Արեւիկ Ալավերդյանն ու Հայկ Շահբազյանն ուղիղ մեկ տարի է՝ վայելում են իրենց որդու՝ Դավթի ներկայությունը: Ամուսնությունից հետո Ֆրանսիայում բնակություն հաստատած երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել 1 տարեկան որդու հետ իր նոր ֆոտոշարքն ու ամփոփել է մայրության մեկամյակը:):
«Պատվով եմ հաղթահարում դժվարությունները»
Հստակ կարող եմ ասել, որ շատ պատասխանատու մայր եմ: Հեշտ չէ միանգամից փոխել այն կյանքը, որով մինչ այդ ապրել ես, որին սովոր ես, եւ շատ-շատ բաներից ինքդ քեզ զրկելը: Դավթի ծնվելուց հետո իմ կյանքն ամբողջովին փոխվել է: Ես սկսել եմ ապրել նրանով ու նրա օրակարգով: Ինչ խոսք՝ երեխայի հետ անցկացրած այս մեկ տարին դժվար էր, բայց, կարծում եմ, դժվարությունները պատվով եմ հաղթահարել: Օտարության մեջ ամեն ինչ ավելի բարդ է. մենակ եմ մեծացրել նրան, ամուսինս միայն հանգստյան օրերին է օգնել ինձ: Կարծում եմ՝ նրա համար լավ մայր եմ:
Արեւիկ Ալավերդյանը՝ որդու հետ
«Շատ բուռն տարի ենք ունեցել»
Շատ արագ ու բուռն զարգացումներով անցավ տարին: Մեր փոքրիկ ընտանիքով շատ բաներ ենք հասցրել անել: Չեմ թաքցնի՝ դժվար պահեր էլ են եղել, բայց ուրախ ու երջանիկ ակնթարթները գերակշռում են: Երբ նայում եմ տղայիս, հավատս չի գալիս, որ արդեն մեկ տարեկան է, կարծես երեկ լիներ մեր առաջին հանդիպումը: Դավիթս շատ հանգիստ, բայց միեւնույն ժամանակ, աշխույժ երեխա է: Աչքերից երեւում է՝ բարի տղա է:):
Երեխայի օրակարգը չխախտելու համար
Դավթի խնամքի հարցում բծախնդիր եմ: Շատ հաճույքներից եմ ինքս ինձ զրկում՝ հնարավորինս շատ ժամանակ նրա հետ անցկացնելու ու նրա օրակարգը չխախտելու համար: Չեմ ընդունում այն տեսակետը, որ երեխան պետք է հարմարվի ծնողների օրակարգին: Մեր դեպքում հակառակն է. ես խստորեն պահպանում եմ երեխայիս ուտելու, զբոսնելու, խաղալու ու քնելու ժամերը: Նույնիսկ դեպքեր են եղել, որ շատ կարեւոր միջոցառումներից ժամը 20:00-ին դուրս եմ եկել, որ նրա քնի ժամը չխախտեմ: Երեւանում գտնվելուս ժամանակ դայակ ունեինք, բայց էլի ես էի շարունակում նրա համար ճաշիկներ պատրաստել:): Այստեղ շատ լավ ու սրտակից ընկերներ ունենք, որոնց կարողանում եմ վստահել տղայիս: Երեւանում գտնվելու ժամանակ ծնողներս են օգնում ինձ ու մեր դայակը:
Փոքրիկ Դավիթը
«Հայկը շատ հոգատար հայր է»
Հենց ազատ ժամ է ունենում, շտապում է որդու հետ անցկացնել այն: Փորձում է հնարավորինս շատ շփվել տղայի հետ: Շատ հոգատար հայր է: Աշխատանքային զբաղվածությունն էլ դարձյալ մեզ համար է. ամեն բան անում է, որ մենք ոչնչի կարիք չունենանք: Հանգստյան օրերին միասին ինչ-որ տեղ ենք գնում, իսկ աշխատանքային օրերին ես ու Դավիթը երբեմն այցելում ենք նրան:
«Դեռ պատրաստ չեմ»
Երկրորդ երեխայի մասին մտածելը մեր պարագայում մի փոքր վաղ է: Միայնակ եմ զբաղվում տղայիս խնամքով ու երկրորդն ունենալուն ֆիզիկապես դեռ պատրաստ չեմ: Եթե Երեւանում ապրեինք ու հարազատներով շրջապատված լինեինք, մի պահ անգամ չէի երկմտի, բայց այստեղ մի փոքր բարդ է: Աստված առաջ, երբ տղաս մի փոքր մեծանա ու խելոքանա, կմտածենք այդ ուղղությամբ:
Արեւիկ Ալավերդյանը՝ որդու հետ
«Այդքան էլ ոգեւորված չէր»
Ֆոտոշարքի գաղափարն իմն էր: Ես եմ ընտել վայրը, տղայիս զգեստներն ու աքսեսուարները: Փորձել ենք ուրախ կերպար ստեղծել, ինչը, կարծում եմ, ստացվել է: Տղաս այդքան էլ ոգեւորված չէր, բայց մեզ հաջողվեց գեղեցիկ դրվագներ ստանալ:
Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Ալավերդյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: