×


Ավազակների արկածները Պատանի հանդիսատեսի թատրոնում

Պատանի հանդիսատեսի թատրոնում հյուրընկալվել են Իլինոյս քաղաքի ուրախ բնակիչները: Հայտնվելով հանդիսատեսի շարքերում` ներկայացման հերոսները ուրախ տրամադրություն հաղորդեցին ոչ միայն փոքրիկ հյուրերին, այլեւ նրանց ծնողներին: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել պրեմիերային:

Ամերիկացի հանրահայտ գրող Օ՝ Հենրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» պատմվածքի բեմադրությունն իրականացրել է Արթուր Սարիբեկյանը: Մինչ պրեմիերան նա հույս էր հայտնել, որ ներկայացման չարաճճի հերոսները կգրավեն փոքրերի ուշադրությունը, իսկ մեծերին կհիշեցնեն իրենց անհոգ մանկության մասին:

«Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» ներկայացման պրեմիերային


Արթուրը, առաջարկ ստանալով նոր բեմադրություն ստեղծել, ներկայացրել է վերոնշյալ գործը, որն էլ ընտրվել է.«Յուրաքանչյուր ռեժիսորի կյանքում լինում են պահեր, երբ բազմաթիվ գործեր է կարդում բեմադրելու համար, ունենում է կուտակումներ, եւ Օ’Հենրիի այս գործը այդ կուտակումներից մեկն էր. այդ պատմության մեջ ես տեսել եմ ինձ, իմ մանկությունը, այդ մեծ մարդկանց մեջ տեսել եմ այնքան բարություն, միամտություն: Փորձերի ժամանակ անընդհատ փշաքաղվում էի, որովհետեւ մտածում էի` այսքան երազանք, բարություն, միամտություն ինչպես է հեղինակը տեղավորել մի պատմության մեջ, միեւնույն ժամանակ, շատ բախումներ, ոչ մի չար կերպար, բացասական երեւույթ: Ինչը, ինձ թվում է, գրավիչ է ցանկացած ռեժիսորի համար»,-մեզ հետ զրույցում ասել է նա:

«Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» ներկայացման պրեմիերային


5 ամիս տեւած փորձերից հետո ռեժիսորը դրական է գնահատում առաջնախաղը. «0-ից 100 տարեկան հանդիսատեսի համար է ներկայացումը: Այն դեռ ճանապարհ պետք է անցի, եփվի, եռա, դերասաններն ավելի լավ կարողանան հասկանալ՝ ինչ են անում: Ընդհանուր առմամբ, գոհ եմ»:

Զվարճալի տեսարաններով հարուստ ներկայացման սյուժեն որքան պարզ է, այնքան էլ մտորելու տեղիք է տալիս: Երկու ավազակ որոշում են առեւանգել Իլինոյս քաղաքի առաջնորդին` 10-ամյա Ուիլիին, եւ նրա համար փրկագին պահանջել: Սակայն փոքրիկ տղան իսկական պատուհաս է դառնում ավազակների համար: Հետաքրքիր եւ զավեշտալի մի շարք իրավիճակներում հայտնվելուց հետո չարագործները ստիպված են լինում Ուիլիին առանց որեւէ փոխհատուցման հանձնել հորը: Ավելին, նրանք են որոշակի գումար տալիս, որ ազատվեն չարաճճի տղայից:

«Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» ներկայացման պրեմիերային


Ներկայացման բեմանկարիչը Մարիամ Մուրադյանն է, երաժշտական ձեւավորումն արել է Իշխան Ղարիբյանը, ով նաեւ ներկայացման գլխավոր դերակատարներից է: Զվարճալի կատակերգության մեջ ներգրավված են նաեւ Ստեփան Հովհաննիսյանը, Մակար Գալստյանը, Արման Միրիջանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Մաթեւոսյանը, Արման Մաթեւոսյանը, իսկ Իլինոյս քաղաքի բնակիչներին մարմնավորում են Նազիկ Բաղդասարյանը, Էմիլ Կիրակոսյանը, Ռոզա Փարամազյանը, Արաքսյա Ենգոյանը, Կոնստանտին Կոզմանովը, Անդրանիկ Հակոբյանը, Ցողիկ Մարտիրոսյանը, Հայկ Խանամիրյանը, Անի Վարդանյանը:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արթուր Խաչատրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport