×


Արթուր Աբրահամ.“Այս տարի ամուսնանալուս խոստումը ուժի մեջ է” :)

Արձակուրդային սեզոնը շարունակվում է, սակայն մարզիկների դեպքում ամառային հանգիստը հարաբերական հասկացություն է. մարզումներ, մարզումներ ու կրկին մարզումներ, իսկ հանգստի մասին էլ մտածում են, երբ ժամանակ է լինում:): BRAVO.am-ը պարզել է, թե ինչպես է անցնում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF եւ WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի ամառը:):

Արթուր Աբրահամը պատրաստվում է օգոստոսի 24-ին կայանալիք մենամարտին


-Ինչպե՞ս է հանգստացել ու շարունակում հանգստանալ Արթուր Աբրահամը:):


-Այս ամռանը չեմ հանգստացել. ամենօրյա մարզումների մեջ էի եւ շարունակում եմ մարզվել: Պատրաստվում եմ օգոստոսի 24-ին կայանալիք մենամարտին՝  Վիլբերֆորս Շիհեպոյի դեմ: Այդ մենամարտում հաղթելուց հետո կմտածեմ հանգստի մասին:

-Նախորդ տարի Երեւանում հայտարարել էիր, որ այս տարի անպայման ամուսնանալու ես: Խոստումդ ուժի մե՞ջ է:

-Այո, ուժի մեջ է, շատ եմ ուշացրել, բայց ինչպես ժողովրդական ասույթն է ասում՝ ուշ լինի, նուշ լինի:

Արթուր Աբրահամն իր շան` Մայք Թայսոնի հետ


-Ի՞նչ հիշողություններ ունես կապված ամռան եւ Երեւանի հետ:


-Գեղեցիկ, հաճելի հիշողություններ կան ոչ միայն Երեւանի, այլեւ ամբողջ Հայաստանի հետ կապված: Կարոտով եմ հիշում դպրոցական տարիքում ամառային արձակուրդների ժամանակ գնացած ճամբարները… Ընտանիքով, ընկերներով գնում էինք Սեւանա լիճ… Մի խոսքով, բոլոր հիշողությունները միայն դրական հույզեր են արթնացնում: Եվ, առհասարակ, ամառն ինձ համար շատ սիրելի եղանակ է:

-Անցկացրածդ ամենահիշարժան ամառը: 

-Իմ կյանքի բոլոր ամառներն էլ նշանավորվել են ջերմությամբ եւ հետաքրքիր օրերով, բայց հիմա կնշեմ ամենաթարմը՝  անցած տարի ամռանը՝  օգոստոսի 25-ին, դարձա WBO վարկածով աշխարհի  չեմպիոն՝ արդարացնելով իմ մարտարվեստի երկրպագուների, իմ մարզչի, հարազատների, ընկերների, հայրենակիցների սպասումները:

Արթուր Աբրահամը պատրաստվում է օգոստոսի 24-ին կայանալիք մենամարտին


-Ամառը քեզ համար բարենպա՞ստ է մարզվելու համար, թե՞ դու էլ ես ծուլանում այս եղանակին:):

-Անշուշտ տարվա բոլոր եղանակներն էլ ինձ համար բարենպաստ են մարզվելու համար: Երբեք տարվա ոչ մի եղանակի չեմ ծուլանում մարզվել: Սիրում եմ իմ գործը եւ փորձում եմ դրա բուն նպատակին՝  հաղթանակներին հասնելու ընթացքից էլ հաճույք ստանալ: Այնպես որ, սիրով եմ մարզվում տարվա բոլոր եղանակներին, այդ թվում՝ ամռան շոգին:

-Հենրիխ Մխիթարյանին “Բորուսիա” տեղափոխվելու կապակցությամբ քաջալերել ու ասել էիր, որ ամեն ինչով կօգնես: Հաճա՞խ եք հանդիպում: 

-Դեռ չենք հանդիպել, ես մարզական հավաքների մեջ եմ, Հենրիխը Դորտմունդում է, բայց մենք անպայման կհանդիպենք:

Արթուր Աբրահամը Դորտմունդի "Բորուսիա"-ի երկրպագու է


-Կարո՞ղ ենք  ենթադրել, որ Արթուր Աբրահամն այլեւս Դորտմունդի "Բորուսիա"-ի երկրպագու է:

-Այո, միշտ էլ Դորտմունդի "Բորուսիա"-ի երկրպագու եմ եղել, սակայն հիմա ավելի շատ եմ երկրպագում, քանի որ այնտեղ է իմ հայրենակիցը՝ տաղանդավոր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

-Արթուր, օգոստոսի 24-ին մենամարտելու ես Վիլբերֆորս Շիհեպոյի հետ: Ինչպե՞ս կնկարագրես “սեւ մամբային”:


-Դիտել եմ նրա մենամարտերի տեսագրությունները, չեմ թերագնահատում, ուժեղ մարզիկ է: Այսուհանդերձ, ես նույնպես լավ պատրաստվել եմ, շարունակում եմ պատրաստվել եւ ամեն ինչ կանեմ հաղթանակի հասնելու համար:

Զրուցեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
Լուսանկարները` Արթուր Աբրահամի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW