×


Արմինկան, Նազենին, Արսենն ու Համլետը` Հովհաննես Բադալյանի հոբելյանական ցերեկույթին

Արամ Խաչատրյանի  տուն-թանգարանում օրերս կայացել է հայ տենոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի 85-ամյակին նվիրված ցերեկույթ, որի շրջանակներում կայացել է նաեւ “Երգահան” գրքի եւ ձայնասկավառակի շնորհանդեսը:

Լուսինե Նահապետյանը,Նազենի Հովհաննիսյանն ու Արմինկան


Միջոցառման ժամանակ ցուցադրվել է երգչի մասին պատմող “Նրա հետքերով” ֆիլմը, որը   ներկայացնում է Հովհաննես Բադալյանի անցած ուղին, իր կյանքի ու անցած ճանապարհի մասին խոսող ընկերների` Կոստանդին Օրբելյանի,  Ռուբեն Մաթեւոսյանի, Ջիվան Գասպարյանի, Արսեն Գրիգորյանի եւ այլոց կարծիքներ: Ամուսնու մասին խոսել է նաեւ տենորի կինը` Մարգարիտա Բակունցը: Ֆիլմը ստեղծվել է Բադալյանի թոռնուհիների` Աննա եւ Սոնա Խանդյանների շնորհիվ:

Ցերեկույթին ներկա են եղել  Հովհաննես Բադալյանի մտերիմները, գործընկերները, սաներն ու իր արվեստը սիրող մարդիկ: “Ինչպես ֆիլմում նշեցի, շատ բան եմ սովորել իմ ուսուցչից: Նա երգից բացի մեզ ազնվություն ու բարություն  է սովորեցրել, ինչը հիմա ես, որպես կամուրջ, փորձում եմ փոխանցել մեր հաջորդ սերունդներին”,- BRAVO.am-ին ասել է Արսեն Գրիգորյանը` Մրոն:

Արմինկան էլ նշել է, որ մտերիմ է Բադալյանների ընտանիքի հետ: “Թոռնուհիները` Աննան ու Սոնան, իմ ընկերուհիներն են, հիմա նրանք Միացյալ Նահանգներում են: Սիրում ու գնահատում եմ Հովհաննես Բադալյանի արվեստը, գիտեմ, թե ինչ ներդրում ունի հայ ժողովրդական երգարվեստում”,-ասել է երգչուհին ու չի բացառել, որ հետագայում  կկատարի նրա երգերից:

Արսեն Գրիգորյանը Հովհաննես Բադալյանի հոբելյանական ցերեկույթին


Հովհաննես Բադալյանի մասին խոսել է նաեւ Վազգեն Ասատրյանը, ում հայրիկի հետ է երգիչն Իրանից եկել Հայաստան: “Մանկուց եմ ճանաչում Բադալյանին, հիմա շատ հուզված եմ, իմ կարծիքով` Հովհաննես Բադալյան էլ չի լինի, բայց մեզ շատ են պետք իր նման մարդիկ: Հովհաննես Բադալյանի շնորհիվ ես սովորեցի սիրել իմ հայրենիքը”,-BRAVO.am-ին ասել է Վազգեն Ասատրյանը:

“Երջանիկ երգիչներից եմ, ում բախտ է վիճակվել ունենալ Հովհաննես Բադալյանի նման ուսուցիչ, նրանից սովորել ոչ միայն ճիշտ երգել, այլեւ կատարողական արվեստ,  կյանք, մարդկություն, սովորել լինել մարդ, սիրել ու գնահատել մեր հայրենիքը, ժողովրդին”,-ասել է Համլետ Գեւորգյանն ու հավելել, որ սիրով է կատարում այն երգերը, որոնք կատարել է նաեւ  վարպետն ու դրանք ընդգրկում է իր ձայնասկավառակներում:

Ցերեկույթի ավարտին Հովհաննես Բադալյանի ավագ դուստրը` Անահիտ Բադալյանը, շնորհակալություն է հայտնել ներկաներին ու այն մարդկանց, ովքեր աջակցել են ձայնասկավառակի ու գրքի ստեղծմանը:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW