×


Արման Նուռի «Ճանճ» ցուցադրությունը Գաֆէսճեանում

Արման Նուռի «Ճանճը» մեկ ամսից ավելի կապրի Կասկադում

«Եթե կարողանանք սիրել ճանճին, որն ամենաատելի էակն է բոլորի համար, ապա կկարողանանք սիրել ամեն ինչ»՝ այս գաղափարն է կրում դիզայներ եւ նկարիչ Արման Նուռի «Ճանճ» ցուցադրությունը, որի հանդիսավոր բացումը երեկ էր` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում ցուցադրված են Նուռի այն աշխատանքները, որոնք 2017թ.-ին Ֆլորենցիայի ժամանակակից արվեստի համաշխարհային բիենալեում առաջին մրցանակին արժանացան՝ շահելով Մեդիչիի «Lorenzo IL Magnifico» ոսկե մեդալը:

Արման Նուռի «Ճանճ» ցուցադրությունը Գաֆէսճեանում


«Այստեղ խոսքը ոչ թե ճանճի, այլ սիրո մասին է. եթե կարողանանք սիրել այն, ինչ ատում ենք, ապա դրանից հետո կկարողանանք սիրել ամեն ինչ, եւ ամբողջ աշխարհում այլեւս չի լինի ատելություն»,- ասում է Նուռը: BRAVO.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր այս նախագիծը շուտով մեկնելու է համաշխարհային շրջագայության, որի սկզբնակետը Հայաստանն է: Հենց այստեղ արվեստասեր հասարակությունը հնարավորություն կունենա առաջին անգամ տեսնել դիզայների աշխատանքները:

Նշենք, որ այս ցուցադրության համար Նուռը նաեւ ընդլայնել է ներկայացված աշխատանքների գեղարվեստական սահմանները: Ճանճին հատուկ անկառավարելի հետագիծն արվեստագետը դարձրել է արտահայտչամիջոց՝ մեկ գծով ստեղծելով Երեւան քաղաքի համայնապատկերը, ինչպես նաեւ անիմացիոն ֆիլմ: Նման ձեւաչափով այս աշխատաքներն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում:

Արման Նուռի «Ճանճ» ցուցադրությունը Գաֆէսճեանում


Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցն իր խոսքում նշեց, որ ցուցահանդեսը գործելու է ապրիլի 14-ից մինչեւ մայիսի 27-ը, եւ ամեն շաբաթ օր՝ ժամը 17:00-20:00-ն, Նուռն անձամբ լինելու է սրահում: Այցելուները հնարավորություն կունենան շփվել դիզայների ինտերակտիվ աշխատանքների հետ, որոնք թույլ են տալիս աշխարհը տեսնել ճանճի աչքերով: Ի դեպ, մուտքն անվճար է, կարող եք այցելել յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին` ժամը 10:00-ից մինչեւ 20:00-ն:

Այնպես որ, դուք նույնպես կարող եք դիտել լավագույնը ճանաչված այս աշխատանքները, շփվել ու խոսել հայ անվանի դիզայների հետ եւ աշխարհը դիտել այլ հարթությունից՝ վերաիմաստավորելով իրականությունը:

Էդուարդ Թոփչյանը, Արմեն Ամիրյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Արման Նուռը


Նշենք, որ քանդակագործ, նկարիչ, դիզայներ եւ ոսկերիչ Արման Նուռի «Ճանճ» նախագիծը շուտով կցուցադրվի նաեւ Մոնակոյում, Նյու Յորքում, Տոկիոյում եւ այլուր: Երեկ ցուցահանդեսի բացմանը ներկա էին մշակույթի եւ արվեստի ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնց թվում քիչ չէին նաեւ իտալացի գործիչները: Նուռն իր խոսքում ընդգծեց՝ շուտով ավելի է ընդլայնվելու համագործակցությունն իտալացի գործընկերների հետ:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW