×


Գործագործ. «Ավտոպատահարների դեպքում պետք է միացնել վթարայինը, ոչ թե զանգել ամուսիններին»

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք վարորդ-հրահանգիչ Արթուր Կարապետյանի հետ:



- Որտե՞ղ սովորել վարորդ-հրահանգիչ դառնալու համար:
- Բոլոր նրանք, ովքեր ունեն նվազագույնը 3 տարվա վարորդական փորձ, կարող են վերապատրաստվել, քննություններ հանձնել ու աշխատել: Վարորդ-հրահանգիչն անցնում է վերապատրաստման դասընթացներ հատուկ դպրոցներում: Տեսական հատվածի քննություն են հանձնում՝ ճանապարհային նշանների, երթեւեկության կանոնների մասով, որովհետեւ հնարավոր է` ուսանողը հարցեր տա, որոնց պետք է պատասխանել:

- Իսկ վթարային պատմություննե՞րը: Այն վարորդները, որոնք վթարների մեջ են ընկել, կարո՞ղ են վարորդ-հրահանգիչ աշխատել:
- Թու-թու-թու, Աստված մի արասցե... Թեթեւ վթարներ եղել են, բայց լուրջ վթարների մեջ մեր հրահանգիչները չեն ընկել: Լինում է այնպիսի իրավիճակ, որ մեր վարորդի մեղավորությամբ չէ վթարը, այդ դեպքում դա խնդիր չէ:

- Ինչո՞ւ է սովորողների մեքենան «Ու» նշանով:
- «Ու» նշանակում է` ուսանողական: Մեքենան հատուկ կահավորում ունի: Վարորդ-հրահանգիչն իր մոտ ունի արգելակման ոտնակ, որը չկա մյուս ավտոմեքենաներում: Հրահանգիչը նստում է վարորդի կողքին, որտեղ էլ երկրորդ ոտնակն է, եւ անհրաժեշտության դեպքում արգելակում է, երբ սովորողը անզգույշ է վարում կամ ժամանակին չի արգելակում: Կան նաեւ կողային հայելիներ, դիմապակու հայելին է երկու հատ, որպեսզի հրահանգիչն էլ տեսնի հետեւից եկող մեքենաներին:


- Բոլորը հարգանքո՞վ են վերաբերվում դանդաղ քշող «Ու» նշանով մեքենաներին:
- Կխնդրեի վարորդներին չթիթիզանալ ու չխանգարել ուսանողներին, որոնք նոր վարել են սովորում: Փորձում են վազանց անել, դիմացը կտրել, ձայնային ազդանշան են տալիս, բայց պետք չէ այդպես անել. մարդը նոր է սովորում վարել եւ պարզ է, որ չի կարող առաջին իսկ օրը հրաշքներ գործել:

- Ինչո՞ւ գնալ ավտոդպրոց, եթե կարելի է մեքենա վարել սովորել հայրիկից:
- Օրենքը չի արգելում, որ ձեզ սովորեցնի ձեր ծնողը, ընկերը: Բոլորիս էլ մեկն է սովորեցրել: Ինձ էլ մեքենա վարել է սովորեցրել հորեղբայրս, բայց ճիշտը ավտոդպրեցներում սովորելն է: Վարորդ-հրահանգիչը ճիշտ ուղություն է ցույց տալիս, սովորեցնում է, թե ինչպես երթեւեկել անվտանգ, որովհետեւ կան որոշակի մանրուքներ, որոնք վարորդները չեն կարող սովորեցնել: Հնարավոր է` ձեզ վարել սովորեցնողը շատ լավ վարորդ լինի, բայց չկարողանա փոխանցել գիտելիքները: Իսկ վարորդ-հրահանգիչը մասնագետ է, սովորեցնում է ամենատարրական մանրուքները՝ ինչ դիրքով նստել մեքենայում, ձեռքերը ինչ դիրքով պահել, որ գույնի ցուցիչն իրենից ինչ է ներկայացնում, որ ձայնն ինչ է հուշում, արդյոք պետք է կանգնել, թե շարունակել երթեւեկությունը:

- Բոլո՞ր սկսնակներն են վախենում մեքենայից:
- Ոչ բոլորը, բայց կան այնպիսիք, ովքեր վախենում են: Հենց իրենք էլ ասում են՝ շատ եմ վախենում: Այնինչ պետք է ոչ թե վախենալ, այլ հաղթահարել վախը: Վարորդ-հրահանգիչն առաջին հերթին հոգեբան է: Մեկը վախենում է, մյուս վախենում է, բայց ասում է, որ չեմ վախենում: Ամեն մեկին պետք է համապատասխան մոտեցում ցուցաբերել, որպեսզի օգնենք ավելի արագ սովորել:

- Եթե ուսանողը սովորելիս վնասում է մեքենան, ո՞վ է վճարում վնասի դիմաց:
- Եթե անգամ ուսանողն այդ պահին գտնվում է մեքենայի ղեկին, եթե վարորդ-հրահանգիչն էլ կողքին է, պատասխանատուն վարել սովորեցնողն է, որովհետեւ ուսանողը չունի վարորդական իրավունք: Բայց նման դեպքերը շատ հազվադեպ են, որովհետեւ ուսանողները մեծ արագությամբ չեն վարում, իսկ վթարները, լուրջ վնասվածքները լինում են արագությունը գերազանցելու դեպքում:

Վարորդ-հրահանգիչ Արթուր Կարապետյանը


- Բոլո՞րը պետք է մեքենա վարեն:
- Ոչ, դա պարտադիր չէ, բայց մարդիկ կոմֆորտի են ձգտում: Հիմա շատացել են մեքենա վարել ցանկացողները: Վարորդական իրավունքի ձեռքբերման միակ տարբերակը հիմա քննությունն է, այլ տարբերակներ այլեւս գոյություն չունեն, դրա համար մեծացել է ավտոդպրոցների պահանջը: Սա շատ լավ է, որովհետեւ ավտոդպրոցները գրագետ վարորդներ են կրթում:

- Ինչպե՞ս հիշել, թե որ ճանապարհային նշանը ինչ է հուշում:
- Հայաստանում քիչ են ճանապարհային նշանները: Աշխարհում 200-ից ավելի ճանապարհային նշան կա, բայց դրանց մեծ մասը Հայաստանում չկան: Նշանները հենց այնպես չեն դնում, յուրաքանչյուրն ունի իր իմաստը, նշանակությունը: 8 խմբի նշաններ կան, ամեն խումբ իր գույնն ու տեսքն ունի: Կարմիրով նշանները արգելող են, կապույտովները՝ թելադրող եւ այլն:

- Կին վարորդնե՞րն են մեղավոր խցանումների համար:
- Եկեք չբաժանենք` կին, թե տղամարդ: Հնարավոր է, որ կանայք էլ լինեն խցանման կամ վթարների մեղավորները, բայց ոչ միշտ: Պետք չէ մտածել, որ միայն կանայք են: Կանայք զգույշ են մեքենա վարում, ավելի ուշադիր են, փորձում են սովորել գրագետ ու անվտանգ վարել: Իսկ խցանման պատճառներն այլ են: Երկու մեքենա թեթեւ իրար կպնում են, ժամերով կանգնում են, փողոցը միանգամից խցանվում է:

- Կանայք դանդա՞ղ են վարում:
- Գուցե դանդաղ են վարում, որովհետեւ կրկնում եմ՝ զգույշ են, բայց դանդաղ վարելու մեջ վատ բան չկա:

Վարորդ-հրահանգիչ Արթուր Կարապետյանը


- Եթե կինը վթարի մեջ է ընկնում, առաջինը զանգում է ամուսնո՞ւն:
- Վթարի դեպքում պետք է միացնել վթարային, լուսային ազդանշանը, անշարժացնել մեքենան, զանգահարել ԱՊՊԱ, ոստիկանություն, իսկ ամուսիններին պետք չէ զանգել:

- Տղամարդիկ ավելի լա՞վ վարորդներ են:
- Տղամարդիկ շուտ են կողմնորոշվում ժամանակի ու տարածության մեջ: Կանանց ռեակցիայի ժամանակը մի փոքր երկար է, կանայք երկար են մտածում՝ կրկնակի:

Հեղինակ՝ Տիգրանուհի Մարտիրոսյան
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW