Մենք հաճախ ենք անտեսում ամենասովորական մարդկային հանդիպումներն ու փոխարենն ընտրում հեշտամարս դոֆամին` կարճ տեսանյութերի տեսքով։ Ընդունում ենք այն, կես վայրկյան հետո մոռանում՝ ինչ ենք տեսել, ու անցնում հաջորդին։ Հեռախոսը դրեցի մի կողմ եւ հետեւեցի ամենաանկեղծ մտքերով համեմված «Արքոյական զրույց»-ին ժամանակակից գրողների հետ:
Հանդիպումը հինգերորդ տարին իրականացվող «ԿարդաLove» գրական փառատոնի շրջանակում էր: Այս անգամ քննարկման մասնակիցներն էին Հովիկ Աֆյանը, Ջեսահը (Գեւորգ Սահակյան), Գրիշ Սարդարյանը, դե իսկ հարցերն ուղղելու պատասխանատվությունը ստանձնել էր Արքմենիկ Նիկողոսյանը։
Շատերը գրելու ընթացքն առեղծվածային են պատկերացնում, սակայն այդքան էլ այդպես չէ։ Գրողն իր զգացմունքների, հույզերի, անհանգստությունների մասին այդ ձեւաչափով է խոսում։ Կան սովորություններ, որոնք հեշտացնում են գործընթացը։ Ասենք՝ Ջեսահին կուտակելու ընթացք է պետք, իսկ Հովիկ Աֆյանն աշխատում է ամեն օր մի բան գրել: Նրան պետք է միայն այնպիսի երաժշտություն, որի բառերը չի հասկանում, թե չէ կտարվի դրանով, ու էլ ի՞նչ գրել։ Գրիշ Սարդարյանը նկատեց, որ, ինչպես Գրիգոր Խանջյանը, ինքն էլ սիրում է գրելիս ջազ լսել. երաժշտությունն օգնում է մտքերն ավելի լավ ձեւակերպել: Չնայած անկեղծացավ, որ երկու տարի է՝ չի գրում. ճգնաժամ է:
Հովիկին մի օր կինն է հարցրել՝ ինչու չի տպագրում իր գործերը: «Ասացի՝ հա էլի, ինչի՞ չեմ տպագրել»,- ծիծաղում է։ Մտքով չի էլ անցել, եւ կնոջ փոքր հուշումն իր համար ավելի լայն ճանապարհ է բացել։ Արքմենիկն ասում է, որ նախկինում, երբ գրական գործընթացին ծանոթ չէր, իր համար էլ էր ծիսական արարողակարգ թվում. «Հիմա՝ ժամանակակից աշխարհում, ամեն ինչ ավելի գործնական է»։
Ջեսահը երրորդ գիրքը՝ «Սպանություն դրախտում»-ը, հրատարակելուց առաջ վստահ է եղել, որ բեսթսելեր կլինի, Արքմենիկին էլ հայտնել է այդ մասին: Հիմա նոր տպաքանակի են սպասում, որովհետեւ նախորդներն ամբողջությամբ վաճառվել են:
Արքմենիկը խոսեց նաեւ Գրիշ Սարդարյանի գրականության մասին: Ցավում է, որ քչերն են ճանաչում նրան, քչերն են կարդում, չնայած՝ գրողին դա դուր է գալիս: Նա հրատարակել է «Եսավ»-ը եւ «Հրամանագիրք» վեպը: Առաջինը փորձարարական պատմվածք է. լեզվական որոշ հնարքներ է գործածել, եւ խաղիկներ կնկատեք ենթագիտակցության հետ:
«Ինձ համար Ջեսահին, Գրիշին կամ ուրիշներին կարդալը ոչ թե այն է, թե իրենք ինչպես են, օրինակ, նախադասությունները ձեւակերպում կամ սյուժեն կառուցում։ Ինձ համար դա մեր քաղաքին հայացք է իրենց պատուհանից: Այն զգացողությունն եմ ունենում, կարծես, Երեւանում բացվել է մի շատ սիրուն տեղ, ու ես չգիտեմ այդ մասին», - նշել է Նիկողոսյանը եւ հավելել. «Անկախ նրանից՝ մեկին շատ են կարդում, մյուսին՝ քիչ, մի շատ լավ բան ունենք՝ հայտնի ժամանակակից գրողների, որոնց ճանաչում են, հանդիպումներին գալիս են: Եվ ամենակարեւորը` հետաքրքիր է նրանց խոսքը լսելը»:
Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան
BRAVO.am


×
150






