Գոհարի, Դինայի, Վարդուհու եւ Անիի համատեղ բիզնեսը :) Bravo.am-ը առիթ է ունեցել անդրադառնալ «Uni Staff» ընկերության կազմակերպած տարբեր միջոցառումներին: Հաղորդավարուհիներ Գոհար Գասպարյանի, Դինա Ավետիսյանի, պարուհի Վարդուհի Ալեքսանյանի եւ Անի Զմբոյանի հիմնած համատեղ բիզնեսը իրենից ներկայացնում է տարատեսակ տոնակատարությունների, կորպորատիվ երեկույթների եւ շոու-բիզնեսի միջոցառումների կազմակերպում` համաձայն հաճախորդների ցանկության եւ ներկայացրած պահանջների: Մեզ հետ զրույցում Դինա Ավետիսյանը, ով ներկայանում է որպես միջոցառման ղեկավար, ասաց` նման ընկերություն հիմնելու գաղափար նախկինում ունեցել են եւ ինքը, եւ ընկերության մյուս անդամները. «Ես եւ Գոհարը մի հաղորդում էինք պատրաստում, որի ժամանակ ասացի` միջոցառումների կազմակերպման հետ կապված սեփական գործ եմ ուզում ունենալ, ինքն էլ ծիծաղեց ու ասաց` նման գաղափար ինքն էլ ունի, որի շուրջ մտածում է ընկերուհու հետ»: Դինան պատմում է իր մեծ ցանկության մասին, այն շահում է բոլորի վստահությունը, հանդիպում են, քննարկում անելիքն ու սկսում գործել:): Հաղորդավարուհին հետաքրքիր է համարում այն զուգադիպությունը, որ իրենք ողջ կազմով ծանոթացել են Գոհարի ծննդյան օրը, իսկ գործունեությունը սկսել իր ծննդյան օրը: Մինչ օրս կազմակերպված միջոցառումների թվում Դինան առանձնացնում է 2010 թվականի ապրիլի 24-ի ֆլեշ-մոբը. «95 երիտասարդ էր հավաքվել, որոնց թվում կային ճանաչված մարդիկ հայկական շոու-բիզնեսից ու մշակույթից եւ ուսանողներ: Շատ խորհրդավոր էր: Մենք առավոտ շուտ գնացինք Հանրապետության հրապարակ, որոշեցինք, թե որտեղից ենք մտնելու, եւ, առանց որեւէ փորձի, ֆլեշ-մոբը շատ հաջող ստացվեց. հավաքված 95 հոգին կանգնեց 95 թվի տեսքով»: Իսկ կոմերցիոն ծրագրերի թվում հաղորդավարուհին առանձնացնում է իրենց կազմակերպած հարսանյաց հանդեսն ու այլ ծրագրեր:Դինան նշում է` համագործակցում են հանրապետության առաջատար մասնագետների հետ եւ փորձում այնպես անել, որ պատվիրատուն գոհ լինի: Գոհար Գասպարյանը հանդիսանում է ընկերության PR մենեջերը: Մեզ հետ զրույցում հաղորդավարուհին ասաց, որ մեկ տարվա ընթացքում կարողացել են կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնց արդյունքից գոհ են. «Սկզբի համար շատ խոստումնալից է: Քայլ առ քայլ փորձում ենք ավել զարգացնել հմտություններն ու հնարավորությունները»: Խոսելով ընկերության եւ բիզնեսի մասին` Գոհարն ասաց, որ աշխատանքը կարողանում են համատեղել ընկերության հետ. «Մեզանից յուրաքանչյուրը ինքնուրույն մարդ է, կարողանում է առանձնացնել աշխատանքն ու ընկերությունը, այնպես անել, որ ընկերությունը չտուժի»: Հեռուստահաղորդավարուհի, “Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հույս ունի, որ մեր հասարակության մեջ կկարողանան զարգացնել կազմակերպչին վստահելու կուլտուրան. «Հայերը, ի վերջո, պետք է հասկանան, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով եւ կարեւոր իրադարձությունները վստահեն պրոֆեսիոնալներին»: Պարուհի Վարդուհի Ալեքսանյանը, որպես գեղարվեստական ղեկավար, միջոցառման կազմակերպման գործում կարեւորում է էքսկլյուզիվ շոու-ծրագիրը, բեմադրության որակը եւ դերասանների ընտրությունը: Վարդուհին ասում է` իրենց նպատակն է այնպես կազմակերպել միջոցառումները, որ պատվիրատուն վայելի տվյալ օրն ու չմտածի` ի՞նչ անել կամ ինչպե՞ս հասցնել: Անի Զմբոյանը ստեղծագործական գծով ղեկավարն է: Նա միջոցառման կազմակերպման գործում կարեւորում է եզակի, յուրօրինակ մտահղացումները, նոր եւ ազդեցիկ հնարքները: «Uni Staff»-ը վերջերս բացել է իր կայքէջը: www.unistaff.am -ում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ ընկերության առաջարկած ծրագրերին, կատարած գործին եւ կապ հաստատել նախագծի անդամների հետ: Խոսելով իրենց մեկամյա գործունեության մասին` աղջիկներն այն հաջողված են համարում, իսկ պատվիրատուին հիշեցնում իրենց կարգախոսը`«Մենք աշխատում ենք, իսկ դուք վայելում»:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` «Uni Staff»-ի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: