×


Անի Բայաթյանի եւ Տաթեւիկ Գրիգորյանի “կատարյալ ամուսինը” :)

Դավաճանության հետեւանքների, ամուսնու փնտրտուքների, եսասիրության, դասակարգային տարբերության եւ այլ թեմաներ արծարծող “Կատարյալ ամուսինը” կատակերգության պրեմիերան հոկտեմբերի 2-ին եւ 3-ին էր, հանդիսատեսը հնարավորություն ունի այն դիտել նաեւ այսօր` Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում:

Արթուր Պետրոսյանը եւ Անի Բայաթյանը


Ներկայացումը բեմադրվել է անգլիացի հեղինակ Դոնալդ Չերչիլի “Դեկորատորը” ստեղծագործության հիման վրա: Հերոսները երեքն են. Ջեյնը բացահայտում է, որ ամուսինն իրեն դավաճանում է մի մեծահարուստի կնոջ` Մաշայի հետ եւ սպառնում վերջինիս, որ դրա մասին կպատմի նաեւ նրա ամուսնուն: Մաշան էլ իր նոր տան դեկորատորին, որը, պարզվում է, մասնագիտությամբ դերասան է, հոնորարի դիմաց առաջարկում է Ջեյնի ներկայությամբ խաղալ իր ամուսնու դերը:

Արթուր Պետրոսյանը` "Կատարյալ ամուսինը" ներկայացման պրեմիերային


Մեկ գործողությամբ եւ մեկուկես ժամ տեւողությամբ կատակերգության տեղայնացման եւ բեմադրության հեղինակը Միքայել Բագրազյանն է, պարերի բեմադրիչը` Նակա Միրզոյանը, իսկ դերակատարներն են Տաթեւ Գրիգորյանը, Անի Բայաթյանը եւ Արթուր Պետրոսյանը:

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անի Բայաթյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ փորձատեղ չունենալու պատճառով երեք ամիս փորձերն արել են “Արձագանք” ռադիոկայանում.“Երբ բեմի տարածքն ու դեկորացիաները փոխվում են, նոր զգացողությամբ ես խաղում: Առաջին օրվա հանդիսատեսը չքնաղ էր: Թատրոնում սովոր ենք ասել, որ մեր մամա-պապաների համար ենք խաղում, որոնք էլ մեր ամենախիստ քննադատներն են”:

Անի Բայաթյանը` "Կատարյալ ամուսինը" ներկայացման պրեմիերային

    
Երեւանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Տաթեւ Գրիգորյանն էլ ներկայացումից հետո գոհ էր առաջնախաղից, ինչպես նշեց` հաճելի զգացողություն ուներ.“Քանի որ նոր խումբ ենք, հուզմունքը կրկնապատկվել էր, պատասխանատվությունն ավելի մեծացել, բայց ավարտից հետո արդեն հանգիստ ենք, լարվածությունն էլ անցել է”:

Անի Բայաթյանը եւ Տաթեւ Գրիգորյանը


Անի Բայաթյանը կարծում է` անգլիական դասական կատակերգությունը կհետաքրքրի հայ հանդիսատեսին.“Չենք պրոպագանդում դավաճանել, բայց   հերոսները դավաճանությունը թաքցնելու տարբերակ են մշակում, չնայած` մարդու երեւակայությունն անսպառ է, անթիվ տարբերակներ կարող են լինել: Բացի ընտանեկան իրավիճակից, ներկաներին բեմից լավ էներգիա ենք փոխանցում եւ ստանում: Չեմ վախենա կրկնել, որ ծիծաղեցնելն ավելի դժվար է, քան հուզելը”:

Նշենք, որ դերասանները նախատեսում են “Կատարյալ ամուսինը” խաղալ նաեւ Հայաստանի մարզային քաղաքներում ու սահմանամերձ գյուղերում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW