«Սուպեր մամա» ֆիլմի հեղինակներն ուղիղ մեկ տարի անց վերադարձել են նոր կատակերգությամբ: «Սիրո գործակից» ֆիլմի պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար Հայկ Մարությանը հույս ունի, որ այն կարդարացնի հանդիսատեսի ակնկալիքները եւ կգերազանցի նախորդի դիտումների ցուցանիշը։ Ռոմանտիկ կատակերգությունն այսօրվանից ցուցադրվում է մայրաքաղաքի կինոթատրոններում, իսկ երեկ կայացել է պաշտոնական պրեմիերան, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:
Հայկ Մարությանը եւ Էթերի Ոսկանյանը
Մարզական ուղղվածությամբ ֆիլմում նկարահանվել են Գարիկ Պապոյանը, Էթերի Ոսկանյանը, Արմինե Պողոսյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Աննա Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանը, Լեւոն Հարությունյանը, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արմուշը, Խորեն Լեւոնյանը, Սաթենիկ Հազարյանը եւ ուրիշներ։ Ֆիլմի ռեժիսորներն են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը, սցենարը գրել են «վիտամինցի» Ռոբերտ Մարտիրոսյանը եւ Արման Մարությանը:
1 ժամ 42 րոպե տեւողությամբ ֆիլմի ստեղծման ընթացքը տեւել է մոտ մեկ տարի, բյուջեն կազմել է շուրջ 400 հազար դոլար։ Սյուժեն ծավալվում է Հայկ Մարությանի հերոսի շուրջ, որն իր ընկերոջ հետ փորձում է գումար հայթայթել ու փրկել համատեղ բիզնեսը, ինչի համար խաղադրույք են կատարում կանանց թենիսի մրցաշարում եւ փորձում խարդախության դիմել, որտեղից էլ սկսվում են հերոսների արկածները։
Ցուցադրությանը նախորդած ասուլիսի ընթացքում դերասաններն ու ռեժիսորը ֆիլմի մասին որոշ մանրամասներ են պատմել:
Գարիկը` կնոջ հետ
Հայկ Մարության.«Ֆիլմի բյուջեն ի սկզբանե հաշվարկված էր 350 հազար դոլար, բայց գիտեք` ոնց է. երբ տունը վերանորոգում ես, վերջում պարզվում է, որ ավելի թանկ է նստում, մեր դեպքում էլ նույնն էր:): «Սուպեր մամա» ֆիլմն ունեցել է մոտ 220 հազար հանդիսատես, ինչը ռեկորդ է վերջին 25 տարվա պատմության մեջ։ Ուրախալի է, որ այս ոլորտը զարգանում է եւ շատ տեղ ունի աճելու։ Այս ֆիլմով կփորձենք հաստատել նույն ռեկորդը եւ մեծ ջանքեր կգործադրենք, որ մի փոքր էլ առաջ անցնենք։ Նկատելի է, որ ընտանիքով ու ընկերներով կինո գնալու մշակույթը զարգանում է, կինոթատրոնների թիվն էլ` ավելանում։ Այս ֆիլմը շատ ավելի ծիծաղելի է, քան «Սուպեր մամա»-ն, ավելի մասշտաբային նկարահանումներ ենք արել, դերասանական նախորդ կազմին էլ նոր դերասաններ են միացել»։
Գարիկ Պապոյան. «Երկար ժամանակ չկամ էկրաններին, այս ընթացքում եղել եմ, հայերեն ասած, «ռիժիյ» մազերով ու պեպեններով, նաեւ առանց մի ատամի։ Սկզբում անզգույշ ու միամիտ կերպարիս արտաքինը որոշված չէր, ինքս ասացի, որ պատկերացնում եմ գանգուր մազերով ու պեպենոտ։ Նախ ֆոտոշոփով ստացանք կերպարս, որն առաջին հայացքից շատ ծիծաղելի էր։ Ես չգիտեի, թե մազ ներկելն ու գանգրացնելն ինչպես է լինում, եթե իմանայի, հնարավոր է` «երազանքս» մեջս պահեի:)։ Այդ ընթացքում գլխարկով էի ման գալիս, բայց մազերս մի քիչ երեւում էին, անգամ եթե չերեւային, ամռանը ձմեռային գլխարկով մարդիկ ուշադրություն են գրավում:)։ Կերպարիս այնքան էի հարմարվել, որ ավարտից հետո մի տեսակ դեպրեսիայի մեջ էի։ Մեր անձնակազմն ինձ երկու ամիս տեսել էր այդ գույնի մազերով, մեկ շաբաթ առաջ տեսան, իրոք չճանաչեցին։ Պաստառում ես կիթառով թենիս եմ խաղում, բայց իրականում ֆիլմում այդպիսի դրվագ չկա, դա Հայկի մտահղացումն էր»։
