×


Ամանորին մի շարք թատրոններ եւ թանգարաններ բաց են լինելու այցելուների համար

Ամանորի օրերին մշակութային կյանքն աննախադեպ ակտիվ է լինելու: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ թատրոններն ու թանգարանները բաց են լինելու տոնական օրերին։ Նախաձեռնության մասին BRAVO.am-ը զրուցել է ԿԳՄՍՆ մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանի հետ.

- Ամանորին նախարարության ենթակայությամբ գործող թատրոններն ու թանգարանները բացելու են իրենց դռները մեր քաղաքացիների եւ հյուրերի համար:

Հաճախ, աշխատանքային առօրյայով ծանրաբեռնված, չենք հասցնում այցելել թանգարաններ ու թատրոններ, մասնակցել մշակութային իրադարձություններին: Այս մտահղացման հիմքում երկու նպատակ էր դրված. Ամանորը տոնելու նոր մշակույթ ստեղծել, երբ հարազատներին այցելելուն զուգահեռ մեր քաղաքացիները հանգստյան օրերին հնարավորություն կունենան ընտանիքով վայելել մշակութային կյանքը, եւ Ամանորի տոներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար ժամանցի առավել բազմազան տարբերակներ առաջարկել: Ցանկանում եմ ընդգծել, որ թատրոններում իրենց հետաքրքրող ներկայացումներ կգտնեն թե՛ մեծահասակները, թե՛ փոքրիկները:

Անժելա Կժդրյանը


- Ամանորը նշելու ձեւաչափն արմատավորված է մեր հասարակության մեջ, չե՞ք կարծում, որ բավական համարձակ նախաձեռնություն է:

- Նախաձեռնությունը գուցե եւ համարձակ է ու, ինչպես նշեցիք, Ամանորը տոնելու ձեւաչափը բավական խորն է արմատավորված մեր հասարակության մեջ: Պետք է հասկանանք, որ, նախ եւ առաջ, մեկը մյուսին չի բացառում, Ամանորն ընտանեկան տոն է, իսկ մշակութային հաստատությունները, կարծում եմ, ընտանեկան ժամանցի ապահովման լավագույն վայրերից են: Բացի այդ, շատերը հաճախ նշում են, որ հոգնել են մի քանի օր շարունակ տոները միանման նշելուց, եւ այս նախաձեռնությունն այդ միօրինակության մեջ հետաքրքիր փոփոխություն մտցնելու փորձ է:

- Իսկ ի՞նչ արձագանք եք ստացել մինչ օրս:

- Ուրախությամբ պետք է նշեմ, որ արձագանքը դրական էր թե՛ թատրոնների ու թանգարանների աշխատակիցների, թե՛ հասարակության կողմից: Արդեն իսկ համացանցում հայտնվում են գրառումներ, որտեղ մարդիկ հայտնում են տոնական օրերին ներկայացում դիտելու կամ իրենց երեխաներին թանգարան տանելու ցանկության մասին: Մյուս կողմից, թատրոններում ու թանգարաններում նվիրված աշխատում են այս օրերին` Ամանորին նոր շունչ տալու համար: Կարելի է ասել, որ սա հանրային հրավեր է մեր կենցաղում փոփոխություն անելու, եւ ակնկալում ենք, որ մեր քաղաքացիներն աջակցելու են մեզ այդ հարցում:

- Իսկ որտե՞ղ է հնարավոր գտնել տեղեկատվություն խաղացանկերի եւ թանգարանների աշխատանքային ժամերի վերաբերյալ:

- Տեղեկատվությունը հասանելի է www.edu.am կայքում, ինչպես նաեւ թանգարանների ու թատրոնների պաշտոնական էջերում: Այն կարելի է ստանալ նաեւ զբոսաշրջային ընկերություններում:

BRAVO.am
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport