×


«Ռոմեո եւ Ջուլիետ»՝ համարձակ նոր ներկայացում Կամերայինում

Ուիլյամ Շեքսպիրի հանրահայտ «Ռոմեո եւ Ջուլիետ» պիեսը Երեւանի կամերային թատրոնի խաղացանկում է նոր մեկնաբանությամբ ու ձեռագրով։ BRAVO.am-ը ներկայացնում է պրեմիերայի ֆոտոշարքն ու մանրամասները։ Դրաման բազմիցս էկրանավորվել ու բեմադրվել է տարբեր երկրներում, ռեժիսոր Լուսինե Երնջակյանը որոշել է նորովի ներկայացնել սիրո ողբերգական պատմությունը:

«Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման պրեմիերային


Շուրջ երկու ժամ տեւողությամբ ներկայացումը տարբերվում է թատրոնի նախորդ բեմադրություններից ռեժիսորական, պարային լուծումներով, ռոքային հնչողությամբ։ Իտալական երկու գերդաստանների՝ Մոնտեգյուների ու Կապուլետների թշնամանքը բեմադրված է մեկ գործողությամբ, Կամերայինի անձնակազմը մանրակրկիտ աշխատել է դետալների վրա՝ երաժշտական գործիքավորումից մինչեւ զգեստների ու դիմակների գունային համադրություն։

Բեմադրության, երաժշտական ձեւավորման եւ զգեստների հեղինակը Լուսինե Երնջակյանն է, նրան օգնել է թատրոնի նկարիչ Արգիշտ Կարապետյանը։ Երաժշտության հեղինակներն են Վահե Հայրապետյանն ու Վահիկ Գրիգորյանը։ BRAVO.am-ի հետ զրույցում Լուսինեն հայտնել է, որ ցանկություն ուներ բեմադրել դասական դարձած հայտնի պիես, ուսանողներն էլ նպաստել ու ոգեւորել են իրեն. «Երկար որոնումներից հետո կանգ առա այս գործի վրա, որովհետեւ սիրո թեման հավերժ է, սիրային հարաբերությունները միշտ արդիական են։ Մեր ուսանողների ներդրումը մեծ է: Բեմում երկու սերնդի միջեւ փորձի փոխանակում էր. ոչ միայն փորձառու դերասաններն են աջակցում երիտասարդներին, այլեւ նորեկներն իրենց ոգեւորվածությունն ու էնտուզիազմն են փոխանցում ավագներին»։

«Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման պրեմիերային


Բեմն առավելագույն կերպով օգտագործված է, խաղում է 22 դերասան. թատրոնի հիմնական կազմից զբաղված են դերասաններ Մխիթար Ավետիսյանը, Նոննա Գրիգորյանը, Քեթրին Մանասյանը, Հասմիկ Դանիելյանը, Սենիկ Բարսեղյանը, Գրիգոր Բաղդասարյանը, Վահե Զիրոյանը, Վահագն Կիրակոսյանը, Հրաչուհի Ամիրյանը եւ այլք։ 

Ռոմեոյին եւ Ջուլիետին մարմնավորող գլխավոր դերակատարները Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ են՝ Արմինե Նազարի-Դեխնավին եւ Ժորա Մարտիրոսյանը, որոնք սովորում են Արա Երնջակյանի ղեկավարած 4-րդ կուրսում, նրանց դասավանդում է նաեւ Լուսինե Երնջակյանը։

Ուսանողների համար առաջին պրոֆեսիոնալ բեմելն է գլխավոր դերերով: Ինչպես պրեմիերայի ավարտին BRAVO.am-ին պատմել է 20-ամյա Արմինեն, հուզմունքն ու պատասխանատվությունն աննկարագրելի շատ է.«Չորս տարվա ընթացքում հնարավորություն ունեցել ենք կուրսային ներկայացումներով բեմին լինել, այս անգամ վստահված դերը շատ պարտավորեցնող է։ Փորձերը տեւել են չորս ամիս, սկզբում շատ էի վախենում, թե ինչպես եմ փորձառու դերասանների կողքին աշխատելու, բայց նրանք այնպես էին օգնում, որ ակամա մտնում էի խաղի մեջ։ Իմ խաղի վերաբերյալ արդեն լսել եմ լավ եւ վատ կարծիքներ, փորձում եմ բացասական տեսակետներից առավելագույնը վերցնել, որ սխալներս շտկեմ»։

«Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման պրեմիերային


Արա Երնջակյանի արվեստանոցի ուսանողներից ներգրաված են նաեւ Գոռ Արամյանը, Մուշեղ Սիմոնյանը, Մանուշակ Նիկողոսյանը, Սոֆյա Սողոմոնյանը, Սվետլանա Մկրտչյանը, Մեսրոպ Ծաղիկյանը, Աիդա Սուքիասյանը, Բորիս Առաքելյանը, Գոռ Հովհաննիսյանը, Մարտին Խաչատրյանը եւ այլք։ 

Ուսանողներից մի քանիսն այս ներկայացմամբ կհանձնեն բուհական ավարտական քննությունը, պրեմիերայից հետո Լուսինեն եւ ուսանողները վստահ են, որ դրական արդյունք կունենան.«Երբ ներկայացումն ավարտին եմ հասցնում, ինձ միշտ թվում է՝ մեկ-երկու անգամից հետո այլեւս չի կայանա, անհանգստանում եմ` արդյոք հանդիսատեսը կսիրի։ Եթե չստացվելու մտավախություն չունենաս, միանշանակ կտապալվես։ Իմանալով սյուժեն` հանդիսականները հստակ գիտեն՝ ինչ ակնկալել, իսկ այս դեպքում բուռն են արձագանքում անսպասելի լուծումներին եւ սյուժեի շրջադարձերին։ Հիմա վստահ եմ՝ որ խաղացանկում իր տեղը կգտնի»։

«Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման պրեմիերային


Ռեժիսորի խոսքով՝ հետաքրքրվել ու դիտել է «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի բազմաթիվ բեմադրություններ.«Այն դարեր շարունակ բեմադրվող դասական պիես է, մենք ստեղծել ենք ժամանակակից ու արդիական ներկայացում, որը կհետաքրքրի երիտասարդներին, նաեւ մեծահասակներին։ Փորձում ենք յուրաքանչյուր պրեմիերայով թարմություն բերել, չենք սահմանափակվում մի ժանրով, որ տարբեր նախասիրությունների մարդկանց հետաքրքրի։ Արվեստը խենթություններով լի է, եթե մենք չանենք, ապա ո՞վ կանի:)»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին