Մեկին մեկ նմանություն, սեր եւ ճակատագրական իրադարձություններ, որոնք միավորել են դիմահարդար Գոհար Ավետիսյանին, սցենարիստ եւ պրոդյուսեր Ռոբերտ Մարտիրոսյանին, դերասան Զիրոյանին ու երգիչ Արկադի Դումիկյանին: Կինոմոսկվայում երեկ երեկոյան տեղի ունեցավ Դավիթ Բաբախանյանի «Մեկ in Մեկ» կինոկատակերգության պրեմիերան։
Թե՛ ֆիլմի հյուրերը, թե՛ Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվողները մի պահ հայտնվել էին հարսանեկան անցուդարձում․ Գոհար Ավետիսյանը նախ կինոթատրոնի պատշգամբից նետեց ծաղկեփունջը։ Բայց այս անգամ այն հարսանիք չէր խոստանում. ծաղկեփունջը բռնողը հնարավորություն կստանա նկարահանվել «Շարմի» նոր ֆիլմում։
Նոր կատակերգությունը Ավետիսյանի կինոդեբյուտն է. մարմնավորում է ինքն իրեն: Խոստովանեց, որ պրեմիերային որոշել էր ներկայանալ հարսանեկան զգեստով, բայց վերջին պահին մտափոխվել է։
«Իմ առաջին ֆիլմի պրեմիերային եկել եմ Օսկարի արձանիկ հիշեցնող զգեստով, իսկ հարսի շոր կհագնեմ, երբ իրական հարսանիքս լինի։ Նկարահանվելու առաջարկն ինձ համար շատ անսպասելի էր։ Տարբեր մարդիկ զանգում էին, ասում, որ ինձ են փնտրում հրավերի համար։ Սկզբում զարմացած էի, հարցնում էի՝ ֆի՞լմ, հաստա՞տ: Իմ մանկության երազանքն էր։
Երբ ինձ փորձում էին հարցնել հոնորարի մասին, ասացի, որ դա այս դեպքում ինձ հետաքրքիր էլ չէ. առաջին հերթին հանուն գաղափարի եմ համաձայնել։ Շատ բարդ էր, քանի որ օրական մոտ 15 ժամ նկարահանվում էինք, նոր միջավայրում էինք, բայց ինձ շատ դուր եկավ։ Երջանիկ եմ: Սիրով կուզեի շարունակել նկարահանվել ֆիլմերում, եթե լինեն առաջարկներ»,- ասաց նա։
Դիմահարդարի հմուտ ձեռքերով դերասան Զիրոյանը վերածվում է Արկադի Դումիկյանի, եւ սկսվում են նրա «գաղտնի» ելույթները՝ հանուն ընկերության եւ նպատակի։ Զիրոյանի կարծիքով՝ այս ֆիլմը մարդկանց միայն դրական լիցքեր հաղորդելու եւ դժվար իրականությունից կտրելու համար է։
Տարբեր պարտքեր կուտակած հերոսին, որը փրկության հույսը կապում է ընկերների հետ, մարմնավորում է Ռոբերտ Մարտիրոսյանը։ Նրա համար եւս այս ֆիլմը դեբյուտային է։
«Իմ դեպքում ինտրիգային ոչ մի բան չկա. ուղղակի եղավ առաջարկ, եւ ես ընդունեցի։ Այս ֆիլմում ես զուտ դերասան եմ, որը կարդացել է սցենարը եւ եկել։ 20 տարի է՝ ոլորտում եմ՝ տեսախցիկի հակառակ կողմում, եւ այս կողմ անցնելն ինձ համար նոր փորձառություն կամ, այսպես ասած, մութ անտառ չէր։ Ֆիլմը կատակերգային է, եւ հանդիսատեսը նման ֆիլմերից կարող է լավ տրամադրություն տանել»,- ասաց Ռոբերտը՝ կատակելով, որ եթե այլ բան են ուզում տանել, ապա կարող են աթոռները տանել։
Դերասանական կազմում ընդգրկված են նաեւ Մկրտիչ Արզումանյանը, Անժելա Սարգսյանը, Սոնա Շահգելդյանը, Թամարա Պետրոսյանը, Արկադի Դումիկյանը եւ այլք։ Ֆիլմի սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Ռուբեն Ջաղինյանը եւ Դավիթ Բաբախանյանը։
«Այս ֆիլմը տեխնիկապես մի փոքր ավելի լավ որակ ունի, ավելի ժամանակակից եւ թրենդային ստեղծագործական լուծումներ են, իսկ ամենակարեւորը՝ ժամանց եւ բարձր տրամադրություն, որը կվայելեն դիտողները։ Այդ դրական էներգիան կվերադառնա մեզ եւ հնարավորություն կտա նորից ստեղծագործել»,-նշեց Դավիթ Բաբախանյանը։
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են այս գարնանը՝ Հայաստանում, Ռուսաստանում եւ Վրաստանում։ «Մեկին մեկ»-ը «Շարմ Հոլդինգ»-ի եւ Դավիթ Բաբախանյանի վեցերորդ համատեղ ֆիլմն է։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×
115