Արա Ղազարյանը, Նազենի Հովհաննիսյանը, Հրաչ Մուրադյանը եւ Սոֆի Մխեյանը
Ռեժիսոր Վահագն Խաչատրյան. «Մենք ի սկզբանե նպատակ ենք դրել նկարել ֆիլմ, որը մի քայլով ավելի կլինի նախորդից։ Դիտողների կարծիքներից կհասկանանք՝ արդյոք կարողացանք «Սուպեր մամա»-ին գերազանցել, թե ոչ։ Այս ֆիլմի հաղորդագրությունն այն է, որ կյանքում բազմաթիվ բարդություններ են լինում, որոնք հաղթահարելու տարբեր միջոցներ կան, խնդիրները լուծելու համար պետք չէ կորցնել մարդկային տեսակը, դժվար իրավիճակից կարելի է դուրս գալ ազնիվ ճանապարհով»։
Էթերի Ոսկանյան. «Մինչ այսօր ներկայացել եմ դրամատիկ կերպարներով, քանի որ չէի ստացել նման ֆիլմում նկարահանվելու առաջարկ։ Անին ժպտերես, բարի, կենսուրախ թենիսիստուհի է։ Հատուկ դերիս համար հաճախում էի թենիսի, եւ դժվար էր պարապմունքներն ու նկարահանումները համատեղել։ Մոտ երկու ամիս թենիս եմ պարապել, բացահայտել ու սիրել եմ այդ մարզաձեւը։ Նույնիսկ գիշերային ուշ նկարահանումներից հետո խմբի մի մասը մնում էր, որ միասին խաղանք»։
Էթերի Ոսկանյանը եւ Արմինե Պողոսյանը
Արմինե Պողոսյան. «Իմ կերպարը տգեղ, մի քիչ թերհաս, հարուստ աղջիկ է, որն իմ հակապատկերն է։ Սկզբում շատ դժվարություններ ունեի, բայց խաղընկերներիս եւ ռեժիսորների շնորհիվ կարողացա պատվով դուրս գալ: Կփոշմանեի, եթե հրաժարվեի։ Ֆիլմում սեր, ազնվություն եւ վերջապես սպորտ կա, իմ կարծիքով՝ ճիշտ կատակերգություն է»։
Հայկ Մարության. «Ֆիլմի վերջին նկարահանումը վերջացրել ենք առավոտյան ժամը հինգին: Այդ ժամին Գարիկի մազերը ներկեցինք ու կտրեցինք, որ սեւ մազերով արթնանա։ Ֆիլմի վերջնական տարբերակը դիտել եմ երկու օր առաջ, ոնց որ հավանել եմ, մինչեւ հանդիսատեսը չգնահատի, չենք կարող իմանալ՝ ինչպես է ստացվել։ Մեզ համար գայթակղիչ ու հետաքրքիր թվաց, որ կարող ենք գովազդել սպորտն ու առողջ ապրելակերպը, մեր խմբից շատերն էլ ոգեւորված սկսել են հաճախել սպորտային ակումբներ: Զարմանալի է, բայց մեր երկու ռեժիսորն էլ տարվել են մեծ թենիսով, նիհարել են, որ կարողանան ավելի լավ խաղալ»։
Նշենք, որ «Սիրո գործակիցը» ձեռագրով նման է «Սուպեր մամա»-ին, սակայն ավելի մշակված են սցենարը, կերպարներն ու հումորային դրվագները։ Առաջին ցուցադրությունը հանդիսատեսն ընդունել է հոտնկայս ծափահարություններով։ Ֆիլմն Ամանորին հեռուստատեսությամբ չի ցուցադրվի. ինչպես հայտնել է Հայկ Մարությանը, այն դեռ մի քանի ամիս կլինի մեծ էկրաններին Հայաստանի տարբեր մարզերում, Երեւանում եւ սփյուռքում: Սահմանամերձ գյուղերում ցուցադրությունները կլինեն անվճար։
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: