Հանդիսատեսի առջեւ, բայց նաեւ էկրանից այն կողմ Երեւանի կամերային թատրոնի դերասաններն են՝ խաղալու «Սերն ինչպես կինոյում»։ Ներկայացման ռեժիսորը թատրոնի դերասան Ժորա Մարտիրոսյանն է։ BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ ինքը նույնիսկ դեռ չէր միացել Կամերայինի անձնակազմին, երբ մտադրվել էին «Սերն ինչպես կինոյում»-ը բեմադրել:
«16 տարի առաջ Լուսինե Երնջակյանն է ցանկացել բեմադրել: Այդ ժամանակ պետք է խաղային Արշո Հարությունյանն ու Լուիզա Ներսիսյանը։ Ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է, հետո, ճիշտն ասած, ես պետք է խաղայի, բայց էլի չստացվեց, էլի հետ ընկավ։ Հիմա որոշվեց, որ ես բեմադրում եմ, ոչ թե խաղում»,- նշել է Մարտիրոսյանը:
Ասում է՝ իրեն վստահել են ու թույլ տվել ազատորեն ստեղծագործել. «Գիտեինք, թե ինչ տեսարաններ պետք է լինեին ու ինչպես, բայց ընդհանուր առմամբ փորձերի ընթացքում է ծնվել ամեն ինչ։ Բնականաբար, եղել են բեմանկարչության հետ կապված շտկումներ: Լուսինե Երնջակյանն է փոփոխություններ արել: Շատ համատեղ աշխատանք է թատրոնի անձնակազմի հետ»։
Հանդիսատեսը գործողությունների մի մասը տեսնում է բեմում, իսկ մյուս մասը՝ էկրանին. որոշ տեսարաններ տեղի են ունենում թատրոնի այլ հատվածում, որը տվյալ պահին նկարահանվում է եւ ցուցադրվում մեծ էկրանին։ Բեմում Մոհանան եւ Ավետ Զոհրաբյանն են, իսկ էկրանից այն կողմ ընթացող տեսարաններում՝ Էրմինա Զախարովան եւ Մհեր Ալաբեգյանը։
Սա ժամանակակից թատերական պատմություն է զգացմունքների մասին, որոնք անհնար է թվում դադարեցնել։ Պատմություն նախկինների մասին, որոնք չեն կարողանում բաց թողնել անցյալը։ Եվ սիրո մասին, որը ծնվում է այնտեղ, որտեղ նրան ոչ ոք չէր սպասում:
Մհեր Ալաբեգյանի խոսքով՝ ներկայացման ձեւաչափը որքան հանդիսատեսի համար է նոր ու անսպասելի, այդքան էլ իրենց համար։ Կարծես միաժամանակ ե՛ւ թատրոնում լինեն, ե՛ւ կինոյում. «Երկուսը մեկում էր, ինչի պատճառով մի քիչ լարվածություն կար: Փորձեցինք հաղթահարել։ Ուշադիր էինք նաեւ հանդիսատեսի արձագանքին»։
Ներկայացման ավարտին Մոհանան կեսկատակ անկեղծացել է, որ ոչ թե մի քիչ, այլ լա՜վ էլ խմած է․ «Ընդհանրապես չեմ խմում ալկոհոլ, ու մեկ շիշ ռեկվիզիտային գարեջուրն անգամ ինձ վրա շատ է ազդել։ Շատ խառն են էմոցիաներս: Շատ ուրախ եմ ու երջանիկ, որ վերջապես արեցինք սա։ Դերն ինձ գրավել է, քանի որ կերպարի գծերից կան իմ մեջ, բայց ամեն դեպքում ես այդպիսին չեմ կյանքում (ժպտում է,- հեղ․)»։
Ավետ Զոհրաբյանն էլ մեր զրույցում խոստովանել է, որ այս ներկայացումը դարձել է իր ամենասիրելիներից մեկը, թեեւ իրական կյանքում ինքն այլ կերպ կվարվեր. չէր հետեւի նախկին սիրելիին: «Երբ ինչ-որ մեկը գնում է, կարծում եմ՝ գնում է անվերադարձ։ Դրա համար ես իմ հերոսի պես չէի վարվի»,- ասել է դերասանը:
«Սերն ինչպես կինոյում» ներկայացումն արդեն Կամերային թատրոնի խաղացանկում է, եւ հանդիսատեսի արձագանքից է կախված, թե երկար սպասված բեմադրությունը որքան երկար կմնա բեմին։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


×
193






