2018 թվականը հաղորդավար Արտյոմ Կարապետյանի եւ դերասանուհի Յուլյա Ֆինկի կյանքը հիմնովին փոխեց. լույս աշխարհ եկան նրանց երկվորյակ տղաները՝ Լեոն եւ Մուշեղը: Փոքրիկներն այսօր դառնում են 1 տարեկան: Ծնողները վերջերս նրանց համար լուսանկարահանում են կազմակերպել, իսկ ֆոտոշարքը տրամադրել են BRAVO.am-ին:
Յուլյա Ֆինկը՝ որդիների հետ
«Գաղափարն Արտյոմինն է: Վաղուց էինք ուզում լուսանկարել, բայց տարբեր պատճառներով հետաձգվում էր: Հետո ստացանք հրավեր Կետիկյան քույրերից: Նախընտրեցինք պարզ, հետաքրքիր ու առանց ավելորդությունների շարք ստեղծել: Որոշել էինք մինչեւ առաջին տարեդարձը չհրապարակել լուսանկարները: Կարծում եմ՝ այս պարագայում եւս երեխաները պետք է պաշտպանված լինեն: Եթե բլոգ չէ կամ հետաքրքիր իրադարձություն չկա, իմաստ չեմ տեսնում հրապարակել նրանց նկարներն ամեն մի անպատեհ առիթով»,-նշել է դերասանուհին եւ հավելել, որ նկարահանումներն անցել են դրական եւ ուրախ մթնոլորտում:
Երկվորյակներից Լեոն, ում ծնողներն արդեն իսկ արտիստ են ասում, բոլորովին չի խուսափում ֆոտոխցիկներից, այլ միանգամից ժպտում է: Իսկ Մուշեղն առայժմ այդքան էլ չի սիրում ուշադրություն: Ինչպես ասել է Յուլյան, լուսանկարահանման ժամանակ խուսափում էր, լացում: Մի կերպ համոզել եւ լուսանկարել են:
Լեոն եւ Մուշեղը
«Մեր կյանքը փոխվել է 180 աստիճանով: Երբեք չես պատկերացնի, թե ինչ կկատարվի երեխաների ծնվելուց հետո: Կարծում ես՝ նույն կյանքով կապրես, ամեն ինչ կհասցնես եւ պատրաստ ես դրան, բայց միեւնույն է՝ կյանքդ շատ է փոխվում: Երեխաների հետ ընդհանրապես ամեն օրն է շատ հետաքրքիր եւ զավեշտալի: Քո աչքի առաջ մեծանում են, դու ամեն օր նոր բան ես տեսնում, սովորում»,-նշել է դերասանուհին:
Այս պահին Յուլյան բացակայում է նկարահանման հրապարակից: Ասաց՝ որոշ ժամանակ կհանգստանա, թեեւ սկզբնական շրջանում աշխատել է: Հիմա բարդ է, որովհետեւ միայն իրենք են կարողանում փոքրիկների հետ զբաղվել: Դայակ չունեն եւ դեռեւս չեն փորձել դիմել նրա օգնությանը: Արտյոմը գրեթե ամեն հարցում է օգնում կնոջը: Դերասանուհին խոստովանեց, որ առանց ամուսնու օգնության չէր հասցնի, քանի որ երկու երեխաների հետ բարդ է:
Արտյոմ Կարապետյանը՝ որդու հետ
Իսկ թե ինչպես են պատրաստվում նշել երկվորյակների առաջին տարեդարձը, Յուլյան ասել է.«Հարազատների, բարեկամների ու մտերիմների հետ կտոնենք բալիկներիս 1-ամյակը: Այդ առիթով Միացյալ Նահանգներից փոքրիկների տատիկն ու պապիկն են ժամանել Հայաստան»:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Կետիկյան ֆոտոստուդիայի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: