×


Նորա Գրիգորյան. «Մոտ 2 ամիս մեկուսացել եմ, հիմա ցանկանում եմ սարեր շուռ տալ»

Նախորդ տարի բեմադրիչ Նորա Գրիգորյանը հեռացավ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից ու երկար ժամանակ ստեղծագործական նորություններ չուներ։ BRAVO.am-ի հետ նոր զրույցում Գրիգորյանը պատմել է աշխատանքի ոլորտը փոխելու, քաղած դասերի ու երեխաների հետ անցկացրած ժամանակի կարեւորության մասին:

- Նորա, նախորդ տարի ապրիլին հեռացաք Ստանիսլավսկու անվան թատրոնից: Ժամանակի խորքից նայելով թատրոնում անցկացրած տարիներին՝ ի՞նչ եք հասկացել, ի՞նչ եք այնտեղ ձեռք բերել ու տվել:

- Անկեղծ ասած, մեծ փորձ եմ ձեռք բերել ու ինձ ավելի վստահորեն կարող եմ մասնագետ համարել, տեսնել իմ ռեժիսորական ուրույն ձեռագիրն ու կարծիք հայտնել։ Բնականաբար, դերասանների ու բոլորի հետ աշխատելու մեծ փորձ եմ ձեռք բերել, ինչն էլ ամենաթանկն է մասնագետ դառնալու ճանապարհին։

- Այս ընթացքում ինչո՞վ եք զբաղվել ու ինչպե՞ս եք անցկացրել Ձեր ժամանակը:

- Մոտ 2 ամիս մեկուսացել եմ, ինչն ինձ շատ հարցերում է օգնել։ Երբեմն ինքդ քեզ հետ մնալու կարիք է լինում, որ կարողանաս գտնել ու տեսնել քո սխալները, հոգումդ թաքնված եւ քեզնից թաքցրած մութ անկյունները։ Գուցե ինչ-որ պահի նույնիսկ խելագարության հասնես, սակայն վերադառնաս այդ վիճակից, որովհետեւ ինքնաճանաչման ճանապարհին շատ բաների ես հանդիպում: Դրանք շատ պետքական ամիսներ էին ինձ համար: Մարքեթինգ ու առցանց գնումներով զբաղվել եմ սովորել, բազմաթիվ ֆիլմեր եմ դիտել, ինչը բուժիչ նշանակություն ուներ ինձ համար: Շնորհակալ եմ մտերիմ ընկերներիս, ովքեր այդ ժամանակը կիսել են ինձ հետ, ու ֆանտաստիկ ֆիլմեր ենք դիտել միասին: Դրանք շատուշատ զգացմունքներ են շարժել եւ օգնել ինքս ինձ հետ ծանոթանալ։ Ինչպես նաեւ երեխաներիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար եմ ուրախ, որ կարողացա նրանց այլ կողմերից էլ ճանաչել: 


- Գիտեմ, որ պատրաստվում եք նոր ներկայացում բեմադրել: Ի՞նչ կպատմեք դրա մասին:

- Ներկայացման վերաբերյալ շատ մանրամասներ չեմ կարող բացահայտել, քանի որ ակտիվ աշխատանքային փուլում ենք: Հիմա գրվում է երաժշտությունը, ինչը շատ հաճելի գործընթաց է: Այն ստեղծում ենք իմ վերջին՝ «Երիտասարդ բժշկի գրառումները» ներկայացման գլխավոր հերոսի՝ Վլադիմիր Օհանյանի հետ: Նա հիանալի դերասան լինելուց բացի, նաեւ տաղանդաշատ երաժիշտ է, ինտելեկտուալ ու հետաքրքիր մարդ, ում հետ կարելի է մի ամբողջ կյանք անցկացնել, անընդհատ նոր գիտելիքներ ձեռք բերել ու աշխարհի գույները տեսնել: Իմ բախտը բերել է, որ նման դերասան ունեմ, որի հետ մի ալիքի վրա ենք ու որոշել ենք նոր բան ստեղծել: 

- Սկսել եք աշխատել նաեւ այլ ոլորտում: 

- Ակումբի արտմենեջեր եւ ստեղծագործական մենեջեր եմ: Նաեւ գիշերն եմ աշխատում, որ մշտապես կապի մեջ լինեմ խմբի հետ: Կյանքիս ամենադժվար փուլում եմ որոշել աշխատել ակումբի հետ: Այնտեղ նորից գտել եմ այնպիսի արժանապատիվ ու սկզբունքներով, հումորով եւ անկեղծ մարդկանց, որոնցից կարող եմ ոգեւորվել: Հիմա աշխատում եմ իմ սրտի թիմի հետ ու շատ տարբերվող վայրում: Թվում է՝ շատ բաներ պետք է կապ չունենային ռեժիսուրայի կամ դերասանի վարպետության, բեմական լույսի ու երաժշտության ընտրության հետ, բայց իմ մասնագիտության հետ շատ զուգահեռներ եմ գտել։ Կարծում եմ՝ միասին երկար ենք աշխատելու. հենց սկզբից էլ ցանկացել եմ նոր բաներ ստեղծել: 

- Այլ նախագծեր կա՞ն:

- Նպատակ ունենք մոտ ապագայում հայրիկիս՝ Ալեքսանդր Գրիգորյանի անվան թատրոն-լաբորատորայի ներքո ստուդիա բացել, որտեղ աշխատելու ենք երիտասարդների հետ: Ուզում եմ շուրջս հավաքել ուժեղ ու պինդ թիմ։ Մանրակրկիտ աշխատանք է տարվում, եւ գուցե կողքից թվա, թե շատ դանդաղ է ընթանում, բայց ինձ համար շատ կարեւոր է վստահ լինել կողքիս գտնվող ընկերոջ ու աշխատակցի հարցում:

Լուսահոգի Ալեքսանդր Գրիգորյանը եւ դուստրը՝ Նորան (արխիվային լուսանկար)


- Որքանո՞վ է թատրոնը շարունակում առաջնային լինել Ձեր կյանքում: Եվ այս ընթացքում ի՞նչ նոր ներկայացումներ ու աշխատանքներ եք դիտել:

- Անկեղծ ասեմ՝ առավելագույնս փորձել եմ կտրվել հենց թատրոնից, որովհետեւ իմ կյանքում այն ամեն ինչում շատ էր, ու երեւի ինչ-որ առումով «վառվեցի»։ Աշխատել եմ թատրոն չգնալ ու ընկղմվել եմ ֆիլմի աշխարհում: Վերջինը «Օփենհայմեր»-ն եմ վերանայել, ինչպես նաեւ Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությամբ «Պայքար պայքարից հետո»-ն։ Նման ռեժիսորական եւ դերասանական ուժեղ խաղի սիրահար եմ: Ի դեպ, շատ հետաքրքիր է նաեւ «Պայքար պայքարից հետո» ֆիլմի երաժշտությունը, որի վրա ուշադրությունս սեւեռել է Վլադիմիր Օհանյանը։ 

- Ինչպիսի՞ն է մեր թատերական աշխարհն ու ինչի՞ պակասն եք զգում։

- Երեւի թե մարդու բացառիկ համբավը պահող, թասիբով, ճիշտ մտածելակերպով, ծանրութեթեւ անող, բարին չարից տարանջատող ու հասկացող մարդիկ են քիչ: Իսկ այդպիսի մարդիկ պակասում են ամեն տեղ. միայն մեր ոլորտի մասին չեմ ասում: Շատ կուզեմ, որ ինչպես «Օզի զարմանահրաշ կախարդը» հեքիաթում, իրականում էլ անսիրտ մարդը վերջապես սիրտ ունենա, անխելքը՝ խելք, վախկոտը՝ ոգի: Ու բոլոր այդ որակները վերջապես ծնվեն յուրաքանչյուր մարդու մեջ, որպեսզի կարողանանք իսկապես բարի ու լուսավոր լինել, եւ այդ լույսը կարողանանք տարածել։ 

- Նորա, բազմազավակ մայրիկ եք, ինչպե՞ս եք ամեն ինչ հասցնում։

- Բալիկներիս տեղափոխել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. երեքը դպրոց են հաճախում, իսկ փոքրս՝ մանկապարտեզ: Կարծում եմ՝ զբաղված մայրերի համար ֆանտաստիկ տարբերակ է, երբ բոլորը նույն վայրում են: Այնտեղ առավոտյան մարմնամարզության ժամանակ հնչում է հայրենասիրական երաժշտություն, բոլորը շուրջպար են բռնում, ու փոքրիկները զգում են այդ միասնական ուժը: Երեխաները վարակվում են հայրենասիրությամբ, ինչն ինձ համար կարեւոր հանգամանք է:


Բալիկներս այս տարվա ընթացքում ինձ համար իսկական բացահայտում են դարձել: Հասկացա, թե որքան հետաքրքիր եւ ուժեղ մարդիկ են մեծանում: Որեւէ տարբերություն չեն դնում իրար միջեւ, կամ էլ շրջապատում, ինչն ինձ համար ամենակարեւորն է:  Անկեղծ են, արդար ու իսկական թիմ են։ Ընտանիքս ինձ շատ է աջակցում. թեւութիկունք ենք իրար: Սկզբում նոր աշխատանքիս վերաբերյալ անհանգստությունը շատ էր. կարծրատիպերի ու կարծիքների հետեւից էի ընկնում, բայց նրանց խորհուրդը եւս լսել եմ, որովհետեւ այսօրվա շունչն են ու կարեւոր է, թե ինչ են մտածում։ 

- Ի՞նչ հետաքրքրություններ ունեն Ձեր երեխաները: Ու միասին ի՞նչ սիրելի զբաղմունքներ ունեք։

- Աղջիկներս գնում են նկարչության, տղաս՝ շախմատի: Միասին շաբաթը գոնե մեկ անգամ ֆիլմ ենք դիտում: Շատ եմ կարեւորում խաղերի դերը ոչ միայն երեխաների, այլ նաեւ մեծերի կյանքում: Իմ հեռախոսում էլ պարտադիր շախմատ կա. եթե ուզում եմ կենտրոնանալ կամ էմոցիաներս բաց թողնել, դիմում եմ շախմատի օգնությանը: Մեր տան հարեւանությամբ ինտելեկտուալ ակումբ է բացվել, շաբաթը մի քանի անգամ գնում ենք, խաղում, մարդկանց հետ ծանոթանում եւ հետաքրքիր ժամանակ անցկացնում: 

Նորա Գրիգորյանը՝ երեխաների հետ


Երեխաների հետ շատ ենք սիրում զբոսնել ու շփվել: Մեզ համար կարեւոր արարողության պես է, երբ շրջանաձեւ նստում ենք գետնին ու կիսվում մեր ապրումներով՝ այն ամենով, ինչը թաքցնելու դեպքում վախերի կվերածվեն: 

Ինձ համար ընտանիքից կարեւոր որեւէ բան չկա, ու քանի որ հիմա ընտանիքումս ամեն ինչ լավ է՝ փոքրիկներս, մայրս կողքիս են, ավելի լավ եմ աշխատում: Ցանկանում եմ նոր սարեր շուռ տալ, ստեղծել, մտածել, հորինել, որպեսզի արդյունքում իմ համերաշխ ընտանիքն իրեն ավելի երջանիկ զգա։ 

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Նորա Գրիգորյանի անձնական արխիվից ու Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW