Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում ողջ աշխարհով մեկ հնչեցրին Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործությունը։ Սպորտային զույգը հենց այս երաժշտությունն էր ընտրել կարճ ծրագրի համար, որը նրանք հաջողությամբ հաղթահարեցին։
BRAVO.am-ի հետ զրույցում կոմպոզիտոր Արա Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել մեր զույգին՝ «Արցախ»-ն ընտրելու համար, նաեւ անդրադարձել է այն հանգամանքին, որ ստեղծագործության անվանումը չի նշվել ու նույնիսկ Առաջին ալիքի եթերում չի հնչել:
«Առաջին հերթին ինձ համար մեծ պատիվ է, որ իմ երաժշտությունը հնչել է այդքան մեծ սպորտային միջոցառման՝ Օլիմպիական խաղերի ժամանակ։ Արդեն 5-րդ խաղերն են, որտեղ օգտագործվում է հենց «Արցախ» ստեղծագործությունը։
Շատ շնորհակալ եմ մեր գեղասահորդներին, որոնք փայլուն հանդես եկան: Միգուցե մասնագիտական ճիշտ գնատահականներ չեմ տալիս, բայց ինձ համար ելույթն իսկապես անթերի էր ու գեղեցիկ։ Կարծում եմ՝ երաժշտությունն էլ իր մեծ գործն է անում. նպաստում է, որ ավելի ոգեւորված լինեն։
Ինձ շատ լավ զգացի, երբ Կարինա Ակոպովան ելույթից հետո իմ անունը նույնպես հնչեցրեց։ Դրանից առաջ կապվել էին ինձ հետ եւ թույլտվություն խնդրել «Արցախ»-ն օգտագործելու համար։ Անշուշտ, սիրով եմ համաձայնել ու համարել, որ դա նաեւ ինձ համար է մեծ պատիվ։ Մեր գեղասահորդներն առաջին անգամ ներկայացրին Հայաստանը սպորտային զույգերի պայքարում, ինչը մեծ պատիվ է ողջ երկրի ու ազգի համար։
Երբեք չեմ մտածել «Արցախ» երգի անվանումը փոխելու մասին: Երբեք չեմ էլ փոխի։ Հայաստանում չկա որեւէ մեկը, ով չգիտի, որ երաժշտությունն «Արցախ» է կոչվում, հեղինակն էլ ես եմ: Նունն էլ Ադրբեջանում է։
Բայց շատ խիստ չեմ վերաբերվում այն հանգամանքին, որ Առաջինի եթերում մեկնաբանները չնշեցին ստեղծագործության անվանումը։ Միգուցե չարտասանելու համար հաշվի են առել այսօրվա իրավիճակը։ Միջազգային օլիմպիական կոմիտեն կարող էր ավելի խիստ լինել ու քաղաքականությունը չկապել երաժշտության հետ։
ՄՕԿ-ը պետք է հաշվի առնի տարբեր երկրների հարաբերություններն ու իմանա, թե ինչպես վարվել նման դեպքերում։ Ինչպե՞ս է ստացվում, որ մեր դահուկորդի մրցակցային հագուստի վրա «Ադրբեջան» է գրված լինում, ու նա արդարացիորեն ծածկում է այն։
Ադրբեջանի հետ վեճ կար, թե ումն է երաժշտությունը, եւ ապացուցեցի, որ այն ինձ է պատկանում։ 2016-ին Բրազիլիայում ամառային խաղերի ժամանակ հայտարարվեց ««Արցախ». հայկական ազգային մեղեդի»: Շատ գոհ էի, թեեւ իմ անունը չնշվեց։
Միշտ ասել եմ, որ Արցախը մերն է եղել, մերն է լինելու. ապագան Աստված կորոշի։ Ժամանակին մի թուրք քաղաքապետ մեր հոգեւորականներից մեկին հարցրեց. «Արարատը հիմա ձե՞րն է, թե՞ մերը»։ Մեր հոգեւորականը շատ սիրուն պատասխանեց. «Կոստանդնուպոլիսն առաջ հույներինն էր, այսօր ձերն է, վաղը Աստված գիտի, թե ումը կլինի»։
Բոլորիս եմ հաղթանակներ մաղթում՝ մեր երկրին ու մարզիկներին։ Իմ երաժշտությունն էլ օգտագործեք՝ որքան կարող եք. այն հաջողություն է բերում»։
Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Reuters-ի


×
177







