×


Աննա Մանուչարյան.«Երբ ամուսնության օրը նշանակված լինի…»

Աննա Մանուչարյանը կրկին ակտիվ նկարահանումների մեջ է: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին ասել է, որ վերսկսել են «Քարե դարդ» սիթքոմի նկարահանումներն ու անդադար աշխատում են.«Հեռուստադիտողը կտեսնի նոր ու վայրենի սերիաներ:): Չափազանց հետաքրքիր են անցնում նկարահանումները, երբեմն ինքներս այնքան ենք ծիծաղում, որ նույն տեսարանը ստիպված ենք լինում մի քանի անգամ նկարել: Ինձ համար ամենակարեւորն այն միջավայրն է, որտեղ անցնում է իմ օրվա գրեթե մեծ մասը. մեր թիմում շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ են: Սիթքոմն իր Նինի կերպարով իմ կյանք նոր երանգ մտցրեց»:

Աննա Մանուչարյանը եւ Ռաֆայել Երանոսյանը` «Քարե դարդ» սիթքոմի նկարահանումներին


Բացի նկարահանումները, նա շարունակում է աշխատել Հանրային ռադիոյում` վարելով իր հեղինակային «Գիրք ճանապարհի» հաղորդումը.«Օրս շատ հագեցած է. առավոտյան` ռադիո, հետո նկարահանման հրապարակ ու երեկոյան նոր ազատվում եմ: Մնացած ժամանակը փորձում եմ ընտանիքիս ու աղջկաս տրամադրել»:

Աննան պատասխանել է նաեւ անձնական կյանքին վերաբերող մեր հարցերի. «Ինչպես բոլոր աղջիկները, ես եւս ուշադրության պակաս չեմ ունեցել ու չունեմ, բայց միշտ անհամեստություն եմ համարել շեշտել ուշադրության կենտրոնում լինելս: Իմ կողքի մարդու մասին տեղին կհամարեմ բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ արդեն ամուսնության օրը նշանակված լինի, իսկ հիմա համեստորեն կլռեմ»:

Աննա Մանուչարյանը` դստեր հետ


Նրա համար ընտանիք կազմելը կարեւորագույն քայլ է եւ նախընտրում է չշտապել. «Դրան պարտավոր ենք ամենայն լրջությամբ պատրաստվել, հատկապես իմ պարագայում, երբ արդեն գիտակցում եմ ընտանեկան կյանքի ամբողջ պատասխանատվությունը: Սա ինձ համար ոչ նպատակ է, ոչ երազանք. կկազմեմ ընտանիք այն ժամանակ, երբ վստահ կլինեմ, որ կողակիցս ինձ համար իսկական ընկեր է, ում հետ կապրեմ իմ պատկերացրած կյանքը, կկիսեմ երազանքներս, ու միասին կկերտենք մերը»:

Մեր հարցին` արդյոք դուստրը` Արփին, քույր կամ եղբայր չի ուզում ունենալ, Աննան պատասխանել է.«Հարցրի, ասաց` չէ, քանի որ իր տարիքին չի լինելու: Հասակակից քույր ու եղբայր է ուզում:): Աղջիկս այնքան շատ ընկերներ ունի, մեկ-մեկ կողքից նայում ու երանի եմ տալիս իրենց մանկությանը. շատ գունավոր են ապրում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW