×


«YellowStones»-ի զարմանալի ու անսովոր համերգը:)

2013 թվականից գործող «YellowStones»-ի համար երեկ սպասված օր էր. «Մեցցո» ակումբում կայացել է բենդի առաջին ձայնասկավառակի ու տեսահոլովակի շնորհանդեսն ու համերգը։ Խմբի 5 տղաները երեկոյին հրավիրել էին իրենց մտերիմներին ու գործընկերներին, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում։ 

Կարինա Առուստամյանը եւ Լեւոն Սարգսյանը


Երաժիշտները սկզբնական շրջանում երեւանյան ակումբներում հայտնի հիթերը նվագել են սեփական ոճով ու ձեռագրով։ «YellowStones» անվանումը որոշելիս իրենց պատկերացրել են դեղին քարերի տեսքով, այժմ էլ դեղին տարրերը դարձել են նրանց տարբերակող այցեքարտը։

«Զարմանալի ու անսովոր» դեբյուտային սկավառակում ռոքնռոլ, քանթրի, էթնո-ռոք, բլյուզ ոճերի նոր հնչողությամբ հայալեզու երգեր են։ 12 ստեղծագործությունից 3-ը ժողովրդական երգերի նոր մշակումներ են՝ «Նազան յար», «Սարի սիրուն յար», «Խոզուկը խորոված»։ Մյուսները նրանց հեղինակած նոր գործերն են՝ «Հեքիաթ», ««Խելացի» Մաշա», «Անդունդում», «Երջանկության հետքերով», «Զարմանալի է ու անսովոր», «Իմն ես» եւ այլն։

«YellowStones» խմբի առաջին՝ «Զարմանալի ու անսովոր» ձայնասկավառակը


Ներկաները նաեւ առաջինը դիտել են «Նազան յար» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Ջոն Ջալավյանն է.«Առ այսօր մեր լսարանն ակումբներ հաճախող մարդիկ են եղել: Քանի որ սեփական երգացանկը բացակայում էր, կոպիտ ասած, մեր «դեմքը» չունեինք, այդ պատճառով չէինք ուզում շատ երեւալ, իսկ հիմա մեր հեղինակային երգերն ենք ներկայացնում»,-BRAVO.am-ին հայտնել է խմբի վոկալիստ Լեւոն Սարգսյանը։

Շնորհանդեսին սկավառակն անվճար էր, ցանկացողները թափանցիկ արկղում հանգանակություն էին անում, որը փոխանցվելու է Հայաստանում գործող «Առողջության կամուրջ» կազմակերպության երեխաների բուժման համար. «Որոշեցինք շնորհանդեսին հասույթն ուղղել բարեգործությանը, բայց առաջիկայում ալբոմը վաճառքում կլինի»։

Գագա Ամատունին՝ կնոջ հետ


Լեւոնի խոսքով՝ սկավառակի թողարկման համար աշխատել են շուրջ 7 ամիս. «Կան երգեր, որ վաղուց ունեինք, բայց չէինք ներկայացնում։ Այսօր առաջին անգամ կատարեցինք ալբոմի բոլոր երգերը։ Մեզ համար հաճելի էր, որ ներկաները պարեցին, ուրախացան: Երեկոն մեր սպասելիքներից ավելի լավ անցավ»։

«Yellowstones»-ը հանդես է գալիս հետեւյալ կազմով.

Լեւոն Սարգսյան/վոկալ, կիթառ/
Սերգեյ Կարապետյան/ստեղնաշարային գործիքներ/
Վիլյամ Հալաջյան/կիթառ, վոկալ, բանջո/
Վահագն Ստեփանյան/բաս կիթառ/
Հովսեփ Եգանյան/հարվածային գործիքներ/

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին