×


Բացահայտելով Հասմիկ Խոջյանի ընտանիքը

BRAVO.am-ի նոր խորագրի շրջանակում շարունակում ենք բացահայտել հայտնի դեմքերի ընտանիքները: «Էլենի օրագիրը» սերիալի դերասանուհի Հասմիկ Խոջյանը մեզ հետ զրույցում պատմել է ծնողների եւ ընտանիքի մյուս անդամների մասին:

Ինձ միշտ թվացել է`իմ ընտանիքն ամենայուրօրինակն է: Հարազատներիս հետ կապված հետաքրքիր դեպքերն ու փաստերը շատ-շատ են, ուստի միշտ կամ շրջանցում եմ թեման, կամ էլ պատմում եմ շատ հակիրճ. այնպես, որ սովորական թվա ամեն ինչ: Սակայն սա այդ դեպքը չէ:): Արդեն համաձայնել եմ խոսել այս խորագրի ներքո, ուրեմն արդեն պատրաստ եմ լինել առավելագույնս անկեղծ: Ես ընտանիքումս ամենափոքրն եմ ու միակ աղջիկը:

Հասմիկ Խոջյանի մայրիկը, եղբայրը՝ կնոջ եւ դստեր հետ


Հայրս Վրեժ Խոջյանն է, իսկ մայրս՝ Սիլվա Մանուկյանը: Առաջին հետաքրքիր փաստն այն է, որ ծնողներս՝ երկուսն էլ, երկու անուն ունեն. Վրեժն ու Սիլվան «պաշտոնական» անուններն են, իսկ տանը, բարեկամական եւ ընտանեկան շրջապատում նրանց Լյովա ու Մանե(իկ) են ասում: Երեխա ժամանակ մեկ-մեկ մտածում էի՝ իսկ որն է իմ մյուս անունը՝ կարծելով, թե բոլորը պետք է երկու անուն ունենան:): Այսպիսով, Վրեժը եւ Սիլվան ամուսնանում են 44 տարի առաջ եւ երազում են աղջիկ ունենալու մասին: 1975 թվականին ծնվում է մեծ եղբայրս՝ Սարգիսը, նա հիմա 43 տարեկան կլիներ, եթե 1994 թվականին կամավոր չգնար Արցախ եւ այնտեղ չզոհվեր... Սա մեր ընտանիքի ամենացավոտ կողմն է:

Հասմիկ Խոջյանը՝ եղբոր հետ


Մյուս եղբայրս՝ Վահեն, ինձնից մեծ է 14 տարի, բայց տարիքային մեծ տարբերությունը երբեք չի խանգարել մեզ: Միշտ հպարտացել եմ, որ եղբայր ունեմ, ու որ նա այդքան մեծ է ինձնից: Իսկ դա եղել է շնորհիվ հայրիկիս ու մայրիկիս աղջիկ ունենալու երազանքի, որն ի վերջո իրականացավ ամուսնանալուց 21 տարի անց՝ արդեն շատ հասուն տարիքում: Վահեն մասնագիտւթյամբ բժիշկ է, ամուսնացած է: Իմ քույր ունենալու վաղեմի ցանկությունը նրա ամուսնանալուց հետո մասամբ իրականացավ. քրոջս «պաշտոնը» զբաղեցրեց եղբորս կինը՝ Ռուզիկը:

Հասմիկ Խոջյանը՝ շնիկի հետ


Մեր տանը հիմա կա նաեւ երկու լույս՝ եղբորս 2 եւ 1 տարեկան դստրիկները՝ Մարիս եւ Սիլվիս: Ուղղակի հրաշք են՝ բառիս բուն իմաստով: Դե, պատկերացրեք, որ ես ունեմ նաեւ իմ «աղջկան»` իմ շնիկին՝ Ջուսիին, որն արդեն 8 տարեկան պեկինես է: Ահա, թե ինչքան լիարժեք, յուրօրինակ ու երջանիկ ընտանիքում եմ ապրում ես:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հասմիկ Խոջյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին