×


Աննա Մանուչարյանն առաջին անգամ խոսում է անձնականի եւ ամուսնալուծության մասին

Հեռուստատեսային մի շարք նախագծերից հայտնի Աննա Մանուչարյանը, որն այս շրջանում հանդես է գալիս «Քարե դարդ» սիթքոմում, օրերս դստեր` Արփիի հետ լուսանկարվել է BRAVO.am-ի համար: Դերասանուհու եւ աղջնակի սերը, ջերմ ու ընկերական հարաբերությունները նկատելի են լուսանկարներում, անկեղծ է ստացվել նաեւ նրա հետ մեր զրույցը:

Աննա Մանուչարյանը` դստեր հետ


«Չէի համարձակվում բարձրաձայնել այդ մասին»


Դերասանուհի դառնալը մանկության երազանք էր: Դպրոցն ավարտելուց հետո չէի համարձակվում բարձրաձայնել այդ մասին. վստահ էի, որ հայրս դեմ կլինի: Ինձ համար այլընտրանքային տարբերակ ընտրեցի` որոշելով դառնալ երգչուհի, եւ ընդունվեցի կոնսերվատորիա, որտեղ դասավանդում էր հայրս, եղբայրս էլ այդ շրջանում սովորում էր: Այդ տարիներին ամուսնացա: Չէի հասցնում դասի գնալ, բայց ավարտեցի, դիպլոմ ստացա, թեեւ ինձ համար լիարժեք չեղավ ուսումս:

«Ամուսնալուծությունից հետո...»


Երբ ամուսնացա, 19 տարեկան էի, հարսանիքս էլ ծննդայնս օրը տեղի ունեցավ: Բայց Արփիի ծննդից մեկուկես տարի հետո ամուսնալուծվեցինք ու դրանից հետո իմ եւ նախկին ամուսնուս ճանապարհները չեն խաչվել:

«Ճիշտ ճանապարհն եմ փնտրում»

Երգել շատ եմ սիրում, հատկապես այժմ շատ է կուտակվել երգելու ցանկությունը: Այսքան տարի այն խեղդել եմ իմ մեջ եւ հիմա դրսեւորելու ճիշտ ճանապարհն եմ փնտրում: Քիչ մնաց:

Աննա Մանուչարյանը` դստեր հետ


Երազանքի հետքերով


Երբ կյանքի նոր փուլում էի, մտածեցի մանկությանս երազանքի հետեւից գնալ եւ ինքնուրույն որոշում կայացնել: Ընդունվեցի Թատերական ինստիտուտ` Արմեն Էլբակյանի կուրսը: Դերասանի համար մասնագիտական կրթությունն, անշուշտ, կարեւորում եմ: Ինչպես յուրաքանչյուր մասնագիտության դեպքում, կան հմտություններ, որոնց տիրապետել է պետք, իսկ տիրապետում ես սովորելով:

«Արձակուրդս կվայելեմ ծովափին»

«Քարե դարդ»-ն այս շրջանում արձակուրդում է, բայց ինձ համար ամիսը հետաքրքիր էր ու լեցուն. բացի այն, որ վարում էի «Ոսկե ծիրան» փառատոնը, նաեւ բազմաթիվ ֆիլմեր եմ դիտել: Դեռ շարունակում եմ աշխատել ռադիոյում, իսկ արձակուրդս կվայելեմ օգոստոսին: Ինձ համար հանգիստն ասոցացվում է ծովի հետ, երբեք չեմ կարող հանգստանալ, օրինակ, Աղվերանում կամ Հանքավանում: Այս տարի էլ հաստատ ծովափնյա հանգստի կմեկնենք: Դեռ չգիտեմ` ուր կգնանք, բայց ուզում եմ նոր երկիր այցելել:

«Սկսեցին ինձ շատ սիրել:)»


«Քարե դարդ»-ում Նինիի կերպարի շնորհիվ բոլոր երեխաները սկսեցին ինձ նկատել ու շատ սիրել:): Նաեւ ծանոթացա շատ լավ անձնակազմի հետ: Ռեժիսոր Վարդան Հակոբյանի շնորհիվ նկարահանումներն անցնում են ուրախ մթնոլորտում, տաղավարում տիրում է հանգստություն, թեթեւություն, չկա լարվածության նշույլ:

Աննա Մանուչարյանը` դստեր հետ


«Երբ առանձին էինք ապրում…»

Ես եւ աղջիկս երկար ժամանակ առանձին ենք ապրել իմ տանը, իսկ այժմ ծնողներիս տուն ենք տեղափոխվել: Չէի կարողանում աշխատանքս համատեղել Արփիի դասերի, պարապմունքների հետ: Նրա դպրոցը մայրիկիս տան մոտ է, մայրս էլ դասավանդում է այնտեղ: Երբ առանձին էինք ապրում, պատասխանատվությունն ավելի մեծ էր, պետք է հասցնեի ամեն բան ճիշտ ժամանակին անել: Այժմ խիղճս ավելի հանգիստ է:

«Որոշել է թավջութակահարուհի դառնալ»

Արփին 9 տարեկան է, շատ կազմակերպված, աշխատասեր, լիդեր է տեսակով: Երաժշտական դպրոց է հաճախում: Վերջերս խաղացել է «Անտունի» կարճամետրաժ ֆիլմում: Սիրիայի պատերազմից փախած հոր եւ աղջկա պատմություն է, դժվար նկարահանումներ էին. առավոտյան ժամը 5-ին Սաղմոսավանքում էինք լինում, ցուրտ էր, անձրեւի տակ տեսարան էլ կար: Էպիզոդիկ դերով նկարահանվել է նաեւ մեր սիթքոմում: Այդ շրջանում ուզում էր լավ հեծանիվ ունենալ, աշխատեց ու գնեց: Չնայած այս ամենին` աղջիկս չի ցանկանում դերասանուհի դառնալ, միշտ ասում է, որ թավջութակահարուհի է լինելու:

Աննա Մանուչարյանը` դստեր հետ


«Կրկին կմայրանամ 32 տարեկանում»

Արփիին երիտասարդ տարիքում եմ ունեցել, վայրկյան անգամ մենակ չեմ թողել, նրա հետ մեծացել եմ: Հետաքրքիր է, բայց միշտ մտածել եմ, որ երկրորդ անգամ կմայրանամ 32 տարեկանում: Երեխաներին շատ եմ սիրում, կարծում եմ` հենց 32-ում էլ կրկին մայր կդառնամ: Կուզեմ աղջիկ ունենալ` Արփիի նման:

«Ես չեմ շտապում»

Անձնականին վերաբերող յուրաքանչյուր հարց ինձ համար նուրբ անդրադարձի է արժանի, հետեւաբար, միշտ խուսափում եմ հստակ պատասխաններից: Չեմ ուզում ասել` այս պահին կա իմ կյանքում մեկը, թե ոչ: Գիտեմ, որ երբեք շտապել չարժի, եւ ես չեմ շտապում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW