինչ ունենս, նույնիսկ եթե ֆինանսապես այդքան էլ ապահով չես: Կարեւորը՝ քո կողքին լավ ընտանիք ու քեզ սիրող մարդիկ լինեն։ «Թանկարժեք տղաներն» առհասարակ գնահատելու մասին է, ինչը մեր օրերում շատ է պակասում»։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am


×
323







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: