×


Արամեն չի մեկնաբանում Ամիրյանների հետ համագործակցության դադարեցումը

Արամեի պրոդյուսերն այլեւս Արմեն Ամիրյանը չէ. երգիչն ու Հանրային ռադիոյի տնօրենը, մամուլում տարածված լուրերի համաձայն, դադարեցրել են համագործակցությունը: 

Արամեն


Արամեի եւ Արմեն Ամիրյանի միջեւ տեղի ունեցած հնարավոր կոնֆլիկտի, առհասարակ համագործակցությունը դադարեցնելու հանգամանքներին ծանոթանալու նպատակով BRAVO.am-ը փորձեց կապվել Արմեն Ամիրյանի հետ, որի քարտուղարուհին նշեց` Արմեն Ամիրյանն այսօր զբաղվածության պատճառով չի կարող ժամանակ տրամադրել:

Ձախողվեցին նաեւ Արամեի նախկին մենեջերից` Արտավազդ Ամիրյանից թեմային վերաբերող մեկնաբանություն վերցնելու մեր փորձերը: Արտավազդը նախ մեր զանգերին չպատասխանեց, այնուհետեւ խնդրեց 15 րոպեից կապվել իր հետո, ապա կրկին չպատասխանեց հեռախոսազանգերին:

Արդյունքում BRAVO.am-ը ստիպված եղավ բավարարվել միայն մեկ կողմից ստացված տեղեկատվությամբ: Մենք զրուցել ենք ռեժիսոր Արտյոմ Հակոբյանի հետ, որն արդեն երկրորդ ամիսն է` համագործակցում է երգչի հետ. “Ստացա առաջարկ Արամեից, քննարկեցինք որոշ մանրուքներ, համաձայնության եկանք եւ սկսեցինք միասին աշխատել: Ես Արամեի պրոդյուսերը չեմ, համերգային տնօրենն եմ` մարդ, որը զբաղվում է համերգների հետ կապված կազմակերպչական աշխատանքներով եւ նաեւ կազմակերպչական որոշ այլ աշխատանքներով”:

Արամեի համերգային տնօրեն Արտյոմ Հակոբյանը կնոջ հետ


Մեր հարցին` ինչո՞ւ  Արամեն այլեւս չի համագործակցում նախկին պրոդյուսերի եւ մենեջերի հետ, Արտյոմ Հակոբյանը հետեւյալ պատասխանն է տվել. “Այդ հարցը չի մեկնաբանվում Արամեի կողմից, ես առավել եւս չեմ մեկնաբանի, քանի որ ինքս էլ տեղյակ չեմ, մանրամասնորեն չեմ ուսումնասիրել եւ չեմ էլ պատրաստվում ուսումնասիրել պատճառները: Պարզապես ստացել եմ Արամեի կողմից առաջարկ եւ ընդունել եմ”:

Ինչպիսի՞ն է լինելու Արամեի` այս տարվա աշխատանքային գրաֆիկը, կրկին պարզաբանել է Արտյոմ Հակոբյանը. “2012-ի համերգային ցանկն է պլանավորվում: Հիմա ձայնագրվում են նոր երգեր, նոր տեսահոլովակներ են լինելու, մի խոսքով` ամբողջ տարվա աշխատանքային պլանն է գծվում, որոնց ուղղությամբ աշխատում ենք: Նշեմ, որ երբ սկսեցինք համագործակցել, արդեն պատրաստ էր “Իմ արեւ” երգի տեսահոլովակը , որը չեմ կարող համարել մեր համագործակցության ընթացքում արված աշխատանք”:

Արմեն Ամիրյանը


Համերգային տնօրենի խոսքերով, այս տարի մենահամերգ չի պլանավորվում. “Բայց դա էլ դեռ հստակ որոշված չէ, միանշանակ պատասխան այս հարցին չկա: Կարծում եմ, այս տարվա մեր աշխատանքը ի հայտ կգա հաջորդ տարի, ինչը մարդիկ կտեսնեն ե՛ւ մենահամերգի, ե՛ւ ձայնասկավառակի տեսքով: Մի խոսքով` այս տարին բուռն աշխատանքային է լինելու միանշանակ”:

BRAVO.am-ի հարցին, թե Արամեի եւ Արտյոմ Հակոբյանի համագործակցությունը հաստատող պայմանագիր կա՞,  վերջինս հետեւյալ պատասխանն է տվել. “Պայմանագիրն այնքան էլ էական չեմ համարում: Կարծում եմ` հանդիսատեսի, ունկնդրի, ինչպես նաեւ հեռուստադիտողի համար էլ կարեւոր չէ դա: Կարեւորը, որ իրենք լսեն Արամեի նոր ստեղծագործությունները, դիտեն տեսահոլովակները եւ ուրախանան նրա ստեղծագործական կյանքով”:

Արտավազ Ամիրյանը, Արամեն եւ Հայկոն


Արտյոմ Հակոբյանը նշել է, որ այլ արտիստների հետ նույն ձեւաչափով չի աշխատում. “Ես ավելի շատ զբաղված եմ հեռուստատեսային պրոդյուսերական աշխատանքով, “Հեռուստառեստորանն” էլ մեր նախագիծն է: Կսկսեմ աշխատանքներս համատեղել”:

BRAVO.am-ը պատրաստ է արտահայտվելու հնարավորության տալ նաեւ Արամեի նախկին պրոդյուսերին եւ մենեջերին:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW