Երբեմն անտանելի իրականությունը հաղթահարելու միակ միջոցը դառնում է սեփական իրականություն ստեղծելը։ Հենց իրականության եւ ֆանտազիայի սահմանագծում է ծավալվում «Լոկո» ներկայացման պատմությունը, որը բելգիական «Չայկա» թատերախումբը ներկայացրել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում՝ «Թէատրոն»-ի շրջանակում։
Բեմադրիչներ Նատաշա Բելովան եւ Տիտա Յակոբելին ոգեշնչվել են Նիկոլայ Գոգոլի «Խենթի հիշատակարանը» ստեղծագործությունից եւ տիկնիկային թատրոնի միջոցով պատմում են մենակության, սիրո ծարավի եւ մարդու՝ իր համար այլ իրականություն ստեղծելու ձգտման մասին։
«Լոկո» անվանումը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «խենթ», եւ հենց դա է ներկայացման հիմնական թեմաներից մեկը։ Գործողությունը հանդիսատեսին տեղափոխում է 1834 թվականի Սանկտ Պետերբուրգ եւ պատմում համեստ պաշտոնյա Պոպրիշչինի մասին, որը, անտանելի իրականությունից փախչելով, աստիճանաբար իր համար նոր ինքնություն է ստեղծում։
Պոպրիշչինի պատմությունը ներկայացման մեջ բացահայտվում է ոչ միայն տեքստի միջոցով։ Տիկնիկները, դերասանական խաղը, շարժումը, լույսը եւ երաժշտությունը միավորվում են մեկ տեսողական լեզվի մեջ։ Դրա շնորհիվ հանդիսատեսը հայտնվում է հերոսի փխրուն աշխարհի ներսում, որտեղ արդեն դժվար է հստակ սահման անցկացնել իրականում կատարվողի եւ միայն նրա երեւակայության մեջ գոյություն ունեցողի միջեւ։
Բեմադրությունում առանձնահատուկ դեր է խաղում դերասանի եւ տիկնիկի փոխազդեցությունը։ Դերասանուհի եւ տիկնիկավար Մարինա Սիմոնովան այս գործընթացը համեմատել է պարի հետ, որտեղ դերասանն ու տիկնիկը դառնում են յուրօրինակ գործընկերներ։
«Սա յուրօրինակ խորեոգրաֆիա է, որը սովորում ենք երկուսով։ Կա շատ ծանոթ, մշակված պարտիտուր, բայց մենք նաեւ աշխատում ենք դուետով եւ կարող ենք իմպրովիզացնել։ Եթե ինչ-որ բան պատահի, կարող ենք արձագանքել եւ մնալ կերպարի մեջ»,- պատմեց Սիմոնովան, որը աշխատում էր դերասանուհի Ան Ռոմենի հետ։
Մարինա Սիմոնովան եւ Ան Ռոմենը
Բեմական գործողության մի քանի րոպեների հետեւում բազմամյա աշխատանք է։ Դերասանուհու խոսքով՝ «Լոկո»-ի ստեղծումը տեւել է շուրջ երկու-երեք տարի։ Այս գործընթացը ներառել է տիկնիկների մշակումն ու պատրաստումը, դեկորների ստեղծումը, տեքստի հետ աշխատանքը, փորձերը, լուսային ձեւավորումը եւ հատուկ ներկայացման համար գրված երաժշտությունը։
Ընդ որում՝ փառատոնը կարեւորում է ոչ միայն թատերական բեմադրությունների բովանդակությունը, այլեւ դրանց հասանելիությունը բոլորին: Սեպտեմբերի 24-ին «Լոկո»-ն հատուկ ցուցադրությամբ ներկայացվել է նաեւ խուլ եւ լսողության սահմանափակումներ ունեցող հանդիսատեսի համար։
Սաթէ Խաչատրյանը
«Թէատրոն»-ի տնօրեն Սաթէ Խաչատրյանը շեշտեց՝ կարեւորում են մշակույթի հասանելիությունը բոլորին. «Փառատոնի ռազմավարական ուղղություններում ներկա է նաեւ սոցիալական բաղադրիչը: Մեր իրականության մեջ բավարար չեն այն ներկայացումները, որոնք ներգրավում են այն լսարանին, որը չունի եւ չի կարող ունենալ մշակույթի հետ մշտական ու ազատ շփում։ Ներառականության տեսանկյունից սա շատ կարեւոր է»:
Սահմանափակումներ ունեցող հանդիսատեսի համար ներկայացման տեքստը հեռարձակվել է էկրանին, իսկ ցուցադրությունից հետո տեղի է ունեցել քննարկում դերասանների հետ՝ սուրդոթարգմանչի օգնությամբ։
Մշակույթն ավելի հասանելի դարձնելու ձգտումը փառատոնում դրսեւորվում է ոչ միայն ներառական ցուցադրությունների միջոցով։ Կազմակերպիչները մեկ այլ կարեւոր ուղղություն են համարում մշակութային ապակենտրոնացումը։ Այս տարի «Թէատրոն»-ի առանձին ծրագրեր անցկացվել են Գավառում, Մեղրիում եւ Արտաշատում։
«Փառատոնի համար կարեւոր է, որ մշակութային կյանքը կենտրոնացած չլինի բացառապես Երեւանում, եւ մարզերի հանդիսատեսը նույնպես հնարավորություն ունենա շփվել բարձրարվեստ մշակույթի եւ ժամանակակից արվեստի հետ»,- նշել է Սաթէ Խաչատրյանը:
Նաինե Գրիգորյանը
Փառատոնն այս տարի բացվել է ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկիի եւ նրա «Կաֆիգ» պարախմբի «Ֆոլիա» ներկայացմամբ։ Այն կեզրափակվի սեպտեմբերի 28-ին՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում, ֆրանսիացի պարուսույց Էրվե Կուբիի «Բարբարոս գիշերներ կամ մարդկության առաջին լուսաբացները» ներկայացմամբ։
Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/


×
163





