×


Գործագործ. «Ահռելի հարսանիքներ կան, երբ չես գտնում՝ որտեղ են հարսն ու փեսան»

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք հարսանիքների կազմակերպիչ Սիմոն Ղանդիլյանի հետ:




- Ովքե՞ր են հարսանիքի կազմակերպիչները: Սա մասնագիտությո՞ւն է, թե՞ բոլորը կարող են հարսանիք կազմակերպել:

- Եկեք նախ հասկանանք, թե ինչ է հարսանիքն առհասարակ: Հարսանիքը երազանքների իրականացման օր է: Բոլոր նրանք, ովքեր կազմակերպում են հարսանիքներ, իրականացնում են սիրել իմացող զույգերի երազանքները:

Իսկ զույգերը շատ տարբեր երազանքներ ունեն: Մեկն ուզում է ավանդական հարսանիք, մյուսը՝ ժամանակակից: Թվում է, թե աղջիկներն ավելի շատ են մտածում հարսանեկան արարողության, ոճի մասին, բայց, փորձիցս ելնելով, կարող եմ ասել, որ տղաները ոչ պակաս անհանգիստ են ու պատրաստված: Շատ ռոմանտիկ տղամարդիկ կան, ովքեր սեփական գեղեցիկ տեսլականն ունեն հարսանեկան օրվա մասին: Ամփոփելով` կարող եմ ասել, որ սա պարզապես աշխատանք չէ, սա մարդկանց երազանքների իրականացում է: Բոլորին տրված չէ իրականացնել երազանքները:


- Իսկ եթե զույգերն ուզում են ամուսնանալ օդանավո՞ւմ կամ ծովի հատակի՞ն:

- Դեռեւս նման գաղափարներով զույգերի չեմ հանդիպել: Հայաստանցիներն ավելի շատ սիրում են հարսի ու փեսայի տներով գնալ, երգեր երգել, պարել, բայց անհնար ոչինչ չկա:):

Իհարկե, եղել են էքստրիմի սիրահարներ. զույգն այնպիսի ցանկություն է ունեցել, որն օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել իրականացնել: Կանադայից մի զույգ էր եկել Հայաստան: Ուզում էին ճոճվող կամրջի վրա անցկացնել պսակի արարողությունը: Նրանք ուզում էին, որ վանականն իրենց հենց կամրջի վրա ամուսնացնի: Բոլորը գիտեն, որ ճոճվող կամուրջն անվտանգ չէ, շատ մարդիկ միաժամանակ չեն կարող կանգնել դրա վրա: Բացատրեցինք, որ հնարավոր չէ, մտածեցինք մի նոր գաղափար, անցկացրինք անմոռանալի հարսանիք:


- Ինչո՞ւ դիմել Ձեզ, երբ կան բարեկամներ:

- Աստիճանաբար մարդկանց համար ընկալելի է դառնում հարսանիքների կազմակերպման մշակույթը: Մարդիկ չեն ուզում, որ հարսանիքը դառնա գլխացավանք, ուզում են վայելել այդ օրն ու դրան նախորդող օրերը: Քեռին լավ մարդ է, իհարկե, վստահ եմ, որ լավ կապեր ունի, որ ռեստորանների հասցեները գիտի, կարող է արարողությունն անցկացնելու վայր գտնել, բայց նրանք չեն կարող ամեն ինչ անցկացնել այնպես, ինչպես պրոֆեսիոնալները, չեն կարող երեկոն պահել վերահսկողության տակ:

Սիմոն Ղանդիլյանը



- Հարսանիքից քանի՞ օր առաջ պետք է դիմել կազմակերպչին:

- Որքան շուտ, այնքան՝ լավ: Այս գործը չի սիրում շտապողականություն: Ես հանդիպում եմ զույգի հետ, ծանոթանում նրանց ցանկություններին, մտքերին, գաղափարներին: Յուրաքանչյուր կազմակերպիչ պետք է լսի պատվիրատուին, ապա ցանկություններին համապատասխան առաջարկներ ներկայացնի: Լինում են դեպքեր, երբ ցանկությունները մեծ են լինում, բյուջեն՝ փոքր, եւ ստիպված ես լինում դրան համապատասխան նոր առաջարկներ ներկայացնել: Իսկ սա ժամանակ է պահանջում:


- Ձեզ միանգամից վստահո՞ւմ են: 

- Սա շատ կարեւոր հարց է: Հարսանիքի կազմակերպիչը պլանավորվան ամիսներին դառնում է ընտանիքի անդամ: Զույգերն ավելի շատ մեզ հետ են հանդիպում, քան՝ բարեկամների, եւ բացի այդ, ինչպես ասացի` մեզ են վստահում ամենակարեւորը՝ երազանքի իրականացումը: Վստահություն ձեռք բերելու կոնկրետ բանաձեւ չկա. աշխատանքային փորձն է, մարդկային հատկանիշները, հասանելիությունը, հեշտ հաղորդակցվելը:


- Զույգերի վեճերը չե՞ն նյարդայնացնում:

- Մենք իրենց մեջից դուրս ենք հանում լարվածությունը, անհանգստությունը: Հարսանիքի կազմակերպիչը հենց դրա համար է, որ իրենք չմտածեն մանր հարցերի մասին, կենտրոնանան ավելի կարեւոր խնդիրների վրա: Լինում են դեպքեր, որ քննարկում ենք, թե, օրինակ, ինչն ինչից հետո պետք է լինի, մեկ էլ սկսում են իրար հետ վիճել, ասում եմ՝ «Երեխեք ջան, դուք դրա ժամանակը դեռ ունենալու եք, այնքան եք իրար հետ վիճելու... :)»: Հարսանիքի կազմակերպումը պետք է հաճելի անցուդարձ լինի, ինչպես եւ բուն հարսանիքի օրը, որպեսզի հետո հիշես ու ժպտաս: Հարսանեկան օրվա զգացողությունները շատ թանկ արժեն:


- Եթե հարսի շորը պատռվում է կամ կորում են մատանիները, մեղավորը կազմակերպի՞չն է:

- Եթե տվյալ հարցը մեզ է վստահվել, եթե ծառայությունը մենք ենք մատուցել, ապա պատասխանատուն մենք ենք: Այսքան ժամանակ դեռ որեւէ զույգի մատանիները չեն կորել:): Կան զույգեր, որոնք մեզ են դիմում միայն մի քանի ծառայություն մատուցելու համար, մնացածն իրենք են անում: Իսկ որպես այդպիսին` մեծ խնդիրներ չեն լինում: Մեկ-երկու դեպք կարող եմ հիշել, որ մեքենան ուշացած լինի:


- Լավ հարսանիքն առանց կռիվների անցնո՞ւմ է:

- Իհարկե:): 90-ականներին հարսանիքը պարտադիր վեճերով պետք է զուգորդվեր, հիմա ոչ մեկը սկանդալների կարիք չունի: Հարսանիքի կազմակերպիչները պետք է ամեն ինչ անեն, որ վեճեր չլինեն: Ոչ մի բան չպետք է տրամադրի կռվի: Այս տեսանկյունից մեծ հարսանիքներն, իրարկե, դժվար է վերահսկել, երբ հազարավոր հյուրեր կան, բայց կազմակերպիչը միայնակ չի աշխատում. մենք մեծ թիմ ենք: Ահռելի մեծության հարսանիքներ են անցկացնում, որ չես էլ գտնում՝ որտեղ են հարսն ու փեսան նստած: Բայց կան փոքրաթիվ հարսանիքներ, գալիս են մոտ 20-30 հոգով, լավ ուրախանում, գնում են:

Սիմոն Ղանդիլյանը



- Եղե՞լ են հարսներ, որ փախչեն հարսանիքից: 

- Ոչ: Ամեն դեպքում իմ կազմակերպած հարսանիքներից հարսները չեն փախչել:): Եղել է, որ լացեն, վախենան, բայց չեն փախչել:


- Հիշո՞ւմ եք Ձեր ամուսնացրած բոլոր զույգերին:

- Օհ, շատ լավ եմ հիշում: Ես իրենց չեմ վերաբերվում որպես հերթական հաճախորդ: Մենք մտերմանում ենք, ամեն մեկի հետ յուրովի ենք շփվում, որ իրենց հարսանեկան օրն ավելի մոտ դարձնենք իրենց երազանքին: Դու այդ մարդկանց կյանքում մեկն ես, ով իրավունք չունի հիասթափեցնել: Կան զույգեր, որոնց 20 տարի առաջ եմ ամուսնացրել եւ մինչև հիմա ընկերություն ենք անում: Մի անգամ նույնիսկ ամուսնացրել եմ մի զույգի, որոնց ժամանակին կնքել եմ՝ եւ տղային, եւ աղջկան, ու դա շատ պատահական է եղել:


- Նվազագույնն ինչքա՞ն գումար է պետք հարսանեկան կազմակերպչին դիմելու համար:

- Կոնկրետ թիվ չեմ կարող ասել: Դա կախված է հյուրերի քանակից, մատուցվող ծառայություններից: Բայց հավատացեք՝ ամեն ինչ երկրային է: Մարդիկ կան, մտածում են, որ ավելի լավ է իրենք կազմակերպեն, քան՝ պրոֆեսիոնալը, մտածում են, որ շատ թանկ ծառայություն է: Բայց ամենեւին այդպես չէ:


Հեղինակ՝ Տիգրանուհի Մարտիրոսյան 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW