BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:
Զրուցել ենք գրող Գրիգի հետ:
- Ի՞նչ պայմաններում է գրվում գիրքը՝ մութ սենյակում ու ծխախոտը ձեռքի՞ն:
- Մութ սենյակն ու ծխախոտը ժառանգված պատկեր է, մենակության ընդունված ու բոլորին ծանոթ ձեւ, անցյալի ստվեր է, որ դեռ հետապնդում է գրողի կերպարին, բայց գրողը միշտ այլ կերպի է ձգտում, միշտ ուզում է լինել ուրիշ: Դրա համար գրելու սահմանված պայման չկա: Գիրքը կարող է սկսվել թղթի վրա կամ գլխիդ մեջ, մազերն ուղղող կնոջ ձեռքի շարժումից, հեռախոսազանգի ընթացքում, փաբում նստած, ծովափին, երթուղայինի մեջ կամ աշխատավայրում, մի խոսքով՝ եթե ուզում ես գրել, կգրես: Գիրքը թղթե մարմնով չի սկսվում, հակառակը՝ այն ավարտվում է այդտեղ, ինչպես մարդն է ավարտվում իր մարմնով, իսկ ո՞րն է սկիզբը...
- Համակարգչո՞վ եք գրում, թե՞ գրիչով:
- Բացառապես համակարգչով: Հաճախ զարմանում եմ, որ գրիչով են գրում` թղթի վրա: Ես չեմ կարողանում տեքստը շարունակել, երբ թղթի վրա ջնջում կա, իսկ առանց ջնջումների հնարավոր չէ, առանց խմբագրման պարզապես չի ստացվում: Երեւի ես պերֆեկցիոնիստ եմ, սիրում եմ, երբ ամեն ինչ մաքուր տեսք ունի, խնդիրն իմ մեջ է:
Գրիգը
- Փաստորեն չստացված տեքստերը չես նետում աղբարկղը` ինչպես ֆիլմերում:
- Նետում են, բայց ոչ` ինչպես ֆիլմերում, պարզապես՝ delete եմ անում, եթե շատ եմ ջղայնացած` shift + delete:
- Գրելը մասնագիտությո՞ւն է:
- Այո, եւ շատ կարեւոր է, որ գրողը հենց գրելով փող վաստակի, այդ դեպքում, իմ կարծիքով, կդառնա պրոֆեսիոնալ, իմ պատկերացրած պրոֆեսիոնալը: Իսկ այսօր, ցավոք, գրողների հիմնական աշխատանքը կամ ապրուստի միջոցը գրելը չէ. Հայաստանում այդպես է:
- Մարդիկ կան, ովքեր «Ֆեյսբուք»-ում երկար գրառումներ են անում, ու իրենց թվում է, թե գրող են: Այդպե՞ս է:
- Չեմ կարող ասել. ես այդպես չեմ անում:
- Նիկոլ Փաշինյանի գիրքն ընդունվե՞ց գրողների կողմից:
- Ունենալ գրող-վարչապետ կամ վարչապետ-գրող, ինչպես ուզում եք, երջանկություն է ժամանակակից գրողի համար, առհասարակ, գրքի հանրահռչակման տեսանկյունից խիստ կարեւոր է: Թվում է, թե մանրուք է, բայց արժեհամակարգ է ձեւավորում:
Գրիգը
- Մեզ հայտնի գրողները դպրոցական դասագրքերից հայտնի են որպես անապահով, աղքատ, հիվանդություններ ունեցող մարդիկ: Հիմա էլ գրողներն այդպիսի՞ն են:
- Հիվանդությունը, ես կընդլայնեմ՝ ցավը, երեւի գրելու, ստեղծագործելու շարժիչ ուժն է, ինձ մեկ-մեկ թվում է՝ ցավը գրողի տեսնող աչքն է, բայց ցավը նման է կրակի, կրակ կա, որից հետո բուսականությունն ավելի լավ է աճում, իսկ կրակ էլ կա, որից հետո ոչինչ չի աճում:
- Ինչո՞ւ վերացան գրողների սկանդալային կերպարները:
- Երեւի գրողի այդ կերպարն այլեւս հետաքրքիր չէ եւ առաջին հերթին հետաքրքիր չէ հենց գրողների համար: Հիմա փակ տիեզերքների ժամանակն է, դու՝ ինքդ, դու՝ քո մեջ:
- Ինչպե՞ս եք գրում 500 էջանի վեպ, եթե չեք խմում:
- Դրա համար էլ հիմա ոչ ոք 500 էջանոց վեպ չի գրում:): Իսկ եթե լուրջ՝ հարբած գրել իմ դեպքում չի ստացվում, կամ խմել չգիտեմ, կամ գրել:
- Լսե՞լ ես, որ մարդիկ ասում են՝ «տեսնես` ինչ ա ծխել, որ էս գրել է»: Գրողները օգտագործո՞ւմ են թմրանյութեր, որ գրեն:
- Այդ արտահայտությունն ինչքան լսել եմ, բացասական երանգ է ունեցել, կարծում եմ՝ առանց թմրանյութի էլ է հնարավոր խայտառակ տեքստ ստեղծել, իսկ արդյո՞ք գրողներն օգտագործում են թմրանյութ գրելու համար, չեմ կարող ասել, ամեն մարդ, ոնց ասում են, իր գրողական խոհանոցն ունի:
- Վիրավորական չէ՞, երբ ասում են, որ Չարենց չես դառնա, Տերյան չես դառնա:
- Չարենցին ու Տերյանին էլ ժամանակին, այլ գրողների անուններ տալով, նման «ախտորոշում» դնողները քիչ չեն եղել: «Ախտորոշում» տվողներին չեմ սիրում:
Գրիգը
- Ինչպե՞ս եք անցկացնում ազատ ժամանակը: Հանդիպո՞ւմ եք գրողներով:
- Դե, մենք չենք մեռնում արեւի լույսից, ինչպես ոմանց թվում է, եւ բոլորի պես սիրում ենք ընկերներով հավաքվել ու «տժժալ»:
- Կարելի՞ է արտատպել որեւէ գրողից:
- Հարգանքի արժանի գործ չէ:
- Ինչո՞ւ է սեքսի ու էրոտիկայի մասին գրելը միշտ սկանդալային:
- Սկանդալային է, որովհետեւ անսովոր է, երբ սովորական դառնա, այլեւս սկանդալային չի լինի: Սոցիումի մասին շատ բան հուշող ցուցիչ է:
- Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր երկմտում են` գնել 1 կիլոգրամ միս, թե 1 հատ գիրք:
- Այդպիսի մարդու դեռ չեմ հանդիպել, որ հանդիպեմ, մի բան կմտածեմ, կոմպրոմիսի կգանք, չեմ կասկածում:
Զրուցեց Տիգրանուհի Մարտիրոսյանը
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: