Արդյո՞ք մենք միշտ ուշադիր ենք այն պահին, երբ կարող ենք բարություն անել կամ փրկել որեւէ մեկին, իսկ արդյո՞ք մեր կյանքը հետաքրքիր ենք ապրում: Այս եւ այլ հարցերի շուրջ է «Թատրոն 8»-ի «Ամեն ինչ անցնում է» ներկայացումը։ Վլադիմիր Տառասյանցի բեմադրության պրեմիերան Տիկնիկային թատրոնում էր: Դերերում Մխիթար Ավետիսյանը եւ Զառա Հակոբյանն են:
«Ներկայացումը սեղանի շուրջ բոլորիս մտքերից ու խոհերից է ծնվել։ Եթե մեկ բառով նշեմ, թե ինչի մասին է, կասեմ՝ կյանքի։ Նուրբ երեւույթների մասին է, որոնց կողքով անցնում ենք ու չենք նկատում, կամ էլ թողնում ենք հետոյի: Մարդը ձգձգելու հատկություն ունի։ Ներկայացումը նայելով՝ ուզում ես կրկին գրկել ինչ-որ մեկին կամ չուշացնել սեր խոստովանել»,- նշել է «Թատրոն 8»-ի հիմնադիրներից Ժաննա Հովակիմյանը:
Դերասանուհի Զառա Հակոբյանը խոստովանում է, որ ներկայացումը սկզբում իրեն չի հետաքրքրել, թվացել է ձանձրալի․ «Հետո ռեժիսորը շատ բան փոխեց սցենարում, ու սկսեցի հավանել: Առաջին անգամ եմ Մխիթար Ավետսիյանի հետ նույն բեմում։ Կարծում եմ՝ հիանալի փորձ է, երբ տարբեր թատրոնների դերասանները նոր հարթակներում սկսում են իրար հետ աշխատել ու ճանաչել: Պատմություններ ենք ներկայացնում, որ բոլորիս հետ էլ լինում են։ Ինձ համար կարեւոր ուղերձն այն է, որ մարդը պետք է հնարավորինս հետաքրքիր ապրի կյանքը»:
Դերասան Մխիթար Ավետիսյանից էլ հետաքրքրվեցինք, թե որն է լիարժեք ու հետաքրքիր կյանքը. «Այն կյանքն է, երբ որտեղ էլ լինես, ինչ իրավիճակում եւ ում կողքին էլ լինես, հասկացված լինես։ Մենակ չմնալու հաջողություն ունենաս: Նաեւ պետք է կարողանաս գտնել քո շնորհը, որով հաջողակ կլինես»։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×
109







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: