Աննա Գրիգորյանն այս ամռան ընթացքում հասցրել է ոչ միայն աշխատել, մի քանի ֆոտոշարք ներկայացնել, այլեւ ճանապարհորդության է մեկնել:): Հաղորդավարուհի-մոդելը վերջերս ստորեւ ներկայացված լուսանկարի շնորհիվ 11-օրյա հանգիստ է ունեցել Եվրոպայում: BRAVO.am-ի հետ զրույցում նա կիսվել է Իտալիա, Ֆրանսիա եւ Իսպանիա կատարած ուղեւորության տպավորություններով եւ տրամադրել լուսանկարներ:
Աննա Գրիգորյանը
Հաղթած ուղեւորություն
Մեկնել էի լուսանկարիչ Տուշո Բարսեղյանի հետ: Իր հեղինակած իմ լուսանկարը, քվեարկությամբ ամենից շատ ձայն հավաքելով, հաղթել էր “Ամենանուրբ ու գեղեցիկ լուսանկարը” խորագրով մրցույթում, եւ քանի որ համատեղ աշխատանք էր, տոմսն էլ երկու հոգու համար էր, միասին ուղեւորվեցինք:
Երկրից երկիր ճամփորդում էինք “Norwegian Epic” նավով: Առաջինն Իտալիան էր. սկզբում եղանք Նեապոլում, Չիվիտավեկիայում եւ Հռոմում, որից հետո նավն ընթացավ դեպի Ֆրանսիա` Մարսել, այնուհետեւ` Պալմա դե Մայորկա ու Բարսելոն:
Շատերն ասում են` Եվրոպայում մարդիկ սառն են, սակայն եվրոպացիների սառնությունը չեմ զգացել ու իմ հանդեպ միայն ջերմ վերաբերմունք եմ տեսել: Հետաքրքիր էր, բայց ինձ հաճախ շփոթում էին իտալացու, իսպանացու հետ, նույնիսկ հարցնում էին` գերմանացի եմ, թե` ռուս, նրանց մտքով չէր էլ անցնում, որ կարող եմ Հայաստանից լինել:
Աննա Գրիգորյանը Եվրոպայում
Վայելել է
Ըստ իս, Եվրոպան ունի ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմեր, բայց ավելի շատ նկատել եմ դրականը: Հատկապես ազատությունը շատ եմ գնահատում. այնտեղ ես զգացի համով ու հոտով ազատություն եւ 11 օրվա ընթացքում իմ ազատությունը ոտնահարող ու սահմանափակող երեւույթներ չտեսա:Ամեն օրս ու վայրկյանս փորձում էի վայելել:):
Այս ճամփորդությունը նաեւ փոխեց իմ աշխարհայացքն աշխատանքի հանդեպ: Միշտ էլ փորձել եմ առավելագույնն անել, լավ աշխատուժ եմ եղել, բայց հիմա ավելի եմ գնահատում այն մեծ ու հզոր երեւույթը, որ կոչվում է Ժամանակ: Երբ տեսա շքեղ ու թանկարժեք վայրեր, մտածում էի` որքան շատ պետք է աշխատեմ, որ կարողանամ վայելել այդ բարիքները, որովհետեւ կյանքն այնքան կարճ է, եւ եթե հոգեւոր ու մտավոր ներդաշնակության չենք հասնում, գոնե սոցիալական բարիքներից կարողանանք օգտվել: Եվրոպայում շրջելով` համոզվեցի` ինչո՞ւ չաշխատել ու չօգտվել:
Աննա Գրիգորյանը Եվրոպայում
Ամենից շատ հավանել է…
Նեապոլում հավանել եմ նեղ փողոցները. ամեն անկյունում կարելի է հետաքրքիր լուսանկար ստանալ, իսկ ինձ համար լուսանկարվելը եւ լավ ֆոտոշարք ունենալն աննկարագրելի հաճույք է: Նեապոլն այդքան հայտնի չէ իր պատմամշակութային եկեղեցիներով, բայց հիանալի ճարտարապետական կոթողներ կան, որոնց կողքով չես կարող անտարբեր անցնել: Քանի որ փողոցները լայն չեն ,բնակիչները տեղաշարժվում են մոտոցիկլետներով ու հեծանիվներով: Քանի որ էքստրիմի ու արագության սիրահար եմ, մոտոցիկլետն այնտեղ դարձավ իմ ամենասիրելի փոխադրամիջոցը. դեռ չեմ կարողանում վարել, բայց համոզված եմ` կսովորեմ:
Հռոմը գժվելու չափ գեղեցիկ քաղաք է, հատկապես Կոլիզեյն առաջին անգամ տեսնելիս հետաքրքիր ապրումներ ունեցա: Բարսելոնում էլ տեղաշարժվում էինք գնացքներով ու ավտոբուսներով, տեսանք Սագրադա Ֆամիլիա տաճարը, որը հարյուրամյակներ շարունակ կառուցվում է, չնայած` ասում են, որ այս տարի կավարտեն:):
Աննա Գրիգորյանը Եվրոպայում
Կարոտած վերադարձել է
Եվրոպան ինչքան էլ գեղեցիկ ու դրական է, ես ինձ “տանը” չէի զգում, չնայած` շփման ու լեզվի հետ խնդիր չունեի: Երբ հասանք “Զվարթնոց” օդանավակայան, շատ սոված էի, իմ մտերիմ ընկերներից մեկին խնդրեցի, որ գնանք ինչ-որ բան ուտելու, բայց վաղ առավոտյան ոչ մի տեղ դեռ չէր բացվել: Զբոսնում էինք Երեւանում` Կասկադում, իսկ ես կարոտից ուզում էի պատերը համբուրել: Այո, իսկապես կարոտել էի Երեւանը, չնայած գիտեի, որ նորից նյարդայնանալու եմ մարդկանց չուզողությունից, բայց այդ պահին երջանիկ էի, որ արդեն տանն եմ:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տուշո Բարսեղյանի եւ Աննա Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: