Երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը դեռ մարտի 21-ին մասնակից էին դարձել աշխարհի ամենաերկար գաթայի համտես-հյուրասիրությանը, որը նախաձեռնել էր «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը: Այդ ժամանակ բոլորին հետաքրքրում էր՝ ինչու գաթան չի գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Ըստ այդմ էլ ընկերության ներկայացուցիչները որոշել են ամիսներ անց եւս մեկ գաթա պատրաստել, որն այս անգամ կգրանցվի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ գաթա: Եվ ահա, այսօր մի շարք երեւանցիներ ու զբոսաշրջիկներ հավաքվել էին Կարապի լճի մոտ՝ համտեսելու ամենամեծ ու ամենահամեղ գաթան: Ի դեպ, ներկա էր նաեւ Գինեսի ռեկորդների գրասենյակի ներկայացուցիչը՝ պաշտոնապես գրանցելու ռեկորդը:
«Աշխարհի ամենամեծ գաթան» թխվել էր նորովի ներկայացված հայկական բաղադրատոմսով եւ «Guinnes World Records» ընկերության բոլոր կանոններին համապատասխան ընթացակարգով: Այն պատրաստվել է «Երեմյան Փրոջեքթս»-ի չորս հրուշակագործների կողմից՝ ընկերության շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանի ղեկավարությամբ: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեկ օր` 24 ժամ, է պահանջվել գաթան թխելու համար, իսկ նախապատրաստական աշխատանքները տեւել են 10 օր.«Առավոտյան կրկին չափեցինք ու կշռեցինք գաթան, եւ քաշը կազմեց 368,6 կգ, երկարությունը` 60 մ, իսկ լայնությունը՝ 37 սմ»,- ասաց նա:
Աշխարհի ամենամեծ գաթան` «Երեմյան Փրոջեքթս»-ի կողմից
«Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն էլ ընդգծեց, որ իրենց աշխատանքի հիմնական դժվարությունը եղել է Գինեսի ռեկորդների գրասենյակի հետ բանակցելը, քանի որ նրանք արդեն ունեին անվանակարգ` Աշխարհի ամենամեծ թխվածքը.«Մեր գլխավոր նպատակը հայկական խոհանոցն աշխարհում ճանաչելի դարձնելն է, այդ իսկ պատճառով ցանկանում էինք գրանցել ամենամեծ գաթան, ոչ թե թխվածքը: Նախորդ անգամ մենք պատրաստել էինք աշխարհի ամենաերկար գաթան, բայց իրենք ասացին, որ երկարությամբ չի չափվում, այլ քաշով: Դրա համար մենք հայտ ներկայացրինք 280 կգ քաշով գաթայի համար, բայց ինչպես տեսնում եք, գերազանցեցինք ինքներս մեզ եւ պատրաստեցինք 369 կգ քաշով գաթա»:
Միջոցառման սկզբում ներկայացավ «Guinnes World Records»-ի պաշտոնական մրցավար, միջազգային արբիտոր Ջոանա Մարի Բրենտը եւ, շնորհավորելով աշխարհի ամենամեծ գաթան պատրաստելու առթիվ, հայտարարեց, որ ռեկորդն արդեն պաշտոնապես գրանցված է Գինեսի գրքում.«Շնորհակալություն ինձ ձեր գեղեցիկ քաղաք՝ Երեւան հրավիրելու համար: Ուզում եմ նշել, որ Գինեսի համաշխարհային ռեկորդների գիրքն ունի իր նվազագույն պահանջները, ըստ որի՝ գաթան պիտի կշռեր առնվազն 18 կգ, բայց առավոտյան, երբ կշռում էինք այն, քաշը կազմեց 368,8 կգ: «Երեմյան Փրոջեքթսն» իսկապես հրաշալի աշխատանք է կատարել, ինչի առթիվ շնորհավորում եմ. դուք պաշտոնապես հայտնվեցիք Գինեսի ռեկորդների գրքում»:
Հերմինե Ստեփանյանը
Իր խոսքի ավարտին նա նաեւ կատակեց, թե իրենց պահանջներից մեկն էլ այն է, որ սեղանին եղած գաթան պիտի ամբողջությամբ անհետանա կարճ ժամանակում, եւ առաջարկեց ներկաներին մոտենալ ու օգտվել հյուրասիրությունից: Հավաքվածներն էլ, իհարկե, չհրաժարվեցին. չէր անցել դեռ կես ժամ, եւ գաթայից միայն փշրանքներ էին մնացել սեղանին, ինչպես նախորդ անգամ: Նախաձեռնության հեղինակները խոստացան, որ առաջիկայում դեռ շատ կլինեն նման միջոցառումներ ու հետաքրքիր նախագծեր:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: