×


Աննա Գեւորգյան.«Խնդիրը միայն իմ մեջ է…»

Աննա Գեւորգյանը տոնական օրերն անցկացրել է ընտանեկան ջերմ մթնոլորտում: Հաղորդավարուհին առաջին անգամ տոնածառը զարդարել է դուստրերի հետ, որի շուրջ իրականացված գեղեցիկ ֆոտոշարքը տրամադրել է BRAVO.am-ին, իսկ զրույցի ընթացքում էլ պատմել, թե ինչու է 2015-ը համարում իր կյանքի ամենադժվար տարին:

Աննա Գեւորգյանի ընտանիքը


«Եթե ներկայացնեմ կյանքս…»


Իրավունք չունեմ դժգոհելու, որովհետեւ մեղք կգործեմ, քանի որ ընդհանուր առմամբ, եթե ներկայացնեմ կյանքս, այն երանելի եւ նախանձելի կթվա, բայց, միեւնույն ժամանակ, կարող եմ վստահ ասել, որ նախորդ տարին ամենադժվարն էր իմ կյանքում: Խնդիրը միայն իմ մեջ է. ներքին եսիս հետ եմ անհաշտ: Կարծում եմ` հետծննդաբերական ճգնաժամային հոգեվիճակ է ապրելակերպի կտրուկ փոփոխությունից, քիչ քնելուց եւ առանց ընդմիջումների անվերջ երկու երեխա եւ ամուսին խնամելուց: Գիտակցում եմ, որ սա կարճատեւ շրջան է յուրաքանչյուր մայրիկի կյանքում, անցողիկ է, չնայած` եթե կան երեխաներ, կան նաեւ խնդիրներ, որոնց բնույթն է փոխվում տարիքի հետ:

«Պետք չէ սերտաճել գազօջախին»


Մեր տան տիկինը սկեսուրս է, իսկ ես, լինելով տարիքով ավելի փոքր ու ընտանիքի նոր անդամ, կենցաղում որոշումներ չեմ կայացնում, չնայած` զուգահեռ ապրում ենք նաեւ առանձին: Ամանորին միասին էինք եւ բոլոր գործերն արել ենք այնպես, ինչպես ընդունված է եղել մինչեւ իմ գալը: Բացի այդ, ժամանակները փոխվել են. շուկայում տեսականին այնքան բազմազան է, գեղեցիկ ու համեղ, որ ունենալով երկու փոքր երեխա, կարելի է ինքնազոհողության չգնալ եւ շատ բաներ գնել խանութից, ոչ թե տոնին նախորդող վերջին երկու շաբաթը սերտաճել գազօջախին:

Աննա Գեւորգյանի ընտանիքը


«Առաջին անգամ էր, որ հրաշքի չեմ սպասել»

Ողջ գիտակից կյանքիս ամենասիրած տոնն է Ամանորը: Այս տարին իսկապես տարբերվեց մնացածներից, ցավոք, նրանով, որ առաջին անգամ այդ օրը հրաշքի ու հեքիաթի չեմ սպասել ու չեմ հավատացել: Երեւի թե կորցրել եմ մանկությունս հենց նախորդ տարվա ընթացքում: Արդեն պետք է ոչ թե սպասեմ հեքիաթի, այլ ինքս ստեղծեմ այն երեխաներիս համար:

«Մեծ աղջիկս հայրիկին առանց խաղալիքի ներս չի թողնում:)»

Չեմ հիշում, որ երբեւէ Ձմեռ պապին նամակ գրած լինեմ. վաղ տարիքից ինքնուրույն եմ եղել ու գումար վաստակել: Չունեմ սովորություն որեւէ մեկից բան ուզելու, նույնիսկ Ձմեռ պապուց: Իսկ դուստրերս դեռ չունեն տոնի գիտակցում, ոչինչ չէին ուզել, չնայած, որ մեծ աղջիկս հայրիկին առանց խաղալիքի տան շեմից ներս չի թողնում:):

Աննա Գեւորգյանի ընտանիքը


«Կուզեմ կտրվել տան գործերից եւ երեխաների խնամքից»

Կուզեմ այս տարի գոնե օրը մի քանի անգամ կտրվել տան գործերից եւ երեխաների խնամքից, կարողանալ նորից զբաղվել սիրածս գործով, ստեղծագործել, շփվել ու աճել որպես անհատ: Իսկ աշխարհի բոլոր բարի մարդկանց մաղթում եմ ամուր, ջերմ ընտանիք, ու, ինչպես հասկացել եմ կյանքիս ընթացքում, ամենակարեւորը` առողջությունն է ու խաղաղ հոգեվիճակը: Մի քիչ էլ հաջողություն. լավատես եղեք, եւ ամեն ինչ լավ կլինի:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Գեւորգյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW