Երեկ հայտնի են դարձել մարտի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության անվանակարգերում առաջադրված արտիստների, խմբերի ու նախագծերի անունները։
Посмотреть эту публикацию в Instagram
Անվանակարգերը հայտարարելուց հետո մի շարք կատարողներ անդրադարձել են սպասվելիք մրցանակաբաշխությանը: «Եվրատեսիլ 2023»-ի մասնակից Բրյունետը հստակեցրել է, որ այս տարի եւս չի մասնակցելու ու նրա անունը ցանկում հայտնվել է առանց իր թույլտվության:
«Միակ ճանաչումը, որն ինձ համար իսկապես կարեւոր է, դուք եք՝ մարդիկ, ովքեր լսում են իմ երաժշտությունը, երգում այն ու պահում իրենց սրտերում: Դուք եք իմ իրական մրցանակը»,- գրել է նա:
Բրյունետը՝ «Խազեր 2025» մրցանակաբաշխությանը
Իվետա Մկրտչյանը եւս «Խազեր» մրցանակաբաշխությանը չմասնակցելու որոշում ունի, որի մասին եւս մեկ անգամ հիշեցրել է: Նա տեղեկացրել է, որ ինքն ու իր թիմը գրավոր ու բանավոր կերպով բազմիցս այդ մասին տեղեկացրել են «Խազեր»-ի կազմակերպիչներին. «Ավելին՝ հստակեցրել եմ ու պահանջել, որ իմ անունն ու ազգանունը չօգտագործվի որեւէ անվանակարգում կամ դրան վերաբերվող արշավներին: Հույս ունեի, որ կազմակերպիչները նույն հարգանքով կմոտենային իմ որոշմանը, որը, ցավոք, անտեսվել է»:
Նա, Բրյունետն ու Սոնա Ռուբենյանն առաջադրված են «Տարվա լավագույն երգչուհի» եւ այլ անվանակարգերում:
2025-ին «Խազեր»-ում «Տարվա լավագույն երգչուհի» ճանաչված Սոնա Ռուբենյանը նշել է, որ իր երկրում ու իր ժողովրդի համար երգում է 5 տարեկանից, որոնց սերն ու գնահատականն իր համար ամենաարժեքավորն են. «Ձեր սերն անգին է, ասել եմ ու կասեմ: Եվ պատրաստ եմ նույն նվիրումով շարունակել իմ ճանապարհը: Ի գիտություն բոլորի՝ ոչ նախորդ տարի, ոչ էլ այս տարի ինձ չեմ առաջադրել «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում: Գիտեմ, որ դա արել են քվեարկության միջոցով լսողները, սիրողներն ու այն մարդիկ, ովքեր գնահատում են նշված ու կարճ ցուցակ անցած արտիստների աշխատանքը»:
Հաղորդավար, Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանն էլ նշել է, որ միայն Հայաստանում է, երբ տաղանդավոր ու ակտիվ են, երգեր եւ ալբոմներ ունեն, բայց առաջադրվելու դեպքում բողոքում են:
«Ակտիվ չես, երգեր չես ձայնագրում, տեսահոլովակներ չես նկարահանում, նստած սպասում ես՝ երբ տաղանդդ կգնահատվի: Չեն առաջադրում, բողոքում ես: Հույս ունեմ, որ բոլոր տաղանդավոր երգչուհիներն այս տարի գոնե ակտիվ կլինեն, որ հաջորդ տարի իսկապես ամենահետաքրքիր անվանակարգը կրկին «Տարվա լավագույն երգչուհի»-ն լինի: Շատ անվանակարգերի հետ համամիտ չեմ, բայց այդ ամենը զարգացնել է պետք, ոչ թե մերժել: Եղեք օրինակ, մոտիվացրեք, որ մի բան փոխվի փոփ երգարվեստում: Անորակը գրավել է շոուբիզնեսը, գոնե դուք ձեր որակյալ երգերով մի մերժեք»,- նշել է նա:
Սյուզաննա Մելքոնյանը անվանակարգերը հայտարարերուց հետո խոստովանել է, որ որեւէ պարտություն իրեն չի կոտրել, հակառակը՝ պատվով ընդունել է այն ու առաջ անցել: Նա շնորհավորել է իր գործընկերներին առաջադրվելու համար: «Այստեղ հարցն այլ է: Շատ նրբություններ հաշվի առնելով՝ ինքս իմ հանդեպ ազնիվ գտնվեցի ու անցած տարի հայտ չներկայացրի: Այս տարի շատերի հորդորով ու կատարածս փոքրիկ աշխատանքով 2 անվանակարգում հայտ ներկայացնելով (իմ պատկերացմամբ՝ միայն մեկում շանս ունեի ընդգրկվելու), չանցա եւ ոչ մեկում: Անշուշտ, այս ամենը գեղեցիկ է, լավ ու մոտիվացնող: Բայց դուք եք իմ ամենամեծ ուժը, սերը, մոտիվացիան, շատ սիրելի հանդիսատես ու հեռուստադիտող: Գուցե, շատ երգեր չունեմ, ներեք, դեռ սա է հնարավորությունս, բայց դրանք ապրում են մարդկանց սրտերում, ինչն էլ ամենամեծ մրցանակն է: Հետմահու չգնահատեք ինձ՝ գերեզմանիս ծաղիկներ դնելով ու հզոր անվանելով: Պաշտոնապես դուրս եմ գալիս Հայաստանի ազգային երաժշտական ակադեմիայից»,- անկեղծացել է Մելքոնյանը:
Այդքան բողոքներից ու կարծիքներից հետո իր տեսակետն է ներկայացրել նաեւ Հայաստանի ազգային երաժշտական ակադեմիան՝ նշելով, որ անվանակարգերը կազմվում են ինչպես արտիստների սեփական դիմումների համաձայն, այնպես էլ երկրպագուների քվեարկության:
«Երկրպագուների 100-ից ավելի ձայներ հավաքելու պարագայում, արտիստները, խմբերն ու նախագծերն ինքնաբերաբար դառնում են մասնակից: Դա խոսում է տվյալ արտիստի ստեղծագործական ակտիվության եւ երկրպագուների համակրանքի մասին: Ակադեմիայի առաքելությունն է ստեղծել մրցունակ դաշտ, որտեղ կգնահատվեն լավագույն արտիստները՝ միեւնույն ժամանակ ոգեւորելով նրանց ներկայացնել նոր ստեղծագործություններ ու նախագծեր»,- նշված է հայտարարությունում:


×
1,144





