Աշոտ Նավասարդյանի անվան հ. 196 հիմնական դպրոցը նոր, մեծ ու լուսավոր դասասենյակ ունի՝ ներառական կրթության համար նախատեսված կահավորմամբ ու ծրագրերով: Դասասենյակի բացմանը ներկա էին ինչպես աջակից կազմակերպությունների ղեկավարները, գործընկեր դպրոցների տնօրենները, այնպես էլ, իհարկե, տարրական դասարանների աշակերտները, որոնք պիտի սովորեն այնտեղ: Զանգը հնչելուն պես վերջիններս շտապեցին տեսնել իրենց նոր դասասենյակը, գունավոր սեղան-աթոռները, հատուկ ծրագրերն ու խաղերը, ինչպես նաեւ պատրաստվելու այն փոքրիկ միջոցառմանը, որով պիտի հանդես գային հյուրերին դիմավորելիս:
Ներառական, ինտերակտիվ նոր դասասենյակի բացումը` Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցում
Շուտով բոլոր ներկաները՝ դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանի գլխավորությամբ, հավաքվեցին դասասենյակի մուտքի մոտ՝ լսելու երեխաների երգն ու պարը, ինչպես նաեւ կտրելու կարմիր ժապավենն ու ծանոթանալու ստեղծված պայմաններին: Դեռ առաջին հայացքից միանգամից գրավում են սենյակի գունավոր կահավորումը, պատերին փակցված գրությունները, ինչպես նաեւ սեղաններին դրված ինտելեկտուալ խաղերն ու բնապահպանական ծրագրերի համար նախատեսված կանաչ անկյունը:
Ինչ վերաբերում է դասասենյակի ներառականությանը, ապա այն պայմանավորված է մի քանի առանձնահատկություններով: Նախ՝ սեղան-աթոռները հարմարեցված են անհատական ուսուցման համար, ինչպես նաեւ հնարավորություն կա բարձրացնել-ցածրացնել՝ այդպիսով հավասար պայմաններ ստեղծելով նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Բացի այդ, դասասենյակում երեխաների հետ աշխատելու են հատուկ վերապատրաստված մասնագետներ, հոգեբաններ, որոնք կարեւորելու են ոչ միայն գիտելիքը, այլեւ երեխաներին նախապատրաստելու են վաղվա զբաղվածությանը, անկախությանն ու արժեքներին:
Ներառական, ինտերակտիվ նոր դասասենյակի բացումը` Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցում
BRAVO.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանն ասաց, որ ծրագիրը կյանքի է կոչվել «Հույսի կամուրջ», «Առաքելություն արեւելք» եւ այլ դոնոր կազմակերպությունների, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ.«Ծրագիրը մի քանի գաղափար է ներառում՝ ե՛ւ բնապահպանական, ե՛ւ կրթական, իսկ հետագայում՝ նաեւ սոցիալական ձեռնարկատիրության ոլորտների հետ կապված: Այս դասասենյակում սովորելու են առաջինից չորրորդ դասարանների աշակերտները, որոնք այստեղ հիմնականում խմբային աշխատանքներ են կատարելու: Նշեմ նաեւ, որ սա ընդամենը պիլոտային ծրագիր է, որի հաջողվելու դեպքում այն հնարավոր կլինի տարածել նաեւ մյուս դասարաններում»:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն էլ իր խոսքում նշեց, որ ծրագիրը շուտով իրականացվելու է եւս 11 դպրոցում՝ ավելի մեծ կամ ավելի փոքր ծավալներով.«Մեր ենթակայության տակ գտնվող 155 դպրոցներ, որոնց հետ աշխատել են «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն արեւելք» կազմակերպությունները, ունեցել են վերապատրաստումներ ներառական կրթության համար: Այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ` Երեւանը սկսում է համընդհանուր ներառական կրթության մի քանի ծրագրեր, եւ առաջիկայում անհրաժեշտ է ունենալ այսպիսի հագեցվածությամբ ավելի շատ դասասենյակներ»:
Ներառական, ինտերակտիվ նոր դասասենյակի բացումը` Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցում
Միջոցառման ավարտին երեխաները հյուրերի ներկայությամբ ցույց տվեցին, թե ինչպես է պետք աղբը տեսակավորել, ինչպես օրգանական աղբից պարարտանյութ ստանալ եւ դրանով հարստացնել հողը: Իսկ ծրագրի այդ հատվածին հաջորդեցին «Փոքրատառ» եւ «Դասամիջոց» ուսուցողական խաղերը: Երեխաները, ինչպես երեւում էր, նույնիսկ չէին էլ սպասում զանգի հնչելուն, ինչպես սովորաբար լինում է ավանդական դասաժամերի դեպքում:):
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: