×


Արմինե Օհանյանն՝ ամուսնու հետ

Արմինե Օհանյանի նոր մրցանակն ու նորածին որդու երկու անունները

Փարիզաբնակ հայ դիզայներ Արմինե Օհանյանը, ում աշխատանքների մասին պատմելու առիթ բազմիցս ունեցել ենք, Ֆրանսիայում կայացած նորաձեւության միջազգային փառատոնի շրջանակում (Festival International Des Jeunes Créateurs de Mode) արժանացել է «Ժյուրիի համակրանք» մրցանակին: Այն ներառում է 3000 եվրո գումարային պարգեւ, ինչպես նաեւ բրենդի առաջխաղացմանը նպաստող աջակցություն մարքեթինգի բնագավառում պրոֆեսիոնալ մարդկանց կողմից: Բացի այդ, ապրիլի 20-ին ծնվել է Արմինեի առաջնեկը, ում մասին նա պատմել է BRAVO.am-ին:

«Անկրկնելի զգացողություն է մայրանալը: Իմ կարծիքով՝ նոր կյանք պարգեւելն ամենամեծ հրաշքներից մեկն է, եւ ես ու ամուսինս չափազանց երջանիկ ենք մեր բալիկի լույս աշխարհ գալու առթիվ»,- ասել է դիզայները:

Արմինե Օհանյանը՝ նորածին որդու հետ


Նրանց առաջնեկը տղա է, ինչի մասին նախապես չեն իմացել. որոշել էին չճշտել երեխայի սեռը մինչ նրա ծնվելը, որ անակնկալ լիներ: Ի դեպ, փոքրիկին ծնողները երկու անվամբ են կոչել՝ Ամադեո եւ Արամե.«Ֆրանսիայում ընդունված է 2-3 անուն տալ երեխային, որպեսզի հետագայում նա իր ցանկությամբ կարողանա ընտրել իր անունը: Առաջին անունը՝ Ամադեոն, իմ սիրելի նկարիչներից մեկի՝ Մոդիլիանիի պատվին ենք կնքել, իսկ երկրորդ անունը ես ցանկացա, որ հայկական լինի, եւ որոշեցինք Արամեն ընտրել»:

Քանի որ հայ դիզայների ամուսինը ֆրանսիացի է, հետաքրքրվեցինք՝ ինչպիսին են նրանց պատկերացումները երեխայի դաստիարակման ու ապագայի հարցում: Արմինեն ասել է, որ իրենք ցանկանում են՝ երեխան մեծանա երկու տարբեր եւ, միեւնույն ժամանակ, հարուստ մշակույթների միջավայրում.«Երկուսիս համար էլ կարեւոր է, որ նա հայերեն խոսել սովորի եւ հայկական մշակույթի ու ավանդույթների հետ ծանոթանա»:

Արմինե Օհանյանի հավաքածուի ցուցադրությանը


Արմինե Օհանյանն այժմ Եվրոպայում հայտնի մի քանի արտիստների հետ է համագործակցում՝ աշխատելով նրանց բեմական հագուստների վրա: Նրա ստեղծած հագուստներն են կրում նաեւ ֆրանսիայում մեծ արձագանք ստացած «The Voice» նախագծի երիտասարդ մասնակիցները.«Այն մեծ լսարան ունի ամբողջ աշխարհում, եւ Ֆրանսիայում բարձր վարկանիշ ունեցող նախագծերից է: Այնպես որ, ինձ համար անչափ ուրախալի է, որ շնորհալի երգիչ-երգչուհիներն իմ աշխատանքներն են կրում: Շուտով պետք է սկսեմ նոր հավաքածուի վրա աշխատել՝ Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակում ներկայացնելու համար: Ինչպես տեսնում եք, երեխայի ծնունդը միայն ոգեշնչում է ինձ եւ դրական էներգիա է հաղորդում ստեղծագործական կյանքիս»:

Շուտով Արմինեի ստեղծած հագուստները կվաճառվեն նաեւ իր ինտերնետային խանութում, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են: Դիզայները նշել է՝ արտասահմանյան մի քանի ցուցադրությունների մասնակցելու հետաքրքիր հրավերներ է ստացել, որոնք դեռ քննարկման փուլում են.«Ծրագրերը շատ են, ինչի համար անչափ ուրախ եմ:)»:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արմինե Օհանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport