×


Դավիթ Հարությունյան. «Ամենահաճելին անծանոթ գորիսեցիների արձագանքն է»

Բեմադրիչ Դավիթ Հարությունյանը կես տարի է՝ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն է: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է նոր աշխատանքի առանձնահատկությունների, Սյունիքի ու նրա բնակիչների, թատրոնում անելիքների ու խնդիրների մասին:

- Դավիթ, մի քանի ամիս է՝ Գորիսի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն եք։ Ինչպե՞ս սկսվեց թատրոնի հետ ծանոթությունն ու հարմարվելը։

- Դեռեւս 2025 թ.-ի ամռանը թատրոնի տնօրեն Սյուզաննա Խաչատրյանից առաջարկ ստացա ստանձնել թատրոնի գլխավոր ռեժիսորի պարտականությունները։ Հասկանում էի այնտեղ աշխատելու կարեւորությունը, ժամանակի եւ տարածության հետ կապված դժվարություններն ու անելիքների ծավալը։ Ոչինչ էլ հեշտ չէ, եւ խնդիրներն ամենուրեք բազմազան են։ Սյունիքը հմայում է. ուրիշ է, մարդիկ այլ են, Գորիսն իր հերթին դիմագիծ ունի, խնամված ու կոկիկ է, բնությունն՝ աննկարագրելի։ Այնքան ես բարձրանում, որ հավասարվում ես ամպերին։ Գորիսը՝ ծածկվելով ծանր ու խիտ մառախուղով, դժվարությամբ է հրաժեշտ տալիս իր հյուրերին։ Մտածեցի, գուցե իսկապես կարո՞ղ եմ օգտակար լինել թատրոնին։ Նոր միջավայր է, մարդիկ, թատրոն է, ինձ համար լրիվ նոր հայացքներ, սկզբունքներ, մտածողություն։ Այս ամենն իր հետաքրքրությունն ունի։ Ժամանակը կգնահատի, թե որքանով ստացվեց մեր համագործակցությունը։ Թատրոնի անձնակազմի հետ առաջին իսկ ծանոթությունից հետո սահուն անցանք մեր ընդհանուր անելիքներին։

- Ի՞նչ աշխատանքներից սկսեցիք առաջին քայլերը նոր վայրում։

- Նախ դիտեցի թատրոնի խաղացանկում եղած ներկայացումներից մի քանիսը։ Տնօրենի հետ ծրագրեցինք մինչեւ տարեվերջ, ինչպես նաեւ հաջորդ տարվան միտված թատրոնի անելիքները։ Աստիճանաբար ծանոթացա ստեղծագործական ու տեխնիկական անձնակազմի հետ, բացի այդ, ուսումնասիրեցի թատրոնի տեխնիկական հնարավորությունները, որպեսզի կարողանանք առավել ճիշտ ծրագրել մեր աշխատանքները։ Եվ քանի որ հոկտեմբերին լրանում էր հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի 150-ամյակը, անմիջապես ձեռնամուխ եղանք գրողի հանրահայտ «Աբու-Լալա Մահարի» պոեմի բեմադրական աշխատանքներին։ Պլաստիկ դրամայի բեմանկարչությունը վստահվեց երիտասարդ ռեժիսոր Քրիստինա Վարդանյանին։ Զուգահեռաբար թատրոն հրավիրվեց նաեւ երիտասարդ բեմադրիչ Յուրա Կիրակոսյանը: Նա ստանձնեց «Ուրբաթ 13» ֆրանսիական կատակերգության բեմադրական աշխատանքները, որի առաջնախաղը տեղի կունենա այս գարնանը։ Իսկ տարեվերջին մանուկների դատին հանձնեցինք «Հրաշագործի նվերը» ներկայացումը, որն ընդգրկվել է թատրոնի խաղացանկում: Թատրոնը Գորիսի համայնքապետարանի հետ համատեղ թատերականացված ելույթով ակտիվ մասնակցություն ունեցավ քաղաքի նախաամանորյա տոնակատարությանը։


- Ինչպիսի՞ն է թատրոնի մարդկային ու տեխնիկական ներուժը։

- Թատրոնը, որպես արվեստի տեսակ, ցանկացած քաղաքի համար ունի կենսական նշանակություն եւ մշտապես պահանջում է բարձրակարգ, պրոֆեիսիոնալ կադրերի ներկայություն։ Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը եւս բացառություն չէ, ու այստեղ նույնպես կա դերասանակազմի եւ տեխնիկական մասնագետների համալրման կարիք։ Ուրախալի է թատրոնի սպասվելիք հիմնանորոգումը, որը, հուսով ենք, վերջապես կմեկնարկի եւ բարեհաջող ավարտ կունենա։

Վերջին տարիներին թատրոնն ակտիվորեն մասնակցել է ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային թատերական փառատոններին՝ բարձր պահելով Հայաստանի անունը եւ ներկայացնելով հայ թատերարվեստը։

- Իսկ առհասարակ թատրոնն ինչպիսի՞ն է ու ի՞նչ հիմնական խնդիրներ ունի։

- Այն իր պատմությունն ունի՝ թատրոնին հատուկ շրջադարձային պահերով: Ներկայացումներ ունի, որոնք մինչ այժմ հիշվում են, եւ դա հրաշալի է։ Ժամանակին ստեղծագործական կազմում ներգրավված են եղել ավելի մեծ թվով դերասաններ ու ռեժիսորներ։ Ցավոք, ժամանակի ընթացքում թատրոնն ունեցել է կադրային զգալի արտահոսք։ Մեծերը պատմում են, որ Արցախյան առաջին պատերազմի տարիներին եղել են օրեր, երբ Գորիսն ընկել է հրետակոծման տակ, իսկ թատրոնում այդ պահին փորձեր էին ընթացքում։ Թատրոնը շարունակել է գործել եւ հասել է մեր օրեր։ Այժմ հիմնական խնդիրներից մեկը նոր ասելիքով ու բեմադրական ոճերով, գեղագիտական մոտեցումներով խաղացանկի անդադար ապահովումն է եւ համայնքի հանդիսատեսի ուշադրությունը դեպի թատրոն ուղղելը։ Սա, իհարկե, տեւական ու անհոգնում աշխատանք է ենթադրում:

- Թատրոնի համար կարեւոր մյուս բաղադրիչը հանդիսատեսն է: Արդյո՞ք Գորիսում ու Սյունիքի մարզում սիրո՞ւմ են ներկայացումներ դիտել։

- Սյունեցիները լեռնական ժողովուրդ են։ Մարդկանց ոգին այլ է։ Պարզ, ուղղախոս, հյուրընկալ, բայց միեւնույն ժամանակ պահանջկոտ են։ Գորիսեցիներն իրենք են միշտ սիրում ասել. «Պատառ կոպիտ ենք»։ Ի վերջո, հայրենիքի այս չքնաղ մասն անընդհատ դիմագրավել է թշնամու հազար ու մի հարձակումների, պաշարվել ու հետո նորից պատռել է թշնամու օղակը, հարվածների տակ գտնվելով՝ պահպանել է իր ազգային դիմագիծը։ Սյունիքում երկու դրամատիկական թատրոն է գործում՝ Գորիսի եւ Կապանի։ Ցավոք, Գորիս քաղաքն այժմ մի տեսակ առանձնացած վիճակում է գտնվում. մի կողմից դեպի Արցախ տանող Հակարի փակ կամուրջն է, իսկ մյուս կողմից՝ դեպի Կապան տանող Շուռնուխ գյուղով անցնող փակ ճանապարհը։ Այս ամենը չէր կարող իր բացասական հետքը չթողնել համայնքի ու նրա բնակիչների վրա։ Այդ սպիները դեռ երկար կմնան... Բայց ամենահաճելի զգացումներից մեկը հենց այն է, երբ Գորիսի մաքրամաքուր ու գեղեցիկ փողոցներով անցնելիս անծանոթ մի քաղաքացի մոտենում, սեղմում է ձեռքդ ու զրույցի բռնվում վերջերս դիտած ներկայացման շուրջ։ Հենց այդ ժամանակ կատարածդ աշխատանքի շուրջ տատանվող ու հակասող մտորեմները միանգամից հօդս են ցնդում։ Ես հավատում եմ, որ հետզհետե բոլորիս ջանքերի ու աննահանջ նվիրումի շնորհիվ ե՛ւ թատրոնի խաղացանկը կհարստանա, ե՛ւ հանդիսասրահը հանդիսատեսի պակաս չի զգա։ Առանց հանդիսատեսի թատրոն լինել չի կարող։

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը


- Ապրելով Երեւանում ու աշխատանքի համար ամեն անգամ այդքան ճանապարհ կտրելով՝ հասցրե՞լ եք լիովին ճանաչել մարզն ու նրա առանձնահատկությունները։

- Մարզը դեռ լիովին չեմ հասցրել ճանաչել ու տեսնել, որովհետեւ աշխատում եմ 6 ամիս՝ 2025-ի սեպտեմբերից։ Մինչ այս էլ հաճախ եմ եղել Սյունիքում՝ Սիսիան, Գորիս, Կապան, Վահանավանք, Տաթեւի վանական համալիր, Հարսնաձորի դիտակետ, Որոտանով՝ Սատանի կամուրջ։ Սյունյաց բնաշխարհը նման է Լոռվա բնաշխարհին։ Ամեն ինչ այնքան վեհ եւ ամեհի է, կարծես այդ վայրերով իրական հսկաներ են քայլել։ Առանձնահատկությունները շատ են, եւ դրանք ոչ միայն պետք է տեսնել, այլ նաեւ կարողանալ զգալ։ Օրինակ ե՛ւ հումորն է առանձնահատուկ, ե՛ւ հայրենիքի հանդեպ մեծագույն սերն ու նվիրումն է առանձնահատուկ, ե՛ւ մարդկանց հայացքներում ժպիտի հետ մեկտեղ առկայծում է ինչ-որ առանձնահատուկ խստություն։ Չեմ մոռանա նշել, որ ուտեստներն իրենց հերթին նույնպես առանձնահատուկ են։

- Որքանո՞վ է դա օգնում թատրոնի խաղացանկն ընտրելիս ու պլանները կազմելիս։

- Իհարկե, ուսումնասիրելով տեղի մշակույթը, մարդկանց, նրանց մոտեցումներն ու պատկերացումները կյանքի ու աշխարհի մասին, ունենալով որոշակի դիտարկումներ՝ մի շարք հարցերում կարող ես առավել ճիշտ կողմնորոշվել։ Եվ ահա այստեղ ամենակարեւոր ու մշտնջենական հարցն է ծառանում մեր առաջ. ո՞վ պիտի առաջնորդի՝ արվեստը մարդկանց, թե՞ մարդիկ արվեստին։

- Իսկ աշխատանքն ինչպե՞ս եք կազմակերպում: Քանի որ Ձեր ընտանիքը Երեւանում է, ժամանակն ինչպե՞ս եք բաշխում։

- Հիմնականում շաբաթական երեք օր եմ լինում Գորիսում ու փորձում հնարավորինս շատ բան անել։ Լինում են այնպիսի աշխատանքներ, որոնք կատարում եմ տանը։ Մյուս օրերին Երեւանում եմ։ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում դերասանական կուրս եմ վարում, ու այս տարի ուսանողներս ավարտելու են բուհը։ Երբեմն նույնիսկ հասցնում եմ գնալ Վանաձոր՝ փորձեր անցկացնելու։

- Առաջիկայում ի՞նչ ակնկալենք Գորիսի թատրոնից ու Ձեզնից։

- Առաջիկայում Գորիսի թատրոնում կունենանք երկու առաջնախաղ՝ ֆրանսիական կատակերգություն մեծերի համար եւ տիկնիկային ներկայացում-հեքիաթ մանուկների համար՝ թատրոնի փոքր բեմում։ Կազմված է ամբողջ տարվա հյուրախաղերի ծրագիրը։ Քննարկման փուլում է նաեւ մեկ այլ համագործակցություն արեւմտյան գործընկերների հետ։ Մոտ ապագայում կիրականացվեն այլ նախագծեր եւս։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Գորիսի թատրոնի, Դավիթ Հարությունյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW