Երեկ մայրաքաղաքի ֆիլմասեր հասարակությունը հավաքվել էր “Մոսկվա” կինոթատրոնում` մասնակցելու ռեժիսոր Հրանտ Վարդանյանի “Սպիտակ գառան երազը” գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի փակ դիտմանը: Ներկաների թվում էին Արամոն կնոջ` Էմմա Պետրոսյանի եւ որդու հետ, Արթուր Իսպիրյանը եւ Մադլեն Մինասյանը, Կարեն Ջանիբեկյանը, Տիգրան Ներսիսյանը, Ֆորշը, Արման Նշանյանը, Լեւոն Մալխասյանը, Միքայել Պողոսյանը եւ այլք:
Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը, Կարեն Ջանիբեկյանը եւ Հայկ Եսայանը
“Սպիտակ գառան երազ”-ի նկարահանումները տեւել են 5 օր, իսկ հետագա աշխատանքները` մոտ 8 ամիս: Ֆիլմը “Արեւ ֆիլմ ստուդիայի”, ինչպես նաեւ Հրանտ Վարդանյանի կինոռեժիսորական դեբյուտն է մեծ էկրանին: Ռեժիսորն ասել է, որ հետագայում էլ պատրաստվում են նման արեւոտ եւ լուսավոր տեսաշարեր ու ֆիլմեր նկարահանել:
Էմմա Պետրոսյանը եւ Արամոն իրենց որդու` Ավոյի հետ
Ֆիլմի գլխավոր դերում երգիչ, դերասան Արամոն է, որը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է` շատ ուրախ է հատկապես “Սպիտակ գառան երազ”-ով վերադառնալ կինո. “Ֆիլմում շոշափված թեման համամարդկային է, այս իսկ պատճառով էլ կարծում եմ, որ այն իր տեղը կգտնի շատերի սրտերում”:
Մադլեն Մինասյանը, Արթուր Իսպիրյանը, Անի Ամիրյանը եւ Ստեփան Ղամբարյանը
15 րոպե տեւողությամբ ֆիլմում շոշափված է զոհաբերության թեման, որը ներկայացվում է սպիտակ գառանը մատաղ անելու միջոցով: Գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի ուղերձն է` վերանայել բարոյական արժեքներն ու պատկերացումները, ինչպես նաեւ մարդ-կենդանի, մարդ-բնություն հարաբերությունները:
Մեզ հետ զրույցում ֆիլմի ռեժիսորն ասել է, որ իր կարծիքով` զոհաբերությունը ճորտացման մի ձեւ է.“Այն սպանություն է, ինչպես կարելի է դրան լավ վերաբերվել: Այսօր մարդկությունը զոհաբերում է լավին, մաքուրին, սպիտակին: Ես դեմ եմ դրան. լավը պետք է կյանք ունենա”:
Դրվագ "Սպիտակ գառան երազը" ֆիլմից
“Գառները երազներում տեսնում են, թե ինչպես են հովիվները փրկում իրենց: Ես ուզում եմ, որ գառների նման երազները չիրականանան, այսինքն` նրանք չմորթվեն ու նրանց փրկելու խնդիր էլ չառաջանա”, -ասել է Հրանտ Վարդանյանը:
Միքայել Պողոսյանը
Նշենք, որ “Ucom” ընկերության եւ ստեղծագործական խմբի ընկերների աջակցությամբ նկարահանված “Սպիտակ գառան երազը” ֆիլմը հնարավոր կլինի դիտել միայն գարնան վերջին, քանի որ այն մասնակցության հայտ է ներկայացրել Կաննի միջազգային կիոնփառատոնին, որի արդյունքները պարզ կդառնան ապրիլ ամսվա երկրորդ կեսին:
Հ.Գ. Ֆիլմի նկարահանումների ժամանակ ոչ մի գառ չի տուժել:):
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: