×


Անուշիկ Ալավերդյանի ապրումները, Սոնա Ռուբենյանի հետ զուգերգն ու համերգի հյուրերը

Անուշիկ Ալավերդյանի համար դեկտեմբերի 11-ը կարեւոր օր էր. 1,5 տարվա դադարից հետո երգչուհին ակումբային մենահամերգով նշանավորել է վերադարձը բեմ։ «Մեցցո» ակումբում կայացած համերգին նրան ունկնդրելու էին եկել նաեւ գործընկերներն ու մտերիմները։

Անուշիկ Ալավերդյանի մենահամերգին


Համերգից րոպեներ առաջ նա հուզված ու անհանգիստ էր.«Կարծես, առաջին անգամ պիտի ներկայանամ հանդիսատեսին, անբացատրելիորեն հուզմունք եմ ապրում, ինձ թվում է` ոչինչ չի ստացվի։ Այնքան անհանգիստ եմ, որ սրտխառնոց ունեմ, այսօր ոչինչ չեմ կերել, բայց համոզված եմ` ներկաներն այնքան ուժ կտան, որ լարվածությունս կանցնի»։

Երգչուհին աշխատում է ամուսնու՝ Կարեն Մամիկոնյանի խմբի հետ, որի կազմում երեկ նվագել են երաժիշտներ Դավիթ Մելքոնյանը, Հայկ Ղազարյանը, Վահրամ Դավթյանը, Վարդան Առաքելյանը եւ Հակոբ Օրդակյանը։

Երաժիշտ-ամուսիններ Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանը


Երկու մասից կազմված համերգին Անուշիկը կատարել է անգլալեզու հայտնի երգերը նոր գործիքավորմամբ՝ երեկոն սկսելով «I Love You More Than You'll Ever Know» բլյուզ երգով.«Դադարից հետո ակնկալվում է, որ նոր երգեր լինեն, բայց կատարում եմ հին, սիրված երգեր. ինձ թվում է՝ այդ երգերն այնքան իմն են, որ միշտ կերգեմ։ Այսօր հայերեն երգերս չեմ կատարում, քանի որ չեմ սիրում իրար խառնել։ Երգացանկն ընտրում եմ Կարենի հետ, հիմնականում մեր ճաշակները համընկնում են։ Հազվադեպ ենք տարաձայնություններ ունենում, բայց, միանշանակ, Կարենն ինձնից բծախնդիր է»։

Համերգի ուշագրավ համարն էր Սոնա Ռուբենյանի հետ զուգերգը։ Երգչուհիները կատարել են Ռեյ Չարլզի «I Believe To My Soul» բլյուզ երգը՝ թավջութակահար Նարեկ Գասպարյանի նվագակցությամբ .«Սոնան այն բացառիկ երգչուհիներից է, որ բլյուզ երաժշտությունը լավ զգում է»։

Սոնա Ռուբենյանը եւ Անուշիկ Ալավերդյանը


Նախքան մայրանալը նա պարբերաբար ելույթ էր ունենում ակումբներում, իսկ դստեր ծնվելուց հետո առօրյան փոխվել է.«Մի շրջան Քաթար էինք մեկնել եւ, ամեն օր աշխատելով, 100-ից ավելի համերգ ենք ունեցել։ Հիմա, երբ փորձերի եմ լինում, Մայային մայրս է խնամում։ Այնպես եմ քունը կարգավորել, որ երեկոյան շուտ է քնում, եւ հանգիստ կարողանում եմ տնից դուրս գալ»։

28-ամյա երգչուհին որոշել է Ամանորը դիմավորել տանը՝ փոքրիկի հետ, իսկ հունվարից կրկին կերգի.«Կարենն այդ գիշեր «Ռեինկարնացիա» խմբի հետ համերգներ ունի: Ուղիղ կեսգիշերին տանը միասին կնշենք, եւ ես հանգիստ կքնեմ:)։ Նախորդ տարիներին ակտիվ նշել ենք, 2017 թվականը որոշել եմ հանդարտ ու պասիվ դիմավորել»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW