×


Անահիտ Սիմոնյան . “Որդուս դուր է գալիս այն, ինչ մենք անում ենք:)”

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը դեկտեմբերի 15-ին կներկայացնի իր առաջին`“Asta La Vista”  ձայնասկավառակը:

Հայկոն ու Անահիտ Սիմոնյանն իրենց որդու` Արմանի հետ


“Երգում եմ 10-ը տարեկանից: Ռուսաստանում դպրոցական ընկերներս  անգամ ինձ ծաղրում էին` ասելով` “Հա, հեսա դու Պուգաչովան կդառնաս ...”, իսկ ես սեղանների վրա գրում էի, թե իմ առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն  է լինելու, ես այն իմ ստորագրությամբ իրենց եմ նվիրելու: Մինչ օրս կապը պահպանում եմ ընկերներիս հետ, իրենք էլ  հիմա շատ ուրախ են. բոլորի համար ձայնասկավառակներ եմ ստորագրելու եւ ուղարկեմ:)”,- BRAVO.am-ին ասել  է Անահիտ Սիմոնյանը:

 Երգչուհու համար ձայնասկավառակը սպասված է, բայց ոչ ուշացած. “Ամեն ինչ պետք է իր ժամանակին լինի”: Անացած տարի չի էլ մտածել ձայնասկավառակի մասին, իսկ այս տարի զգացել է, որ պահը հասունացել է. “Ուղղակի հասկացա, որ արդեն պետք է ձայնասկավառակ ունենամ, երգերի համապատասխան քանակ էլ ունեի. պետք էր պրոֆեսիոնալ լուսանկարիչ ու դիզայներ, որ ինձ օգնեին ավարտին հասցնել այն”:

 CD-ի դիզայնով զբաղվել է Սարգիս Անտոնյանը, լուսանկարիչն Առնոս Մարտիրոսյանն է, իսկ երգչուհու ոճով զբաղվել է Մերի Ստեփանյանը: “Asta La Vista”-ում ընդգրկված է 15 երգ` “Asta La Vista”-ն, “Սիրո հուշեր”-ը, “Արի, պարի”-ն, “Տղա ա”-ն եւ նոր մի շարք երգեր, այդ թվում` երգչուհու հեղինակած  “Չեմ հավատում” երգն ու Հայկոյի հետ դուետը`“Իմ փոքրիկ”-ը: Ձայնասկավառակում ընդգրկված երգերից մեկի հիման վրա մինչ տարեվերջ նոր տեսահոլովակ կնկարահանիվի:

Անահիտ Սիմոնյանն իր առաջին CD-ն “Asta La Vista” է անվանել


“Կան տարբեր տրամադրություններ,  ուրախ ու դանդաղ երգեր”,-ասել է Անահիտն ու հավելել, որ ձայնասկավառակի ստեղծման ընթացքում եւս լսել ու ընդունել է ամուսնու` Հայկոյի խորհուրդները. “Դրանք միշտ ճիշտ ու տեղին են լինում, զուր չեն նրան վաստակավոր արտիստի կոչում տվել: Նա ունի շատ բարձր ճաշակ: Նրա համար չեմ ասում, որ իմ ամուսինն է, եթե անգամ ամուսնացած չլինեինք, կհամագործակցեի.  Հայկոն  շատ օրիգինալ է, հեռու է թուրք-արաբական ռիթմերից ու տանել չի կարողանում կլկլոցները”:


Անահիտի առաջին ձայնասկավառակից ամենասիրված երգը երգչուհու եւ ամուսնու համար “Asta La Vista”-ն է, իսկ առհասարակ, ինչպես երգչուհին է ասում, իր բոլոր երգերն էլ սիրում է. դրանք իր կյանքի ինչ-որ հատվածի մաս են կազմում:

Երգչուհու առաջին ձայնասկավառակի շնորհանդեսին կլինեն ընկերներն ու երկրպագուները, մարդիկ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ձայնասկավառակի ստեղծման գործում: 

Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը


“Asta La Vista”-ի շնորհանդեսին  ներկա կլինի նաեւ Անահիտի եւ Հայկոյի առաջնեկը` փոքրիկ Արմանը.  “Տղաս անպայման ներկա կլինի: Ես ժամանակ առ ժամանակ միացնում եմ իմ ու Հայկոյի երգերը, որ լսի, եւ տեսնում եմ, թե ինչպես է ոգեւորվում, անգամ իրեն քնեցրել ենք մեր դուետի`“Իմ փոքրիկ”-ի ներքո: Հասկացել եմ, որ իրեն դուր է գալիս այն, ինչ մենք անում ենք. դա մեզ թույլ է տալիս կանգ չառնել եւ աշխատել”: 

Երգչուհին նշել է, որ սրտատրոփ սպասում է շնորհանդեսին: “Նոր զգացողություն է ինձ համար, սա իմ առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն է,  դեռ չգիտեմ` ինչ է լինելու, բայց այն ինձ համար տոն է, շատ եմ ուզում, որ բարձր տրամադրություն լինի ”,-ասել է Անահիտն ու հավելել` իր համար ամենասպասված օրն երկու կարեւոր անձանց` Հայկոյի եւ Արմանի ներկայություն է, որ իրեն վստահություն են ներշնչելու:):

Ի դեպ, “Hasta La Vista”-ն  իսպաներենից թարգմանաբար նշանակում է մինչ հանդիպում, իսկ երգչուհու ձայնասկավառակն ու համանուն երգը վերնագրված է  “Asta La Vista”. “Շատերը հարցնում են, թե ինչու ենք “a”-ով գրել. մենք գրել ենք անգլերեն տարբերակը:)”:

Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները`Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW