Տավուշի մարզի Բերդ քաղաքում նախորդ հանգստյան օրերն ակտիվ ու տոնական էին։ 5-րդ անգամ անցկացվող մեղրի եւ հատապտուղների փառատոնը համախմբել էր տավուշցիներին, մյուս մարզերից, Երեւանից ժամանած հյուրերին, զինվորներին եւ արտերկրացիներին։ Սորանի այգում անցկացվող փառատոնը տարածաշրջանի, որը ներառում է Բերդ քաղաքը եւ հարակից 16 գյուղերը, ամառային գլխավոր միջոցառումն է, որի ընթացքում տաղավարներում ներկայացնում են իրենց արտադրանքն ու ձեռագործ իրերը։
Մեղրի եւ հատապտուղների փառատոնին
Առաջին անգամ մեղրի եւ հատապտուղների փառատոնի մեկնարկը տրվել է ջազային ելեւէջներով. «Ջազը սահմանին՝ բաց երկնքի տակ» խորագրով համերգին Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ ելույթ է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ Փառատոնի 5-ամյակի առթիվ իր ազգային համերգային ծրագրով ելույթ են ունեցել նաեւ «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբն՝ Արտեմ Խաչատուրի գլխավորությամբ, Անահիտ Շահբազյանը, տեղի պարային խմբերը, փոքրիկներին էլ զբաղեցրել են Երեւանից ժամանած մուլտհերոսները։
Փառատոնի նախաձեռնող, «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ Հայկ Չոբանյանը նշել է, որ այս տարի փառատոնում շեշտադրել են մշակութային բովանդակությունը. «Ջազ համերգը մեզ համար բարձր նշաձող էր, նաեւ հնարավորություն ստեղծեցինք երիտասարդներին ելույթ ունենալ։ Սահմանին մոտ վտանգի ներքո ապրող մարդկանց մարտահրավերները պետք է հաղթահարենք հոգեւոր հաղթանակներով, տարեցտարի մի քայլ առաջ գնանք, ընդլայնենք մասնակիցների թիվն ու ձեռք բերենք նոր գործընկերներ։ Ուզում ենք, որ Տավուշում զբոսաշրջությունը զարգանա, ջանքեր ենք ներդնում, որ հարմար պայմաններ ստեղծենք»։
Արմեն Հյուսնունցը եւ հաղորդավար-դերասանուհի Անուշիկը
Հաղորդավար-դերասանուհի Անուշիկը բեմից նշել է, որ Տավուշում բանակը պահպանում է Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանի անվտանգությունը. «Կեցցեն հայ զինվորները, փառք ու պատիվ բոլորին։ Մեր երաժշտական ծրագիրն էլ խորհրդանշական է. հայ զինվորի շուրթերից է հնչում «Մարտիկի երգը»»։
Արմեն Հյուսնունցը հաջողություններ է մաղթել փառատոնին. «Վերջապես հնարավորություն ունեցանք ելույթ ունենալ շատ սիրելի Տավուշում։ Սքանչելի նախաձեռնություն է, հրաշալի ամառային փառատոն՝ իր տեսակով խիզախ, համարձակ ու շատ անհրաժեշտ։ Հուսամ՝ սա մեր առաջին, բայց ոչ վերջին ելույթն էր։ Հաճախ կհանդիպենք ու խաղաղ երկնի ներքո կվայելենք նման տոնական օրեր»։
Մեղրի եւ հատապտուղների փառատոնին
Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը եւս ներկա էր փառատոնին, նա շեշտում է, որ տավուշցիները հյուրընկալ, քաջ ու աշխատասեր են. «Փառատոնը նպատակ ունի աջակցել Տավուշ աշխարհի գյուղատնտեսներին, մեղվաբուծությամբ զբաղվողներին։ Ամեն տարի մարդկանց հոսքը շատանում է, բայց ցանկանում եմ, որ մեկ-երկու օրով չվերջանա: Փառատոնն առիթ է, որ մեր ուշադրությունը բեւեռվի հատկապես Բերդի վրա։ Տավուշ աշխարհին է տրված լինել մեր հայրենիքի դարպասները, մեր կարեւոր վանական համալիրներն են այստեղ, մեր սահմաններն են այստեղ։ Այսպիսի միջոցառումների առատությունը կնպաստի, որ համայնքները զարգանան», - BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա։
Ներկաների համար ելույթ են ունեցել նաեւ Շամշադինում ծառայող զինվորները. Հայկ Ալթունյանը բիթբոքսեր է, մասնակցել է «X Factor» հեռուստանախագծին, Տարոն Վարդազարյանն էլ կիթառահար է, երգում է տարբեր ժանրերում. «Միասին ժամանակակից ոճի միքսեր ենք անում, շատ հաճելի էր երկար դադարից հետո հանդիսատեսի ծափերը լսել։ Այժմ նվագախմբում եմ ծառայում, մինչ այդ բախտ վիճակվել է դիրքեր բարձրանալ։ Արդեն սովորել եմ շամշադինեցիների բարբառը, ծառայությանս մնացել է մոտ չորս ամիս», - պատմել է Հայկը։
Հավելենք, որ փառատոնը նպատակ ունի նպաստել Տավուշի տնտեսական զարգացմանը՝ օգնելով տեղական ապրանքատեսակների արտադրությանը եւ ձեւավորելով բարենպաստ զբոսաշրջային միջավայր։
BRAVO.am
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: