Երեխաների պաշտպանության միջազգային տոնի առթիվ դերասանուհի Ալլա Սահակյանը ներկայացրել է փոքրիկ աղջիկների համար իր մոդելավորած ծաղկային նախշերով զգեստները։ «Ծաղկազարդ» անվամբ հավաքածուի ցուցադրության մոդելները երեխաներն էին, այդ թվում՝ իր եւ Գարի Քյոսայանի դուստրը՝ Մարիան։ Մասնակցել են դերասանուհիներ Նարինե Գրիգորյանի, Արաքսյա Մելիքյանի, նաեւ Կարեն Բաբաջանյանի աղջիկները։
Ալլա Սահակյանի «Ծաղկազարդ» հավաքածուի ցուցադրությանը
Պարզվում է՝ դերասանուհի-երգչուհին վաղուց է ինքնուրույն կարում, ձեւում եւ ասեղնագործում է։ Այս՝ առաջին ցուցադրությունը կազմակերպել էր Իրինա Փահլեւանյանի աջակցությամբ. «8-րդ դասարանից սկսել եմ հաճախել հագուստի մոդելավորման դասերի, Հայորդաց տանը նաեւ սովորել եմ գորգագործություն, նկարչություն, իսկ հելունագործությունը մայրիկիցս եմ սովորել։ Նույնիսկ 12 տարեկանում իմ գործած գորգը ստացել է առաջին մրցանակ։ Հետո սկսեցի մոդելավորել օպերային ներկայացումների զգեստներ։ Կոնսերվատորիայում սովորելու տարիներին ուսմանս վարձն այդ կերպ էի վճարում ու գումար վաստակում, բայց դրա մասին չեմ բարձրաձայնել»։
Ալլա Սահակյանը եւ Գարի Քյոսայանն՝ իրենց դստեր հետ
Ինչպես պատմում է Ալլան, իր մուսան Մարիան է, որի համար հաճախ է զգեստներ կարում, այս անգամ էլ աղջիկն ինքն է ընտրել՝ որը կրել.«Բոլոր փոքրիկներն իրենց արքայադուստր էին զգում, իսկ ավարտին ծնողներով միջոցներ էինք ձեռնարկում, թե ինչպես դրանք հանենք նրանց հագից։ Նրանք ոգեշնչման աղբյուր են, չեմ ուզում առանձնացնել տղաներից, բայց մայրիկները գիտեն, որ աղջիկներն ավելի նրբաճաշակ են, թիթիզիկ, գեղեցկության ու հեքիաթի ընկալումն ուրիշ է։ Այդպիսի տենդենց կա, որ առօրյայում աղջիկներին տղաների նման են հագցնում, բայց ինքս հուզվեցի՝ տեսնելով, թե ինչպես են շորիկների շնորհիվ իրենց հեքիաթի հերոսուհի զգում։ Երեխաներն Աստծո պարգեւ են, բոլորը մեր կյանքի ծաղիկներն են»։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: