Այսօր Հայաստանի դպրոցներում հնչել է “Վերջին զանգը”: Տոնի առթիվ BRAVO.am-ը զրուցել է նախկին շրջանավարտներ Լանա Խաչատրյանի, Ջուսի, Անի Պետրոսյանի եւ Եվա Բաղդասարյանի հետ, որոնք կիսվել են իրենց հուշերով:
Լանա Խաչատրյանը
Լանա Խաչատրյանին դպրոցում Գարունիկ են անվանել
Լանա Խաչատրյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դպրոցական հիշողությունների գիրկն ընկնելուց հետո միգուցե կրկին հանդիպի իր համադասարանցիների հետ: Նա ավարտել է Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը.“Հենց այդ տարիներին են մարդիկ գիտելիքի մեծ պաշար ձեռք բերում, որն էլ կյանքում ամենամնայունն է դառնում”:
Երգչուհու խոսքով` դպրոցում համեստ ու խելոք աշակերտուհիներից չի եղել եւ հիմնականում ընկերություն է արել դասարանի տղաների հետ.“Դասաժամերին այնքան շատ էի խոսում, որ անգամ երբ բացակա էի լինում, ուսուցիչներն ակամա ասում էին` “Լանա, սուս մնա”: Հիշում եմ` մեկ դասաժամի ընթացքում ոչ միայն իմ, այլեւ ընկերներիս համար էի շարադրություններ գրում: Մինչեւ օրս էլ, երբ դիմում են շարադրություն գրելու խնդրանքով, սիրով օգնում եմ. գլուխ չեմ գովում, բայց այն ժամանակ իմ գրածներն ամենահաջողվածներից էին լինում”:
Լանա Խաչատրյանը
7-րդ դասարանից հետո Լանայի դպրոցական առօրյան իր տեղը զիջել է երաժշտության դասընթացներին ու երգի միջազգային մրցույթներին, հաճախ է բացակայել եւ “Վերջին զանգ”-ին միայն երգել է.“Սցենարից գաղափար չունեի, թողել էին, որ բոլոր երգերը ես կատարեմ: Իսկ մաթեմատիկայի դասերին մի քանի անգամ հինգ եմ ստացել հենց երգելով, նաեւ տղաներից երկուսին իմ երգելու համար ուսուցչուհին 5 նշանակեց: Բայց ինչքան էլ ինձ աջակցում էին, խիստ էին: Մեկ անգամ շատ եմ ամաչել, երբ դասից բոլորով փախել էինք, իսկ հայոց լեզվի ու գրականության իմ սիրելի ուսուցիչ ընկեր Հովակիմյանը բարկացել էր. լավ հիշում եմ, որ ամենաշատն ինձ վրա էր բարկացել եւ հիասթափված միայն ինձ էր իր խոսքերն ուղղում, որովհետեւ իր դասերը լավ էի սովորում… Այն դեպքում, երբ դժվարությամբ էր 5 գնահատում, ես հինգին գումարած էի ստանում”:
Երգչուհին բացահայտեց, որ դպրոցում իրեն անվանել են Գարունիկ.““Սյուրպրիզ” խմբակն էի հաճախում, ուզում էին, որ ես էլ ֆիլմում նկարահանվեմ: Երբ պետք է ձայնագրվեի, գործիքավորող Արման Բերբերյանն ասաց` “Ավելի լավ է` պարի, մի երգի: Էս էրեխեն շատ լավ է պարում”: Լավ հիշում եմ նրա խոսքերը, ես էլ “Գարունիկ” տեսահոլովակում երգելու փոխարեն պարում էի, այդպես անունս մնաց Գարունիկ:)”:
Անի Պետրոսյանը դպրոցից դպրոց է տեղափոխվել
Դերասանուհի Անի Պետրոսյանը աշակերտական տարիներին մի քանի դպրոց է փոխել, բայց առաջին ու տասներորդ դասարանում սովորել է իր ծննդավայր Գյումրիում.“Երկրորդ դասարանից Մոսկվայի “Հայրապետյանների” դպրոցում եմ սովորել, հետո տեղափոխվել ենք Երեւան, նորից վերադարձել Գյումրի: Տարբեր դպրոցներ փոխելով` հասկացա, որ երեխան պետք է նույն դպրոցում սովորի”:
Ավարտական երեկոն համադասարանցիներով նշել են մինչեւ լուսաբաց.“Կյանքիս առաջին օրն էր, որ այդքան ուշ եկա տուն: Ռեստորանում քեֆ էինք անում, շատ հիշարժան օր էր”:
Անի Պետրոսյանը
Անիի փոխանցմամբ` գերազանցիկ լինելով` երբեմն ընկերների հետ դասերից փախել է, երբեմն էլ ինքն է փախուստը կազմակերպել.“Իմ դեպքում եղել է ոսկե միջինը. ե՛ւ լավ եմ սովորել, ե՛ւ չարաճճիություններ եմ արել, դրա համար բոլոր դպրոցներում դասատուներս ինձ սիրում էին”:
Ավարտելուց հետո դերասանուհին մի քանի անգամ հանդիպել է համադասարանցիներին, բայց այժմ հաճախ չեն հավաքվում.“Բայց ոմանց հետ մինչեւ հիմա էլ համացանցի միջոցով կապը պահպանում ենք”:
Եվա Բաղդասարյանը
Եվա Բաղդասարյան. “Չարաճճիություններիս համար մայրիկիս դպրոց են կանչել”
Նախորդ տարի Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցում ուսումնական վերջին զանգը հնչել է սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանի համար. “Շատ խենթ ու ուրախ են անցել դպրոցական տարիներս: Բավական չարաճճի աշակերտ եմ եղել: Դասընկերներիս հետ հաճախ եմ փախել դասերից, ինքս էլ նախաձեռնողներից եմ եղել, երբեմն էլ մենակ եմ փախել”:
Եվան չի սիրել մաթեմատիկան, այդ պատճառով հիմնականում փախել է այս առարկայի դասերից.“4-րդ դասարանում, որպեսզի մաթեմատիկայից անբավարար գնահատական չդրվի օրագրիս մեջ, կողքիս նստող դասընկերոջս խնդրեցի իր պայուսակում թաքցնել օրագիրս, ուսուցչուհուս էլ խաբեցի`ասելով, որ այն տանն եմ մոռացել”:
Նա պատմել է նաեւ, որ իր չարաճճիությունների համար մայրիկին դպրոց են կանչել, ինչի հետեւանքով տանն արժանացել է նախատինքների. “Այն կարծիքին եմ, որ դպրոցը հետաքրքիր է նաեւ նման արարքներով: Այսօր փողոցում տեսնելով շրջանավարտների` հիշեցի իմ “Վերջին զանգը”: Շատ եմ կարոտում դպրոցս, ուսուցիչներիս, սակայն ժամանակի սղության պատճառով չեմ այցելում նրանց”:
BRAVO.am
Լուսանկարները` Անի Պետրոսյանի, Լանա Խաչատրյանի, Եվա Բաղդասարյանի անձնական արխիվներից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: